«Երանի թե կինոն կարողանար փոխել աշխարհը»- ասում է թուրք ռեժիսոր Ս. Կապլանօղլուն
Սեմիհ Կապլանօղլուն ժամանակակից կինոյի մեծարված սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսերներից է: Կապլանօղլուի «Ձուն» եւ «Կաթը» խաղարկային ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել եւ մեծ ճանաչում բերել թուրք ռեժիսորին: Այս տարի «Ոսկե Ծիրանում»` երեւանյան պրեմիերաների ցանկում ներկայացված նրա «Մեղր» ֆիլմը, նախորդ երկուսի հետ, ամփոփում է վերջինիս «Յուսուֆ» եռապատումը: «Մեղր»-ը ռեժիսորական եւ օպերատորական տեսանկյունից չափազանց զգացմունքային ֆիլմ է: Թախծոտ սյուժեն ամբողջանում է Համշենի չքնաղ բնության կադրերով:
Ֆիլմի ողջ իմաստը, ողջ զգացմունքն ու էներգիան թաքնված է փոքրիկ Յուսուֆի կերպարի մեջ: Մեծ սեւ աչքերով առաջին դասարանցի այս փոքրիկը դիտողին էկրանին է գամում առաջին իսկ հայացքից: Հոր հետ անչափ կապված փոքրիկը ստիպված է նրանից մի քանի օր բաժանվել, քանի որ հայրը պետք է մեկներ այլ գյուղ` փեթակներն ավելի մեղվաշատ վայրում տեղադրելու համար: Յուսուֆի երազանքն էր դպրոցում լավ կարդալու համար ստանալ կարմիր կրծքանշանը:
Ամեն անգամ երեխան սովորում էր, ձեռք էր բարձրացնում, բայց կարդալը միշտ ձախողվում էր: Ու ամեն անգամ ուսուցչի գովասանքին, համադասարանցիների ծափերին ու կարմիր կրծքանշանին արժանանում էին մյուսները: Յուսուֆն օրերով սպասում է հորը, իսկ նա չկար ու չկար: Մայրն օրեցօր ավելի է գունատվում, զգում է, որ դժբախտություն է պատահել: Փոքրիկը գրեթե չի խոսում: Եվ ֆիլմի հուզիչ պահերից է, երբ սեղանի շուրջը նստած են երկուսով, մայրը չի կարողնաում թաքցնել արցունքները, Յուսուֆը նայում է մորը, ապա այն չարաբաստիկ կաթի բաժակին, որից ամեն անգամ նրան հաջողվում էր խուսափել` չնայած մոր հորդորներին: Եվ հանկարծ նա վճռականորեն վերցնում է բաժակն ու միանգամից խմում ամբողջ կաթը` մորն ուրախացնելու համար:
Հաջորդ օրը Յուսուֆը սովորականից ավելի վատ է կարդում դասը, սակայն ուսուցիչը, ցանկանալով նրան ոգեւորել, կոչ է անում ծափահարել նրան ու տարայի վերջին կարմիր կրծքանշանը կպցնում է Յուսուֆի վերնաշապիկին: Ուրախությունից թեւ առած` երեխան ցեխի ու քարերի վրայով, վազելով հասնում է տուն, որպեսզի ցույց տա իր կրծքանշանը: Մոտենում է տուն ու տեսնում, որ հարեւանները հավաքվել են մորը ցավակցելու:
Լսում է, որ հայրը մահացել է դժբախտ պատահարից, ու վաղը բերելու են նրա դին: Երեխան պայուսակը նետում է գետնին ու սկսում է վազել դեպի անտառը: Երկար վազելուց հետո նա հասնում է ամբողջովին մութ մի թավուտ, նստում, գլուխը հենում քարին, ու քնում: Ֆիլմը թեեւ պատմում է դաժան կյանքի մի պատմություն, սակայն նրա բոլոր հերոսների մեջ մի դրամատիկ բարություն կա: Ուսուցիչը, մայրը, հայրը, տատիկը, բոլոր մարդիկ այստեղ անչափ բարի են, սակայն բոլորի մեջ մի թաքնված թախիծ կա:
Հենց այդ թախիծն էլ համեմվում է չքնաղ բնությամբ: Կապլանօղլուի այս եռապատման մեջ ամենից հետաքրքիրն այն է, որ նրա հերոսի տարիքն ամեն ֆիլմով փոքրանում է:
Ռեժիսորն այդ հանգամանքը բացատրեց այսպես. «Որքան մարդը մեծանում է, այդքան հեռանում է բնականից, նրա հոգին այդքան ավելի է կեղտոտվում: Ես իմ հերոսին սկսեցի փոքրացնել, որպեսզի հասնեմ նրա մանկական մաքուր ու բնական վիճակին»:
Սեմիհ Կապլանօղլուն իր ֆիլմերի սցենարիստն է, ռեժիսորը, օպերատորը, պրոդյուսերը: Նա անձամբ երկար փնտրում է հերոսներին, երկար ժամանակ է ծախսում նաեւ հետնկարահանման աշխատանքների վրա. «Նման ֆիլմ նկարահանելու եւ անկախ մնալու այլ ելք չկա»: Կապլանօղլուն ասում է, որ իր ֆիլմերը մարդիկ կամ սիրում են, կամ ատում: Հայրենի Թուրքիայում էլ ռեժիսորին միանշանակ չեն ընդունում. «Երբ «Ձուն» էկրան բարձրացավ, Թուրքիայում նույնիսկ որոշ ռեժիսորներ ինձ կոչեցին ազգի դավաճան: Սակայն մեկ այլ զանգվածի էլ այն շատ դուր եկավ»:
Թուրք ռեժիսորը նշում է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, անչափ մի հարազատություն է զգում Հայաստանում, թե մարդկանց, թե մշակույթի, թե պատմության հանդեպ:
«Քաղաքական գործիչները երբեք չեն մեղմանա եւ չեն փափկի: Սակայն մենք, մեր ֆիլմերը, մշակույթը եւ արվեստը կիսելով, կարող ենք հասնել այդ վերքի բուժմանը, ու միասնության հանսել: Եվ երանի թե կինոն կարողանար փոխել աշխարհը»:
Մեկնաբանել