Գյումրիում կկայանա բնակբաշխման վերջին վիճակահանությունը
Պետական միջոցներով աղետի գոտում 2009-2010թթ. բնակարանային շինարարության ծրագրով Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարաններից վաղը` հունիսի 18-ին, ժամը 15-00-ին դրամատիկական թատրոնի դահլիճում կայանալիք վիճակահանությանը կբաշխվի վերջին՝ 290 բնակարանները:
Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում 1-ին կարգի հաշմանդամ ունեցող անօթևանների համար կկատարվի առանձին վիճակահանություն` նորակառույց շենքերի առաջին հարկերի բնակարանների համար:
ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով բնակարան ստացած քաղաքացիներին իրենց բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո միայն 22 տարի անօթևանի կարգավիճակում գտնվող գյումրեցիները կկարողանան բնակարանամուտ տոնել:
ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N23 որոշմամբ հավանության արժանացած՝ աղետի գոտում անօթևանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի համաձայն մինչև 2013 թվականը նախատեսվում է միայն Գյումրիում կառուցել 3996 բնակարան: Հաջորդ տարի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Գյումրում շահագործման պետք է հանձնվի 1800 բնակարան:
Նշենք նաև, որ Գյումրու անօթևանների ցուցակում հաշվառված են 4245 անօթևան ընտանիքներ, ներառյալ ընթացիկ տարում բնակարան ստացած 1056 ընտանիքները: Գյումրիում կան նաև հազարավոր փաստացի, սակայն կարգավիճակ չունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներ, որոնք այդ ցուցակում հաշվառված չեն, ուստի պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն: Նրանք հիմնականում այն բազմանդամ ընտանիքներն են, ովքեր երկրաշարժից հետո բնակարան են ստացել, սակայն ընտանիքի միայն մի մասն է տեղափոխվել նոր բնակարան, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք երկրաշարժին բնակարան չեն կորցրել կամ ստացել և վաճառել են:
Բնակարանների բաշխման այս փուլին չմասնակցեցին այն ընտանիքները, որոնց մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից և տարբեր պատճառներով չկարողացան համապատասխան լիազորագրեր ուղարկել: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել