HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ուժերի վերադասավորություն Հարավային Կովկասում.

Հայաստանն ու ԼՂՀ-ն փորձում են պահպանել խաղաղությունն ու կայությունը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մեր տարածաշրջանում 3 կարեւոր միտումներ է նկատում: 1. Սպառազինության  մրցակցություն: Հայաստանը հարկադրված է ավելացնել իր ներդրումները անվտանգության ոլորտում, քանի որ հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը տարեցտարի ավելացնում են ռազմական ծախսերը: 2. Տարածաշրջանային անկայություն: Այն նկատելի է դարձել 2008 թվականի օգոստոսին Վրաստանի պատերազմից հետո: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանը միակն է տարածաշրջանում, որ ցանկանում է եւ ներդրումներ է կատարում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Սակայն Ադրբեջանն ու Վրաստանը դեմ են Ղարաբաղի «ստատուս քվո» կարգավիճակին: Փորձագետը նշեց, որ տարածաշրջանում անվտանգության ամենամեծ սպառնալիքը գալիս է Ադրբեջանից: 3. Ռազմական ուժերի հավասարակշռության փոփոխությունը: Ներկայումս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ուժերը ամենահզորն են տարածաշրջանում, սակայն չի բացառվում, որ ուժերի հավասարակշռությունը փոխվի հօգուտ Ադրբեջանի: Սակայն այդքան էլ շուտ չի տեղի ունենա, Կիրակոսյանի կանխատեսմամբ` լավագույն դեպքում 8-10 տարի է անհրաժեշտ Ադրբեջանին, քանի որ այդ երկրի Պաշտպանության նախարարությունը դարձել է կոռուպցիայի կենտրոն: Սեյրան Օհանյանը` պատերազմին մասնակցած տղամարդ, իսկ Սաֆար Աբիեւը` ռազմական ֆիլմեր դիտող «Իմ կարծիքով` այդքան էլ կարեւոր չէ, թե Ադրբեջանը որքան փող է ծախսում ռազմական ոլորտում, կարեւոր է, թե ինչպես է այդ գումարը  ծախսվում, այդքան ներդրումներից հետո մենք այդպես էլ Ադրբեջանի բանակում իրական բարեփոխումների ականատես չեղանք»,- այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասաց կենտրոնի տնօրենը: Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին` Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ եթե Սեյրան Օհանյանը պատերազմի միջով անցած տղամարդ է, ապա Սաֆար Աբիեւի ռազմական փորձը սահմանափակվում է ռազմական ֆիլմերի դիտումով: «Նա աշխարհի բացառիկ պաշտոնյաներից է, որ այդքան երկար պաշտոնավարում է որպես նախարար, դա պայմանավորված է կոռուպցիայով»,- կարծում է փորձագետը: Համեմատելով հայ եւ ադրբեջանցի զինվորներին` Ռիչարդ Կիրակոսյանը հիշեցրեց ամերիկացի փորձագետների գնահատականը, ըստ որի` տարածաշրջանում նախկին սովետական երկրներից ՀՀ եւ ԼՂՀ զորքերն ամենահզորն են: «Հայաստանում վաղուց են հասկացել, որ ուժը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է: Հայաստանը եւ Ղարաբաղը 21-րդ դարի պատերազմի են պատրաստվում, Ադրբեջանը` 19-րդ»: Հունիսին ընդունված Ադրբեջանի ռազմական դոկտրինը Ռիչարդ Կիրակոսյանը որակում է «հեքիաթային, իրականությունից կտրված փաստաթուղթ»: Այնուամենայնիվ, փորձագետը նշում է, որ Ադրբեջանն ավելի շուտ է սկսել կառուցել իր ռազմական անվտանգությունը, այժմ էլ ներդրումներ է կատարում Պակիստանի արբանյակում տարածք վարձակալելու համար, որտեղից հնարավորություն կունենա հետեւելու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերին: Կիրակոսյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը մերժել էր իր արբանյակում տարածք վարձակալելու Ադրբեջանի խնդրանքը: Վերջերս Ադրբեջանի  բանակում զոհվել էին 7 զինվորներ եւ մեկ սպա: Պատճառը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, դժբախտ պատահարը չէր, այլ կրկին կոռուպցիան էր, քանի որ հարեւան երկրի բանակում հին ռազմական տեխնիկան նախ ներկայացրել են իբրեւ նոր եւ հսկայական գումարներ են գրպանել: Այնուհետեւ հինը նորից չտարբերակելու պատճառով վթար էր տեղի ունեցել եւ զինվորականներ  էին զոհվել: Բանակում իրական բարեփոխումների բացակայությունը Ռիչարդ Կիրակոսյանը պայմանավորում է Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությամբ: «Հեյդար Ալիեւը իր որդուն պատրաստել էր երկրի նախագահությունը ստանձնելու համար: Եւ այդ «շեքսպիրյան ողբերգության» առաջին դասն այն էր, որ նախագահի աթոռի ամենամեծ սպառնալիքը գալիս է բանակից»,- հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` հայկական բանակը հասարակության մեջ ընկալվում է որպես ամենահարգված կառույցներից մեկը, իսկ ադրբեջանցիները գիտեն, որ իրենց զինվորներից շատերը մահանում են սովից եւ սրտից, որ բանակում սպանության եւ ինքնասպանության դեպքեր են լինում: «Եթե Ադրբեջանը իրական բարեփոխումները սկսի հենց վաղը, ապա դա կտեւեի առնվազն 8-10 տարի, այս ժամանակը Հայաստանին հնարավորություն կտա պատրաստ լինել այդպիսի բանակին դիմակայելու»,- եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը: Ադրբեջանը չի կարող ինքնուրույն պատերազմ սկսել ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ միայն բանակները չեն ուժերի հավասարակշռությունը որոշում, առավել կարեւոր է աշխարհաքաղաքական շահերն ու դասավորությունները: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրական պետություն է, բայց աշխարհը չի ճանաչում այդ իրականությունը, փոխարենը ճանաչում է Ադրբեջանի` ուժ կիրառելու իրավունքը: Սակայն Ադրբեջանը չի կարող ինքնուրույն պատերազմ սկսել, իսկ որեւէ պետություն դեռեւս պատերազմելու քաղաքական հնարավորություն չի տալիս Ադրբեջանին»,- ասում է Մանվել Սարգսյանը: Իրադրություն, սակայն, կարող է փոխվել, եւ արդյունքում կամ Ադրբեջանին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ կիրառելու իրական հնարավորություն կտրվի կամ ուժ կիրառելու իրավական հիմքը կվերացվի: Փորձագետը նշում է, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման դեպքում Ադրբեջանի` ուժ կիրառելու իրավունքը կվերացվի: Բանախոսի կարծիքով` Սովետական Միության փլուզումից հետո Թուրքիան կորցրել է Ռուսաստանին զսպողի իր դերը, սակայն ՆԱՏՕ-ից ստացված աջակցության շնորհիվ փորձում է վերականգնել իր դիրքերը աշխարհում, ինչը դուր չի գալիս Եվրոպային: «Հետաքրքիր է, որ առաջինը Իսրայելը առաջինն էր, որ հասկացավ Թուրքիայի ցանկությունները տարածաշրջանում: Իհարկե, դժվար է զսպել Թուրքիայի նման երկրին: Ինչպես վարչապետը հայտարարեց` Թուրքիան ոչ մեկի կարծիքի հետ հաշվի չի նստում»,- ասում է ՌԱՀՀԿ փորձագետը: Մանվել Սարգսյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունները ճիշտ կեցվածք ընդունեցին այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում էր Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Ղարաբաղի հարցի վերաբերյալ: «Իշխանությունները, վտանգը հասկանալով, ցույց տվեցին, որ Հայաստանը լուռ չի նստի, եթե իր թիկունքում պայմանավորվածություններ լինեն Ղարաբաղի վերաբերյալ: Բրյուսելում Սերժ Սարգսյանի հայտարարությամբ ՆԱՏՕ-ն բացահայտ հրավիրվեց միջամտելու` հնարավոր պատերազմի դեպքում»: Թուրքիան զիջել է տարածաշրջանում իր դիրքերը Իսրայելին ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ Լեւոն Հովսեփյանն էլ անդրադարձավ Թուրքիայի ներքին քաղաքականությանը, ռազմական ուժեր-քաղաքացիական իշխանություն հակամարտությանը: Բանախոսը նշեց, որ Թուրքիան ձգտում է դեպի Արեւմուտք, այդ պատճառով էլ կառավարությունը փորձում է նվազեցնել զինվորականների դերակատությունը քաղաքական որոշումներում: «Վերջին տարիներին այդ միտումը զգացվում է, մի շարք հարցերի վերաբերյալ Թուրքիայում առկա են 2 մոտեցումներ` կառավարության եւ զինվորականության: Չնայած կատարված բարեփոխումներին` զինվորակնները, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունեն քաղաքական որոշումների վրա»,- կարծում է փորձագետը: Լեւոն Հովսեփյանի խոսքով` Թուրքիան փորձում է տարածաշրջանում անվտանգության ապահովողի դերը ստանձնել, նա մեծ ներգրավվածություն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի բանակի բարեփոխումներում: Իսկ Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ներկայումս Վրաստանի եւ Ադրբեջանի համար ռազմական ամենաակտիվ դերակատարը Իսրայելն է: Թուրքիան զիջել է իր դիրքերը, քանի որ թուրք զինվորականները բարձրաձայնում են Ադրբեջանի ռազմական ոլորտում առկա կոռուպցիայի մասին, բացի դրանից` թուրք զինվորականները փորձում են ադրբեջանցիներին թուրքական մոդելով վերապատրաստել, որտեղ զինվորականությունը մեծ ազդեցություն ունի երկրի քաղաքականության վրա, ինչը դուր չի գալիս Ադրբեջանի նախագահին: Ամփոփելով խոսքը` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այնուամենայնիվ, անկայուն, թույլ եւ անկանխատեսելի Ադրբեջանը ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան եթե նա լիներ կայուն եւ պրոֆեսիոնալ ռազմական երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter