HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարձյալ անկախության, քաղաքացու ազատության ու պաշտպանվածության մասին

Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 20-ամյակը:  Դա հարմար առիթ է անկախության գաղափարը վերստին իմաստավորելու համար:  Մամուլում, սոցիալական ցանցերում եւ այլուր խնդրո շուրջ ընթացող քննարկումների դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակության ակտիվ հատվածին, նախեւառաջ, հուզում են հետեւյալ երկու հարցերը. արդյո՞ք իրական է ՀՀ անկախությունը, եւ ո՞րն է անկախության իրական արժեքը:

Բավականին տարածված կարծիք է, որ ընդհանրապես անկախությունը կեղծ գաղափար է եւ իրականում ոչ մի երկիր լիարժեք անկախ չէ, քանզի բոլոր երկրները այս կամ այն կերպ կախված են միմյանցից: Շատերն էլ նշում են, որ իրականում անկախ կարող են լինել միայն տնտեսապես եւ ռազմական ուժի առումով գերհզոր պետությունները: Բնական է, որ ըստ վերոնշյալ երկու տեսակետների կողմնակիցների, ՀՀ-ն չի կարող անկախ պետություն լինել:

Հասարակության մի մասն էլ, թեեւ համոզված է, որ անկախ լինելու համար գերհզոր պետություն լինելը պարտադիր պայման չէ, նշում է, որ ՀՀ-ն de facto անկախ չէ կամ էլ, լավագույն դեպքում, գտնվում է անկախության կորստի եզրին: Սրա պատճառների շարքում նշվում են առողջ էլիտայի բացակայությունը, հասարակության լայն զանգվածների շրջանում անկախության արժեքի չգիտակցումը, Ռուսաստանից կախված քաղաքական ուժերի կողմից իշխանության բռնազավթումը եւ այլն:

Վերջապես` հասարակության մի հատված էլ նշում է, որ չնայած գերհզոր աշխարհաքաղաքական սուբյեկտներից որոշակի կախվածության առկայությանը, Հայաստանը, այնուամենայնիվ, անկախ պետություն է, քանզի ունի անկախ երկիր լինելու համար անհրաժեշտ բոլոր ֆորմալ հատկանիշները` որոշակի տարածք, մշտական բնակչություն, կառավարման ինստիտուտներ, բանակ եւ այլն: 

Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում անկախության գաղափարը կարեւորողների մեծամասնության համար անկախությունն այն է, երբ մի էթնիկ խումբ` չգտնվելով որեւէ այլ էթնիկ խմբի կամ պետության տիրապետության, ենթակայության տակ, ունենում է սեփական պետությունը։ Այսինքն` ըստ այդ տեսակետի, օրինակ,  քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետության «տիտղոսային ազգը» էթնիկ հայերն են, ուրեմն ՀՀ-ն վերջիններիս անկախ պետությունն է։

Դատելով այդ տրամաբանությունից, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող եզդիների, մոլոկանների, հույների եւ ազգային մյուս փոքրամասնությունների համար ՀՀ անկախության քսանամյակը տոն չպետք է լինի, քանզի նրանք այս պետության «տիտղոսային ազգը» չեն։ Ընդհանրապես` այդ տրամաբանությամբ, օրինակ, Չինաստանի անկախությունը պետք է տոնեն միայն հաները, Մեծ Բրիտանիայինը` միայն անգլիացիները, ԳՖՀ-ինը` էթնիկ գերմանացիները եւ այլն։ Այդ տրամաբանությամբ` ՉԺՀ անձնագիր պետք է տրվի միայն հաներին, Մեծ Բրիտանիայի թագավորության անձնագիր՝ անգլիացիներին, Գերմանիայի հանրապետության անձնագիր՝ էթնիկ գերմանացիներին եւ այդպես շարունակ։ Սակայն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ազգայնամոլություն, ֆաշիզմ։

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում անձնագիր ունեցողն է պետության տերը, այսինքն՝ քաղաքացին, եւ անկախությունը նրա տոնն է։ Իսկ անձնագիր ստանում են նրանք, ովքեր կիսում են կոնկրետ քաղաքական հանրույթում հաստատված «հիմնարար խաղի կանոնները», ովքեր պատասխանատվություն են ստանձնում հարգելու դրանք, հանրային կյանքում առաջնորդվելու դրանցով: Եվ այստեղ ոչ մի կապ չունի, թե անձնագիր ստացողը մաշկի ինչ գույն կամ աչքերի ինչպիսի կտրվածք ունի եւ այլն:

Անկախ են լինում միայն քաղաքական ազգերը, այսինքն` այն հանրույթները, որոնք կարողանում են համակեցության ընդհանուր կանոններ հաստատել եւ դրանց հիման վրա ինքնակառավարվել որոշակի տարածքի ներսում։ Քաղաքական ազգ դառնում են, այլ ոչ թե ծնվում։ Պետական անկախության տոնը կարող են նշել միայն քաղաքական ազգերը: Դա քաղաքական ազգի յուրաքանչյուր անդամի տոնն է` անկախ նրա էթնիկական, կրոնական եւ այլ պատկանելիությունից:

Այսօր հաճախ է խոսվում, որ հայ ժողովուրդը պետք է մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ տոնի Անկախության քսանամյակը: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ շատերը չունեն այդպիսի տրամադրություն: Երկրի իշխանությունները հասկանալ են տալիս, որ դրան խանգարում է հայ հասարակությունում փոխադարձ վստահության մթնոլորտի բացակայությունը: Սակայն փոխադարձ վստահություն լինում է այն ժամանակ, երբ քաղաքացիները հավասար են իրենց իրավունքներով եւ հավասարաչափ պաշտպանված են պետության կողմից: Ընդհանրապես` արդի աշխարհում անկախության հիմնական արժեքը մարդու ազատության եւ պաշտպանվածության ապահովումն է անկախ պետության կողմից: Հակառակ դեպքում այն իմաստազուրկ է եւ անարժեք, մեծ տարբերություն չկա, թե ով է քեզ հալածում՝ քո էթնիկ խմբի ներկայացուցիչը, թե ուրիշ մեկը: Ուրեմն` միայն ազատ ու պաշտպանված քաղաքացիներով է պետությունն անկախ, միայն այդպիսի քաղաքացիները կարող են սրտանց տոնել Անկախության տոնը:  

Էդգար Վարդանյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter