HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ճապոնացի Հայաթոն աղոթքի մեջ է տեսնում լույսը 

Ճապոնացի 29-ամյա լուսանկարիչ Հայաթո Իմանիշին արդեն 10 ամիս է, ինչ շրջագայում է արեւելքում եւ լուսանկարում այն, ինչ բարի, լուսավոր ու գեղեցիկ է: Հայաթոն չշրջանցեց լեռների երկիրը եւ, ծանոթանալով Հայաստանին, որոշեց անպայման ցուցահանդես ունենալ այստեղ: Լուսանկարչի աշխատանքները մեկ շաբաթից ավել է` ցուցադրվում են Նարեկացի արվեստի միությունում:

Այսօր լուսանկարչական գործի հայ սիրահարները հնարավորություն ունեցան շփվել նաեւ լուսանկարչի հետ: Հայաթոյի լուսանկարների հիմնական թեմատիկան երեխաներն են, բնությունը եւ աղոթքը: Ճապոնացու լուսանկարներում աղոթում են քրիստոնյաները, բուդդիստները, մուսուլմանները: Աղոթքի եւ հավատքի թեման ամենից շատն է հետաքրքրում երիտասարդ լուսանկարչին. «Աղոթքը շատ է միստիկ ու գեղեցիկ: Աղոթքի մեջ լույս կա, որը եւ ձգտում եմ ցույց տալ իմ լուսանկարներում: Երբ ես նայում եմ աղոթող մարդուն, հանգստություն է իջնում վրաս: Ուզում եմ դուք էլ զգաք այն»:

 Հայաթոն ասում է, որ երբ բնակվում էր Ճապոնիայում, այդքան ուշադրություն չէր դարձնում հավատքին եւ աղոթքին առհասարակ: Սակայն ճամփորդության արդյունքում տեսավ բազմաթիվ ազգերի, ծանոթացավ տարբեր մշակութի ու տարբեր կրոնների պատկանող  մարդկանց աղոթքներին, որոնց նկատմամբ չէր կարող անտարբեր մնալ: Նա ցուցահանդեսին ներկայացրեց նաև մի հայ կնոջ աղոթքը, որն իրեն շատ էր տպավորել: Ասում է` երկար ժամանակ չէր կարողանում իր հայացքը կտրել այդ կնոջից: «Կարծես նա իրապես Աստծո հետ կապի մեջ էր»,-պատմում է երիտասարդ լուսանկարիչը:

Հայաթո Իմանիշին Հայաստանում շատ  է սիրել լավաշը եւ  անչափ տպավորված է Շուշիով: Ասում է, որ սովորաբար մարդկանց, հատկապես երեխաներին նկարելիս երկար շփվում է նրանց հետ, ընկերանում եւ նոր լուսանկարում: Սակայն Հայաստանում մարդիկ շատ են փակ եւ ամաչկոտ, և ինքը ոչ մի կերպ չի կարողանում նրանց նկարել. «Բայց երեխաները հրաշալի են, երեխաների հետ նման խնդիր չունեմ այստեղ»: Հայաթոն ասում է, որ չգիտեր, թե Հայաստանն այսքան մշակութային  երկիր է. շատ տպավորված է Արարատով, բնությամբ եւ հատկապես Երեւանի մթնոլորտով, որտեղ, լուսանկարչի խոսքերով, իշխում է արվեստը. «Այստեղ նույնիսկ փողոցում են նկարիչները: Հանդիպել եմ շատ արվեստագետների` երաժիշտների ու նկարիչների հետ ու իրոք շատ տպավորված եմ ձեր արվեստով»:

Հայաթո Իմանիշին պլանավորում է իր շրջագայությունը շարունակել սկզբում Իրանում, Թուրքիայում, այնուհետեւ` Եվրոպայում եւ Հարավային  Ամերիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter