ՀՀ պաշտպանության նախարարի այցը Իրան
Հուլիսի 17-ից 18-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթհաքիի հետ:
Հուլիսի 17-ին` Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախարարներ Ս. Օհանյանի և Ա. Վահիդիի առանձնազրույցը: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները: Զրուցակիցները կարևորել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար:
Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել են, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում հայ-իրանական հարաբերություններին վերաբերող տարբեր խնդիրները քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար:
Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պարոն Մ. Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարևորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները, և ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները:
Նույն օրը տեղի են ունեցել Ս. Օհանյանի հանդիպումները ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի և արտգործնախարար Մ. Մոթթհաքիի հետ:
Պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Վերահաստատվել են երկու պետությունների դիրքորոշումներն այն հարցում, որ անվտանգության ու կայունության միջավայրը տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարգավաճման ու զարգացման ապահովման գրավականն է: Ընդգծվել է Իրանի հայկական համայնքի դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:
Այցի ընթացքում Ս. Օհանյանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպում ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել