Ընդունելության քննությունները կարելի էր ավելի խաղաղ պայմաններո՞ւմ անց կացնել
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը համարում է, որ ընդունելության քննությունների ընթացքում ծագած վեճերն ու լարված իրադրություններն արհեստածին էին. «Այդ լարված իրավիճակներում հնարավոր է, որ կար իմ, ձեր մեղավորությունը, սակայն ի՞նչ իմաստ ունի երեխաներին նախապես գրգռել, երբ նրանք դեռ քննություն են հանձնում: Ցանկացած հարց հնարավոր է հանգիստ կերպով լուծել ե՛ւ երեխաների օգտին, ե՛ւ արդարության սկզբունքներով: Ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են ինտրիգներ, հասկանան, որ մենք գործ ունենք երեխաների հետ»,- նշում է Մանուկ Մկրտչյանը:
ԿԳ փոխնախարարը հայտարարեց նաեւ, որ հայոց լեզվի եւ գրականության քննության գնահատականների բարձրացումներ կլինեն, սակայն ոչ մեծ ծավալներով. «Թեստերի հեղինակները, մասնագետներն ու քննադատները կվերանայեն այն առաջադրանքները, որոնք բոլորի կարծիքով էլ վիճելի են: Նախատեսվում է վերանայել ոչ բոլոր, այլ ընդամենը 3-4 առաջադրանքներ, որոնք էլ դիմորդների գնահատականը կբարձրացնեն 0,5-1 բալով։ Այնպես որ, 3-4 բալի բարձրացման հույսեր չարժե փայփայել»: Իսկ վերստուգումների արդյունքների պաշտոնական տվյալները պարզ կլինեն հունիսի 23-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել