HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Սևակ Սարուխանյանը մոտ ապագայում պատերազմ չի կանխատեսում

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկման դրեց Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման բանաձեւը, իսկ Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներ  հաստատեցին այդ պատժամիջոցների կիրառման նոր փաթեթը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են ատոմային զենքի մշակման մեջ, ինչը թաքցնում են խաղաղ միջուկային ծրագրի անվան տակ:

Իսկ այս պատժամիջոցներն ուղղված են խանգարելու Իրանի` ուրանի հարստացման ծրագրին: Թե ինչպիսին կլինի Իրանի դիրքորոշումը, ինչպես կանդրադառնա պատժամիջոցների կիրառումը տարածաշրջանի անվտանգության վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մեկնաբանեց իրանագետ Սեւակ Սարուխանյանը: Իրանագետը կարծում  է, որ պատերազմ չլինելու դեպքում Հայաստան-Իրան հարաբերությունները չեն տուժի. «Պատերազմ մոտակայում չի ակնկալվում, սակայն մյուս կողմից չգիտես, թե ինչ կկատարվի այս տարածաշրջանում: Իրանը մեզ համար կարեւոր գործընկեր է որպես տարանցիկ պետություն: Միայն պատերազմի դեպքում աշխարհաքաղաքական առումով շատ լուրջ կտուժենք, քանի որ ներկրման լուրջ խնդիրներ կունենանք: Կախված կմնանք միայն Վրաստանից, իսկ մոնոպոլ դիրքեր ունենալու դեպքում Վրաստանը չգիտենք ինչի կդիմի»,- ասաց Սեւակ Սարուխանյանը:

Այն մասին, թե ինչպիսին է Իրանի դիրքորոշումը, իրանագետ Ս. Սարուխանյանը կարծում է. «Մի քանի ամիս անց նորից  կսկսվեն նոր բանակցություններ, եւ միջազգային հանրությունը նոր ֆորմատներ կստեղծի Իրանի համար: Ինչ վերաբերում է արեւմուտքի հետ համագործակցությանը` պետք է նշել, որ Իրանն իրեն համարում է աշխարհի խոշորագույն ազգերից մեկը: Այս առումով իրենք որպես հավասար կողմ համեմատում են արեւմտյան երկրների հետ: Իրանը միշտ փորձել է արեւմտյան աշխարհ մուտք գործել թե' քաղաքական, թե' տեխնոլոգիական առումներով: Արաբական շրջապատը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում. արաբներին նրանք համարում են բարբարոսներ»,- նշում է Սեւակ Սարուխանյանը:

Ռուս-իրանական հարաբերությունները իրանագետը համարեց սրված, քանի որ, մինչ պատժամիջոցների հետ կապված քվեարկությունները, Իրանի նախագահը հանրապետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պետք է մտածի այն մասին, որ իր երկիրը չհայտնվի Իրանի ոխերիմ թշնամիների ցուցակում, քանի որ այնտեղ հայտնվելուց հետո Ռուսաստանը լավ վիճակում չի լինի:

Միջուկային մրցակցության այս շրջանում Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ Սեւակ Սարուխանյանը չի տեսնում. «Եթե Թուրքիան իր դիրքերը պահպանելու համար ստեղծի միջուկային զենք, Հայաստանի համար  Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխիք համարվել: Եթե Թուրքիան հարձակվի, մենք չգիտենք` Ռուսաստանը կսկսի՞ միջուկային պատերազմ Թուրքիայի հետ, թե՞ ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter