HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի փոքրիկ դեսպանները` Եվրոպայում

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որի արդյունքներն այսօր ամփոփվել են նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը: Ասուլիսին ներկա են եղել նաև մրցույթի երկու հաղթողները` Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը և Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը: Ն. Հովհաննիսյանը, շնորհավորելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ նախարարի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ ողջ տարվա ընթացքում նախարարությունում կազմակերպված բազմաթիվ նման միջոցառումների շրջանակում խրախուսվել են տարվա լավագույն և շնորհալի դպրոցականները, և այսօր «Կենգուրու» մրցույթի հաղթողների խրախուսումը ևս բացառություն չէ: Հանրակրթության վարչության պետն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ վերջին շրջանում ավելացել է շնորհաշատ երեխաների թիվը նաև մարզերի հեռավոր գյուղերում: « «Կեենգուրու» մրցույթը յուրօրինակ հնարավորություն է` նորովի մտածելու, տեսնելու և սիրելու «Մաթեմատիկա» առարկան, և այս մրցույթի շնորհիվ, ինչու չէ, աշակերտների շրջանում բարձրանում է նաև «Մաթեմատիկա» առարկայի վարկը, որն իր զգալի ժամաքանակով կարևոր տեղ է զբաղեցնում ուսումնական պլանում է և հանդիսանում յուրատեսակ գործիք «նաև մյուս առարկաների յուրացման և, առհասարակ, կրթական համակարգի զարգացման տեսանկյունից»,-նշել է Ն. Հովհաննիսյանը: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` արդեն մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ, և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Դ. Սահականը տեղեկացրել է, որ անցալ տարվա 30 հազար մասնակցի փոխարեն այս տարի մրցույթին մասնակցել է շուրջ 40 հազար դպրոցական: Բացի այդ, մեծ ակտիվություն են ցուցաբերել նաև դպրոցները. մրցույթին մասնակցել է հանրապետության 902 դպրոց, որն, ըստ Դ. Սահակյանի, բավականին ոգևորիչ ցուցանիշ է, և պատահական չէ, որ տարեցտարի «Կենգուրուն» ավելի է սիրվում երեխաների կողմից` դառնալով «իսկական մաթեմատիկական տոն և վերածվելով նոր մանկական կրթական շարժման»: Ավելին, մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են հուշանվերներ և հավաստագիր` այսպիսով մրցույթը տոն դարձնելով բոլոր մասնակիցների համար: «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանն իր հերթին անդրադարձել է այս տարվա մրցույթի մի շարք առանձնահատությունների, մասնավորապես, այս տարի մրցույթը բոլոր տարիքային խմբերի համար կազմակերպվել է նաև ռուսերեն լեզվով, բացի այդ, այս տարի մրցույթի առավելագույն շեմը չի հաջողվել հաղթահարել և ոչ մի մասնակցի, որի հետևանքով կազմակերպվել է լրացուցիչ փուլ, և երկու հաղթող մասնակիցներն ընտրվել են միայն լրացուցիչ փուլի ամփոփումից հետո: Շ. Կարապետյանը տեղեկացրել է, որ հաղթողներն իրենց ամառային արձակուրդները կանցկացնեն Բուլղարիայում կազմակերպվող միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին` հանդիսանալով «Հայաստանի փոքրիկ դեսպանները Եվրոպայում»: Բանախոսները հայտնել են նաև, որ այս տարի մրցույթն անցկացվել է նաև Արցախում, որին մասնակցել է Ստեփանակերտում գործող 13 դպրոցի շուրջ 120 աշակերտ, որի արդյունքում գրանցվել են բավականին հաջող արդյունքներ: Ասուլիսի ընթացքում մրցույթի վերաբերյալ իրենց ակնալիքները և ձեռքբերումները, ինչպես նաև հետագա մասնագիտական ընտրությունն են ներկայացրել նաև հաղթող երկու աշակերտները: Ասուլիսի ավարտին Ն. Հովհաննիսյանը նախարարության կողմից երեխաներին է հանձնել արվեստի ստեղծագործություններ պատկերող գունազարդ գրքեր` նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել շնորհալի աշակերտներին նվիրել մեր մշակութային արժեքների մասին պատմող գրականություն` հույս ունենալով, որ երեխաներն իրենց նկարագրով կլինեն այդ արժեքների պահապանները: Այս մասին հայտնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter