HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Շահութաբեր է Թերթի ունեցած տեղեկություններով` ամերիկահայ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսչյանն անցած շաբաթ ավարտել է «Արմենիա» հեռուստաընկերությունում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասի վաճառքի գործարքը և ստացել 25 միլիոն ԱՄՆ դոլար: Այս փայամասը անցել է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի վերահսկողության տակ: Վերջին 10 տարիներին Գաֆեսչյանը, ում հանրությունը վերաբերվում է որպես բարերարի, Հայաստանում ծավալած գործունեության արդյունքում առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ է ստացել: Գործընթացը մեկնարկեց Ինտերնետային ծառայություններ մատուցող «Էքստերներ» ընկերությունը գործնականում դադարեցրել է գործունեությունը, իսկ տնօրենը Հայաստանից հեռացել է անհայտ ուղղությամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն` այդ ընկերության սեփականատերը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է: «ՉԻ» - «Փողերն առնել-թռնելու» դեպքերն օրեցօր ավելի ու ավելի հաճախակի են դառնում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Բայց չկարծեք, թե այդ ընկերության տնօրենը Գագիկ Բեգլարյանին է «քցել»: Ամենևին: Քաղաքապետն ի վերջո կհայտարարի, որ բացարձակապես կապ չունի ընկերության հետ, դրանք «ստոր հերյուրանքներ» են, և արդյունքում կստացվի, որ «քցված» վիճակում են ընկերության մոտ 400 բաժանորդներ, ովքեր նախապես վճարել են ու հիմա ինտերնետ չունեն: Ընդ որում, «Կոտոշներ և սմբակներ» ընկերության զից-նախագահ Ֆունտի «ինստիտուտի» իմաստը հենց այն է, որ քավության նոխազ դառնան անկապ մարդիկ, իսկ իրական մեղավորները որևէ պատասխանատվության չենթարկվեն: Հ.Գ. Հետաքրքիր է` Երևանի քաղաքապետարանի պահուստային ֆոնդում նման իրավիճակների համար նախատեսված գումարներ կա՞ն: Տեղափոխվել են մասնավոր բժշկական բուհեր Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի գործունեության արդյունքում վերջին տարիներին բազմաթիվ ամբիոններ են փակվել, այդ թվում` մանկական քաղցկեղի ամբիոնը օնկոլոգիայի ինստիտուտում, որը տեղափոխվել է Մուրացանի բժշկական հոսպիտալ, իսկ մանկական օնկոլոգիայի բաժինն առհասարակ փակվել է: Քյալյանը հայտարարել է, որ երեխաների բաժինը փակվել է, քանի որ կա մեծահասակներինը, իսկ քաղցկեղի բուժման մեթոդները բոլոր տարիքային խմբերում նույնն են: Մասնագետները, այդ թվում` մանկական քաղցկեղաբան Գրիգոր Բադալյանը, հակառակը, նշում են, որ մեծահասակների և երեխաների մոտ քաղցկեղը բուժման բոլորովին այլ մեթոդներով է իրականացվում: Ոլորտի մասնագետները պնդում են, որ բժշկական համալսարանից հեղինակավոր պրոֆեսորադասախոսական կազմը Քյալյանի գործունեության արդյունքում տեղափոխվել է մասնավոր բժշկական բուհեր: Ինքն իրեն և ազգին ծառայող սերունդ «Նույնիսկ, երբ միտինգավորները  հայհոյում էին պատգամավորներին, ես դրանից էլ էի ուրախանում, մտածում էի` լավ է, որ այսպես մեծ ջանքերով լեզուն են պաշտպանում: Որովհետև, ըստ էության, ազգերը պետություններ են ստեղծել` հենց լեզուն ու հողը պաշտպանելու համար: Հայաստանը հող չունեցող երկիր է, և ունեցած հողն ու լեզուն մեկ արժեք են դարձել, պիտի, իհարկե, կանգնել և լուրջ վերաբերվել: Դրա համար էլ ասում ենք, որ մեր առաջարկությունը կներկայացնենք: Կարծում եմ` առաջին ընթերցումից հետո անհրաժեշտ է լսումներ անցկացնել: Լսումներ անցկացնում ենք ոչ թե որովհետև որոշ սկզբունքներ չենք ընդունել, այլ որ մարդիկ ավելի լավ ձևակերպումներ տան: Ինչքան հարցը քննարկվում է, այնքան նոր առաջարկություններ և նոր ձևակերպումներ են առաջ գալիս: Գաղափարը մեկն է` ուզում ենք ունենալ նոր սերունդ, որը հնարավորինս կկարողանա և իրեն իրացնել աշխարհում, և ազգին ծառայել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ոչնչացնում են առողջ գաղափարը Գազի սակագնի հետ կապված խնդիրները ուսումնասիրելու համաար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Դաշնակցության առաջարկը առաջացրել է արմատականների դժգոհությունը: «Մասնավորապես, զուգահեռներ են անցկացվում «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի հետ. մարդիկ, որ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով հրաժարվեցին մասնակցել «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հետագայում փորձեցին մեղադրել նրանց, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ օգտակար լինել մարտիմեկյան դեպքերի լիարժեք բացահայտմանը: Սա ոչնչացման քաղաքականություն է, որի նպատակն է կործանման տանել ցանկացած առողջ գաղափար, որ ծնվում է հասարակության մեջ»,- թերթի թղթակցին ասել է Արծվիկ Մինասյանը: Հայկական եռագույնի տոն մայրաքաղաքում Երեկ մայրաքաղաքի փողոցներում «քայլում, պարում, երգում» էր հայոց եռագույնը: Կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով հագուստներով հայ երիտասարդները, այդ թվում` տարբեր բուհերից ուսանողներ, պարային համույթներ, սփյուռքահայ երիտասարդներ տոնում էին Հայկական դրոշի օրը` հունիսի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter