Ստեղծվում է Ազգային գիտական լաբորատորիա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի «Փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշմամբ ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին։
Ինստիտուտի հեռանկարային զարգացումն ապահովելու, կառավարման բարեփոխում իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն իր հաջորդ որոշմամբ տվյալ կազմակերպությունը վերանվանել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող միջազգային փորձագիտական հանձնաժողովին, որին անդամակցում են տարբեր երկրների աշխարհահռչակ գիտնականներ և մասնագետներ և որը մեծ ջանք ներդրեց իր աշխատանքը հաջողությամբ կատարելու համար։ Առաջիկայում ևս մեր կարևորագույն ծրագրերի քննարկման փուլում խորհուրդ ենք հարցնելու անվանի գիտնականներից, որոնց մասնագիտական եզրակացությունները ճանաչում կունենան ամբողջ աշխարհում։
Այնուհետև վարչապետը նշել է, որ չնայած ծրագիրն ունի նաև ընդդիմախոսներ, սակայն հեղինակավոր հանձնաժողովը չի կասկածում, որ հետևողական լինելու դեպքում Ազգային գիտական լաբորատորիան իրոք կդառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել