HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Աֆրիկական ժանտախտի դեմ պայքարի միակ միջոցը իրազեկված լինելն է

2009թ. գարնանը Լոռու մարզի Դսեղ և Դեբեդ համայնքներում գրանցվել է խոզերի աֆրիկական ժանտախտ: Հիվանդության առաջին դեպքը նկատվել է մարտի 12-ին` Դսեղում: Վերջին օջախը հայտնաբերվել է հունիսի 2-ին: Դսեղում 3-4 օջախներում հայտնաբերվել է տարբեր սեռատարիքային խմբերի 60-65, իսկ Դեբեդում` 2 գլուխ հիվանդ անասուն£ Դեբեդում այլ դեպքեր չեն եղել: «Հնարավոր է, որ շուտ արձագանք եղավ, գլխաքանակը քիչ է, անասունները տնային պայմաններում են պահվում, առաջը շուտ առնվեց»,-բացատրում է Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը: Նա միաժամանակ վստահեցնում է, որ Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի լաբորատորիայից աֆրիկյան ժանտախտի ախտաբանական հաստատված փաթեթն ստանալուց հետո իրենց կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները. «Անկված անասունները դիահերձվել են, ուսումնասիրվել, հետազոտվել: Անկված և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիները թաղվել են հատուկ հատկացված անասնագերեզմանոցներում, հորերում, որոնք ծածկվել են, ցանկապատվել£ Ապա տվյալ խոզանոցը, անասնագոմը ենթարկվել է մեխանիկական մաքրման, 3-4 տեսակի ախտահանիչներով կրկնակի ախտահանություն է կատարվել, որպեսզի վարակի օջախը մարվի, որպեսզի այն չտարածվի£ Եվ սահմանվել է կարանտին»: Վերջին անգամ Լոռիում խոզերի աֆրիկական ժանտախտի բռնկում է եղել 2007-ին: Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանի 24 համայնքներում 6 հազարից ավել անասուն է ենթարկվել անկման և հարկադիր սպանդի: Դսեղն այդ համայնքներից մեկն է, որտեղ հիվանդության համար նպաստավոր միջավայր է պահպանվել. «2007թ. խոզերի մեծ գլխաքանակ է անկվել: Մինչև հավաքել են դիերը, բնական է, որ ժամանակ է պահանջվել: Եվ այդ ախտահանությունը լիարժեք չէր կարելի համարել»,-ասում է Հ. Վիրաբյանը: Այս հարցին անդրադարձ եղավ նաև վերջին մարզխորհրդի նիստում: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները որպես ժանտախտի տարածմանը նպաստող հանգամանք նշեցին, որ 2007թ. մարզում անկված ժանտախտով հիվանդ խոզերի մի մասն առանց խոր փոսեր փորելու թաղվել է սարերում, անտառներում, իսկ մի մասն էլ մնացել է բաց երկնքի տակ: Հ. Վիրաբյանը մանրամասնում է, որ հիվանդությունը բռնկվել էր հատկապես այն տնտեսություններում, որոնք գտնվում են անտառային գոտում, որտեղ խոզերն ազատ պահվածք են դրսևորում, քանի որ հիվանդությունը փոխանցվում է շփման ճանապարհով` հիվանդ կենդանուց անցնելով առողջին: Վերջին բռնկումից հետո` մինչև 2010թ.-ը, այլևս հիվանդության դեպք չի արձանագրվել: «Բնական է, որովհետև խոզ էլ չենք ունեցել,-ասում է անասնաբույժը,-դրանք այն համայնքներն են, որտեղ խոզերը 2007-ի ընթացքում լրիվ ոչնչացվեցին: Մարդիկ ռիսկի դիմեցին: Ասված էլ էր, իրենք էլ լավ գիտեին: Այն համայնքները, այն տնտեսությունները, որտեղ որ նկատվեց այդ հիվանդությունը, 3-4 տարի պետք է ընդհանրապես խոզ չպահեն, այն էլ մեծ գլխաքանակով»: Բայց նշված ռիսկային համայնքներում, ինչպես ասենք` Դսեղում, խոզերի մեծ գլխաքանակը պայմանավորված է կենդանու արագ բազմացման հատկությամբ. «Եթե չեմ սխալվում` գլխաքանկի 70%-ը մատղաշ է, հիմնական հոտը չէ: Մայրեր են, որոնք որ գոճիներ են բերել, և գոճներից է այդ գլխաքանակը շատացել»: Կան հիվանդության տարածմանը նպաստող գործոններ. «Սեզոնայնությունն էլ է անպայմանորեն իր ազդեցությունը թողնում: Մինչև հիմա անասունները բացօթյա քիչ էին պահվում, անտառի հետ շփումը քիչ էր: Եղանակն անձրևային էր, անձրևն էլ իր գործն էր անում, լվանում, հեռացնում էր: Ջրի մեջ վիրուսի տևողությունը երկար չէ: Հիմա եղանակը տաքացել է: Այսքան ասելուց հետո էլ մարդիկ նորից մեծ գլխաքանակներ են բացօթյա պահում: Մեր ամբողջ Մոտկորաձորում հազվագյուտ մարդ կտեսնես, որ անասունը գոմում է պահում, որովհետև կամ կերակրման հնարավորություն չունի, կամ կեր առնելու: Հույսն անտառի վրա են դնում, որ գնովի կերերի փոխարեն խոզերն անտառի կերով սնվեն, իրենց վրա էլ էժան նստի»: Աֆրիկական ժանտախտի դեմ ոչ պատվաստանյութ կա, ոչ էլ բուժման որևէ դեղամիջոց կամ մեթոդ: Պետպատվերի շրջանակներում խոզերը պատվաստվում են միայն դասական ժանտախտի դեմ, որն օգնում է նաև աֆրիկական ժանտախտի հայտնաբերմանը: Եթե անասունները պատվաստված են դասական ժանտախտի դեմ, այսինքն` բացառվում է ժանտախտով հիվանդացությունը, բայց հիվանդությունը բռնկվել է, կան ժանտախտի ախտանշաններ, ուրեմն` կենդանին վարակված է աֆրիկական ժանտախտով£ Բուժման, կանխարգելման միջոցների բացակայության պարագայում հիվանդության դեմ պայքարի միակ ձևը խոզաբուծությամբ զբաղվողների շրջանում տարվող բացատրական աշխատանքն է` իրազեկելու այն կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են հիվանդությունը կանխելու համարª սկսած «խոզերի փակ պահվածքից, անասնագոմի ախտահանությունից մինչև անասունին խնամող անձնակազմի արտահագուստը, ինվենտարը, գործիքները, կերերը նմանապես, հատկապես խոզի կերերի մնացորդները, մսի թափոնները, առանց եփելու կերերը տալը»: Ինչ վերաբերում է հիվանդության օջախին, անասնաբույժն ասում է, որ վտանգը մեծ է. «Դսեղը վտանգ է ներկայացնում հարևան գյուղերի համար£ Փորձում ենք կարանտինային սահմաններով այն պահել, որ վարակը չտարածվի, մեծ տարածքներ չընդգրկի»£

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter