ՀՀ փոխվարչապետի աշխատանքային այցը` Լոռու մարզ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լոռու մարզ: Փոխվարչապետը, մարզպետ Արամ Քոչարյանի, «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ուղեկցությամբ եղավ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Սպիտակի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցներում:
Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ Ա. Գեւորգյանին տեղում ներկայացվեցին նախագծերը, անհրաժեշտ ենթակառուցվածքների (գազատար, ջրագիծ) տեղափոխման եւ նոր նախագծերին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ծրագրի իրականացման ընթացքում համայնքների ղեկավարների հետ համատեղ աջակցել շինարարական կազմակերպություններին` առաջացող խնդիրների լուծման հարցում եւ հույս հայտնեց, որ վերջիններս իրենց աշխատանքները կկատարեն որակով ու սահմանված ժամկետներում:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոց, որը վերակառուցվել է «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության նախորդ ծրագրով եւ շահագործման հանձնվել 2008թ-ին: Արձանագրվեց, որ դպրոցի պահպանումն իրականացվում է բավարար մակարդակով:
Աշխատանքային այցի շրջանակում փոխվարչապետը եղավ Ստեփանավանում, որտեղ արդեն ավարտին է մոտենում երեք կիսակառույց բնակելիների շինարարությունը, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 380 մլն դրամ: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, ներկայումս կատարվում են բարեկարգման աշխատանքներ, եւ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ ընդհանուր առմամբ 42 բնակարան կհատկացվի երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ստեփանավանի Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայր, ծանոթացավ հարստացուցիչ ֆաբրիկայի, ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ընթացքին: Հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲ ընկերության ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 35 մլն դոլար է: Նոր ֆաբրիկան, որի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ, կունենա տարեկան մինչեւ 800 տոննա ոսկի-բազմամետաղային հանքաքար մշակելու հնարավորություն: Փոխվարչապետին ներկայացվեցին կառուցված եւ հիմնական սարքավորումներով համալրված` հանքաքարի հետազոտման եւ այլ լաբորատորիաները, ֆաբրիկայի էլեկտրոնային կառավարման համակարգը: Նշվեց, որ թե’ լաբորատորիաները, թե’ ֆաբրիկան հագեցվելու են լավագույն եւ ամենաարդիական սարքավորումներով:
Փոխվարչապետը ծանոթացավ Ստեփանավանի մշակույթի տան շինարարական աշխատանքների ընթացքին: Մշակույթի տան կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 500 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել տարվա ընթացքում: Տունը կունենա նաեւ հանդիսությունների մեծ սրահ: Քննարկվեցին գույքի եւ կահավորման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Ստեփանավանի քաղաքային մարզադպրոցի շինաշխատանքերին: Դպրոցի վերակառուցման աշխատանքներն սկսվել էին պետբյուջեի, ավարտին են մոտենում Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի:
Ստեփանավանի քաղաքապետարանում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին համայնքային բյուջեների հետ կապված հարցեր: Ներկայացվեցին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2010թ. առաջին 5 ամիսների ցուցանիշները: Փոխվարչապետը հորդորեց պահպանել սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, ինչպես նաեւ շարունակական աշխատանքներ տանել` համայնքային հիմնարկների աշխատավարձերի պարտքերը մարելու եւ նորերը չկուտակելու ուղղությամբ: Քննարկվեցին նաեւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ կադաստրային խնդիրներին առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում կառավարությունը կընդունի որոշում, որով կերկարաձգվեն առաջին պետական գրանցման ժամկետները, եւ սեփականության իրավունքի գրանցում չիրականացրած բնակիչներին անվճար պետական գրանցման հնարավորության կտրվի: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել