HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Խոսրովն արգելոց է միայն բնության բարեկամների համար

Մի քանի օր առաջ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների միջոցով ահազանգեց այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում վերսկսվել է «ռեստորանաշինությունը»: Հիշեցնենք, որ այնտեղ շինարարական աշխատանքները սկսվել են դեռ մեկ ու կես տարի առաջ, սակայն մամուլի հրապարակումներից եւ բնապահպանների քննադատությանն արժանանալուց հետո դադարեցվել էին:

Ահազանգից երկու օր հետո բնապահպանության նախարարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ «Գիլան» արգելավայրում կատարվող շինարարությունն օրինական է: 2007 թ. Կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը, իսկ 2007-ի հոկտեմբերի 18-ին «ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 30-ի N 925-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին N1203-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարվել է լրացում, համաձայն որի` «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչեւ 60 տարի ժամկետով:

Գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչեւ 10 տարի, խոտհնձի համար` 5 տարի ժամկետով: Հայաստանում, սովորաբար, օրենքներն ու որոշումները համապատասխանեցվում են նրանց շահերին, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում պետական մարմիններում կամ լավ կապեր ունեն այդ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Գիլան» պետական արգելավայրում շինարարություն իրականացնողը «Հովազաձոր» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է 2007 թ. սեպտեմբերին: Ընկերության հիմնադիրները Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովն են: Կամո Խաչատրյանը ծնունդով Արարատի մարզի Ոստան գյուղից է: Բնակվում է Մոսկվայում:

Ոստան գյուղի բնակիչներն ասում են, որ նա մեծահարուստ է եւ կապեր ունի Ռուսաստանի կառավարական շրջանակների հետ: Իսկ Հայաստանի Կառավարության պաշտոնյաների հետ նրա կապերը պակաս սերտ չեն. Կամո Խաչատրյանի որդու քավորը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Ի դեպ, վերոնշյալ որոշումների տակ կա նաեւ նրա ստորագրությունը` որպես ՀՀ փոխվարչապետ: Հունիսի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեղեկատվությունը բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց` նշելով, որ պայմանագրում գրված է, որ վարձակալությունն իրականացնում է «Հովազաձոր» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մինասյանը:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը պնդում է, որ Կառավարության այս որոշմամբ խախտվել է Օրհուսի պայմանագրի այն կետը, ըստ որի. «Կանաչ վայրերում շինարարություն չի կարող կատարվել` առանց հանրային լսումների եւ հանրային կարծիքը հաշվի առնելու»: Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հավատացնում է, որ շինարարությամբ չի խախտվում «Խոսրովի անտառ» արգելոցի էկոհամակարգը:

«Շինարարությունն առանձին արգելավայրում է կատարվում եւ ոչ մի կապ չունի արգելոցի հետ»,- ասում է նա: «Գիլան» արգելավայրը ստեղծվել է ոչ թե Գիլանլար գյուղի տարածքում, այլ Բայբուրդի` հենց Խոսրովի արգելոցի կենտրոնական հատվածում»,- ասում է «էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Բանվորներն արդեն շինության երկրորդ հարկն են կառուցել: Որքան էլ ձեւական ասեն, թե դա առանձին հատված է, շինարարությունը հենց արգելոցի սրտում է կատարվում: Այնտեղ արջի որջեր, կենդանիների բներ կան»,- հավելում է Մարիամ Սուխուդյանը: Լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ «Գիլան» արգելավայրում ոչ թե ռեստորաններ, այլ «նախագիծ եւ հեռանկարային նպատակ ունեցող հանգստյան տներ են կառուցվում, որոնք ուղղված են էկոլոգիական տուրիզմի զարգացմանը»:

«Եթե դա լինելու է էկոտուրիզմի զարգացման համար, ապա ստացված եկամուտները պետք է ծախսվեն էկոլոգիայի վրա: Ուրեմն ի՞նչ շահ ունի այդ հանգստյան տների վարձակալողը»,- հակադարձեց Ինգա Զառաֆյանը: Արամ Աղասյանը պատասխանեց, թե վարձակալողի եկամուտը ստացվելու է ծառայությունների մատուցումից, ինչը բնապահպան Կարինե Դանիելյանը բնութագրեց հետեւյալ կերպ. «Փաստորեն, նույն ռեստորանային իրավիճակն է լինելու, որտեղ ապօրինի որս էլ կլինի, ամեն ինչ էլ»:

Բնապահպանները պայքարում են բնության պահպանության, մաքուր օդի համար, ինչի անհրաժեշտությունը կարծես թե չունեն Կառավարությունն ու կառուցողները: Վահրամ Թաթիկյանը երկար տարիների հետազոտությունների ընթացքում հանգել է հետեւյալ եզրակացության. «Այսօր բնության ամեն մի վերքը մի խոշորագույն սխալի հետեւանք է` տարբեր ժամանակներում: Ես քաղաքական որեւէ կուսակցությունից չեմ ու չեմ ընդունում կուսակցականություն ասվածը, սակայն կկանգնեի ուզածդ կուսակցության կողքին, որը գոնե մի անգամ կխոսեր հատվող անտառներից, բայց այդ հարցում բոլորն են լռում: Արարատյան դաշտում համատարած կտրում են այգիները` ծիրանենիներ, խնձորենիներ, որովհետեւ գիտեն, որ գնալու են այս երկրից: Լավ խոսք կա, որ գյուղացին գյուղացի է, եթե տուն է կառուցում, ծառ է տնկում ու երեխա ունենում: Գյուղացին հիմա տուն չի կարող կառուցել, քանի որ շինարարությամբ զբաղվում են միայն օլիգարխները, այն էլ որպես անշարժ գույք վաճառելու ակնկալիքով: Հիմա տեղի է ունենում արտագաղթի վերջին ալիքը, եւ բնության շահագործմանը մասնակից է դարձել ողջ հասարակությունը, նաեւ այգեգործները, գյուղացիները: Այսօր, յուրաքանչյուր այգի կտրելով, յուրաքանչյուր երիտասարդի հուսահատեցնելով, մեր իսկ պետությունը հարված է հասցնում ազգային անվտանգությանը: Չինովնիկների մի ագրեսիվ խավ է առաջացել, որ դիտավորյալ գործում է երիտասարդության դեմ: Երիտասարդը մինչեւ պայքարում է մի փոքրիկ պուրակի համար, նրանք, կարծես դիտմամբ, կտրում են ավելի մեծ տարածքներ: Ստիպում են այդ ոչ մի կուսակցության չպատկանող երիտասարդներին ծայրահեղ քայլերի դիմել, որպեսզի միանգամից բանտերը լցնեն ու վերջ: Այստեղ խնդիրը մանր պայքարները չեն` ավելի գլոբալ հարցեր կան: «Խոսրովը» հենց սկզբից արգելոց անվանեցին ոչ թե բնության թշնամիներից խուսափելու համար, այլ որպեսզի կարողանան շահագործել այդ տարածքը, եւ ոչ ոք չիմանա: Այսինքն, «Խոսրովը» բնության բարեկամների համար է արգելոց: Եթե մենք «Խոսրովը» դիտում ենք որպես ուղղակի անտառ, որտեղ Կարմիր գրքում գրանցված 350 տեսակ բույսեր, հազվագյուտ կենդանիներ կան, կարող եմ ասել, որ այնտեղ այսօր որեւէ հազվագյուտ կենդանի էլ չկա: 2005-ին, երբ վերջին անգամ այնտեղ եղա, այդ իրավիճակը տեսնելուց հետո վերադարձա ու հայտնվեցի ռեանիմացիայում: Եւ եթե երկրորդ անգամ գնամ, արդեն ողջ չեմ վերադառնա: Այն, ինչ կատարվում է այնտեղ, պետական ոճրագործություն է, հանցագործություն»:

«Ովքե՞ր են հանցագործները» հարցին Թաթիկյանը պատասխանում է. «Հանցագործը մեր տգիտությունն է: Տգիտություն է հենց այն, որ «Խոսրովը» դիտվում է որպես անտառ: Դա ուղղակի անտառ չէ, այլ մշակութային մի մեծ համալիր: Մեր բնությունն իր մեջ ներառում է հայ ժողովրդի պատմությունը, գենետիկան: «Խոսրովում» արժեքավոր հուշարձաններ, աստղադիտարան կա, այսինքն` այն նաեւ պաշտամունքային համալիր է: Հենց այդ «Գիլան» արգելավայրում ես հայտնաբերել եմ 4-րդ դարի մի վանք, որ Գրիգոր Լուսավորիչն է կառուցել:

Նույն տարածքում է գտնվում նաեւ «Աղջոց» վանքը, որ նշանակում է աղջիկների վանք, այնտեղ ապրել են Հռիփսիմյան կույսերը: Շինարարությունը կատարվում է հենց այս երկու վանքերի մեջտեղում: Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, բնապահպանական ահաբեկչություն է, որի հիմքում ընկած է շահը, տգիտությունը եւ պատեհապաշտությունը: Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր հոգեւոր արմատներին են դիպչում ու ծավալի հակաահաբեկչական պայքար: Միայն թե այս տգիտության պայմաններում չեմ պատկերացնում` պայքարն ինչպես կծավալվի»:

«Ի՞նչ պետք է անել» հարցին ի պատասխան` Թաթիկյանն ասաց. «Ես միայն իշխանություններին եմ դիմում` ասելով. «Գնացեք զիջման»: Այս հարցում պայքարողները որեւէ կուսակցության անդամ չեն: Տվեք երիտասարդներին լծակներ, թող նրանք դադարեն փողոցներում ցույցեր անելուց, որովհետեւ դա օգուտ չի տալու: Այդ երիտասարդներին փոխնախարարի պաշտոն տվեք, թող իրենք աշխատեն, փորձեն խնդիրներ լուծել: Կամ պետք է սթափվեք, կամ էլ կհռչակեմ ձեզ ահաբեկիչներ, որոնք քայքայում են Հայաստանի պետականությունը եւ հիասթափեցնում ժողովրդին, եւ կսկսեմ հակաահաբեկչական գործողություններ: Բնությունն իմ աստվածն է` արյունս կտամ բնության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter