Ձեռքի գնդակի մրցաշարում հաջողությունը լոռեցիների կողմն է
Հունիսի 15-ին Ալավերդու քաղաքապետարանի Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում սկսվել է Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակին նվիրված ձեռքի գնդակի մրցաշար, որի կազմակերպիչը Ալավերդիի քաղաքապետարանն է: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր` Երևանի Աջափնյակ, Շենգավիթ թաղապետարանների մարզադպրոցների 2 թիմեր և Վանաձորի ու Ալավերդու մարզադպրոցների ձեռքի գնդակի հավաքական թիմերը:
«Երկօրյա մրցաշարային պայքարում հլա որ հաղթում է Ալավերդիի մարզադպրոցի ձեռքի գնդակի հավաքականը: Արդեն 2 թիմերի հետ խաղացել ենք և երկուսին էլ հաղթել ենք»,- ասաց Ալավերդիի մարզադպրոցի ձեռքի գնդակի թիմի մարզիչ Աշոտ Հակոբյանը:
Այս պահի դրությամբ երկրորդ տեղում է Աջափնյակ թաղապետարանի ձեռքի գնդակի թիմը, որին այսօր 19:14 հաշվով պարտության է մատնել Ալավերդիի թիմը: Վանաձոր – Շենգավիթ խաղում եւս հաղթել են լոռեցիները:
«Բոլորը պատրաստված թիմեր են: Վաղը` հունիսի 17-ին, մեր թիմը խաղալու է Վանաձորի հավաքականի հետ, որից հետո հայտնի կդառնա մրցաշարի հաղթողը: Դրանով էլ կավարտենք մրցաշարը»,- տեղեկացնում է Աշոտ Հակոբյանը:
Ալավերդիի քաղաքապետարանի Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցի ձեռքի ինդակի թիմը ունի լուրջ ավանդույթներ: Մարզադպրոցում ձեռքի գնդակ մարզաձևը ստեղծվել և զարգացել է խորհրդային տարիներին հանրապետությունում հանրահայտ ձեռքի գնդակ մարզաձևի մարզիկ, խորհրդային տարիներին ՀՀ ձեռքի գնդակի հավաքականի, ապա ԽՍՀՄ ձեռքի գնդակի հավաքականի անդամ Օլեգ Գորբունովի ջանքերով: Եվ պատահական չէ, որ մարզադպրոցը կոչվել է նրա անունով:
Առաջին ձեռքի գնդակի թիմը նրա կողմից ստեղծվել է 1968-69 թվականներին. «Ես անձամբ նրա սաներից եմ: Նրա գործը շարունակում ենք, և աշխատում ենք նրա անունը բարձր պահել: Ընդամենը 5 օր առաջ ենք վերադարձել ձեռքի գնդակի Հայաստանի առաջնությունից և գրավել ենք 2-րդ տեղ: Պարտվել ենք Կենտրոն համայնքի ձեռքի գնդակի մասնագիտացված դպրոցի հավաքական թիմին, որտեղ շատ մարզիչներ են թիմի հետ աշխատում և պարտվել ենք ընդամենը 2 գնդակով»,- ասաց Ալավերդիի թիմի մարզիչը:
Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ թիմը մշտապես ստանում է Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանի աջակցությունը, սակայն թիմը հանրապետության սահմաններից դուրս մրցաշարերի մասնակցելու և թիմի մարզական վիճակն էլ ավելի կատարելագործելու համար զգում է ավելի մեծ հովանավորության կարիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել