Տնօրենը հիմնական կրթության կեղծ վկայականներ է հանձնել
ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից թիվ 79 միջն. դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Արամ Սարգսյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, դրանք ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, հիմնական կրթության վկայականների բախշման մատյաններում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանների դասամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Նշված փաստի կապակցությամբ հունիսի 14-ին Շենգավիթ համայնքի դատախազությունում Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի և 314 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել