Քննարկում են
Վերջերս դատապարտյալների շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ իշխանությունները մտադիր են լուծարել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերը քննարկող անկախ միջգերատեսչական հանձնաժողովները:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ներկայումս քննարկվում է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը փոխելու հարցը:
«Այդ հարցը վաղուց է օրակարգում դրված, նաև ԱԺ պատգամավորներ են այն բարձրացրել: Անհրաժեշտ է կարգը հստակեցնել և մարդկանց համար գործընթացն ավելի կանխատեսելի դարձնել»,- ասել է նախարարը:
Ըստ Գևորգ Դանիելյանի` խնդրի հետ կապված կա օրենսդրական փոփոխությունների պատրաստի նախագիծ, որը, սակայն, վերջնական չէ և պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: Նրա խոսքերով` առայժմ չի հստակեցվել, թե խնդիրն ինչպես է լուծվելու` կպահպանվեն միջգերատեսչական հանձնաժողովները, և կփոխվի նրանց գործունեության կա՞րգը, թե՞ գործընթացը կվերանայվի ամբողջությամբ: «Քննարկումների ընթացքում կորոշվի, թե որ տարբերակով խնդիրը լուծվի»,- ասել է Դանիելյանը:
Տեղանքի զննո՞ւմ
Երեկ, ժամը 23-ի սահմաններում, «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսել է, որ Ազատության հրապարակում ճեմում էին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Էդիկ Բարսեղյանը:
Ըստ ոմանց ենթադրության, պաշտոնյաներն ուսումնասիրում էին, թե ինչպես պետք է այսօր փակել հրապարակի մուտքը` ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիան թույլ չտալու համար:
Մեկ ուրիշ վարկածի համաձայն, նրանք հետաքննում էին, թե արդյոք տարածքում ստորգետնյա ավտոկանգառ կառուցելուց հետո հրապարակը սեյսմակայուն կլինի՞ մի քանի տասնյակ ցուցարարների ծանրությունը պահելու համար:
Կիսապաշտոնական ելույթի ամբիոն
Սանկտ-Պետերբուրգում Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից զատ` ներկա կգտնվի նաև տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին և հանդես կգա ելույթով:
«ՉԻ» - Արդեն ավանդույթ է դարձել, որ Սերժ Սարգսյանն ուր էլ գնա, անպայման մի «հարակից» միջոցառում է գտնում ու բոցաշունչ ելույթ ունենում, որը շեղում է հասարակության ուշադրությունը պաշտոնական բանակցություններից: Խնդիրը, սակայն, միայն դա չէ:
Զարմանալին այն է, որ Սանկտ-Պետերբուրգը հիմնադրվել է 307 տարի առաջ, իսկ տեղի հայ համայնքն ընդամենը 300 տարեկան է: Հիմա ի՞նչ, որևէ մեկն ուզում է պնդել, որ յոթ տարի շարունակ Սանկտ-Պետերբուրգում հայեր չե՞ն եղել (այն էլ` բուռն շինարարության պայմաններում): Հավատալու բան չէ: Այնպես որ` ակնհայտորեն տեղի հայ համայնքը նման հոբելյան է նշում միայն մի նպատակով, որպեսզի Սերժ Սարգսյանն իսկապես «կիսապաշտոնական» ամբիոն ունենա և մոտավորապես նույնպիսի ելույթ ունենա, ինչպիսին, ասենք, Վիլսոնի շիրիմին:
Չնայած, նման ելույթներով հազիվ թե հնարավոր լինի քողարկել ձախողված կամ մեզ համար աննպաստ բանակցությունները:
Որոշել են զբաղվել կրթական խնդիրներով
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Հրապարակին» հայտնել է, որ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև մաթեմատիկա առարկաների թեստերն առաջիկայում կդառնան Հանրային խորհրդի կրթության հանձնաժողովի քննարկման առարկա.
«Մենք առհասարակ այսուհետև ավելի շատ զբաղվելու ենք կրթական խնդիրներով»,- ասել է Հանրային խորհրդի նախագահը: Եթե վերջին շրջանում դիմորդներից բավականին շատ բողոքներ կային նաև մաթեմատիկա առարկայի թեստերի կապակցությամբ, ապա նախօրեին դրանք դարձել են դիմորդների հարազատների և ոստիկանների միջև ծեծկռտուքի առարկա:
Բունտ էր, հակակայսերական քայլ
«Տարիներ առաջ երկաթե վարագույրը չէր խանգարում, որ ամեն շաբաթ և կիրակի համալսարանական իմ սերունդը գնար ժամերգության և պատարագի: Մի Լուսինե Զաքարյան ու մի Խորեն Պալյան հեղափոխություն էին անում: Մենք հասկանում էինք, որ ամեն կիրակի, երբ ավտոբուս նստած ճխլտվելով գնում հասնում էինք Էջմիածին, պատարագ լսելու, մեր անկախ երկրի հիշողությունն է մեզ առաջնորդում:
Դա բունտ էր, հակակայսերական քայլ»,- թերթին պատմել է Ալվարդ Պետրոսյանը:
Հիլարի Քլինթոնի հարավսովետական հուլիսյան տուրնեն. ի՞նչ կնշանակի
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամսվա սկզբներին ծրագրում է այցելել Հայաստան: Բացի այդ, Քլինթոնը ծրագրում է նաև լինել Վրաստանում, Ադրբեջանում ու Ուկրաինայում:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելությունների մասին տեղեկացնում է Լատվիայի վարչապետը, այլ ոչ թե ԱՄՆ պաշտոնական աղբյուրը: Անհասկանալի է նաև, որ որևէ բան հայտնի չէ ԱՄՆ պետքարտուղարի այցելության օրակարգից ու ընդհանրապես այդ երկրների ընտրության պատճառներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել