
Ախուրյանի հիմնանորոգված մայրուղին շահագործման կհանձնվի նախատեսվածից մեկ ամիս շուտ
Օգոստոս ամսին գրեթե մեկ շաբաթ Ախուրյան համայնք մուտք ու ելք անող մեքենաները օգտվում էին շրջանցիկ ճանապարհներից: Սկսվել էին միջհամայնքային հիմնական ճանապարհի 4 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները:
«Ինչո՞ւ էս ասֆալտը չեն անում գիշերը, որ մեզ էլ գցել են դաշտերը»,- դժգոհում էին հատկապես ախուրյանցի տաքսիստները, որովհետեւ շրջանցիկ ճանապարհներին անծանոթ մյուս մեքենատերերն այդ օրերին պարզապես խուսափում էին համայնք մտնել:
Ճանապարհաշինությունն իրականացնող «Ախուրյան ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Նիկոլայ Հարությունյանը, լսելով հարցադրումը, նախ ուղղում է մտցնում: «Ոչ թե ասֆալտապատում, այլ ամրացման աշխատանքներ եւ պիտի ասեմ, որ այն, ինչ կոչեցիք նոր տեխնոլոգիա, այնքան էլ այդպես չէ: Դա շատ ընդունված եւ գործածելի եղանակ է ճանապարհաշինության մեջ, հատկապես, երբ հարկ է պահպանել արդեն եղած ասֆալտը, իսկ գիշերային աշխատանք չէինք կարող իրականացնել, որովհետեւ դրա ամրացման համար պետք էր ցերեկային ջերմաստիճան ապահովել»:
Բիտումի եւ մանր խճի խառնուրդից 2-ից 3 սմ հաստությամբ շերտի ամրացման համար պահանջվում է 15-ից 20 աստիճան ջերմություն, որ գիշերային պայմաններում, Նիկոլայ Հարությունյանի բացատրությամբ, անհնար էր ապահովել: Վերջին անգամ Ախուրյանի մայրուղին ասֆալտապատվել էր 1981-82 թթ.: Որակյալ ասֆալտը բավական լավ է դիմացել անցած 30 տարիներին: Հիմնանորոգում երբեւէ չի կատարվել, սակայն համայնքի բյուջեից հատկացվող գումարների սահմաններում փոսային նորոգումներ արվում էին գրեթե ամեն տարի:
«Մենք 3 կմ ճանապարհի վրա արել ենք ամրացման աշխատանքներ, քանի որ տակի շերտը շատ ամուր էր եւ տեղեր կային, որ ասֆալտը հասնում էր մինչեւ 60 սմ-ի, իսկ մեկ կմ հատվածը ստիպված էինք ամբողջովին քանդել, նոր գրունտ անել, խիճ փռել ու վրան ասֆալտապատել»,-ասում է Ն. Հարությունյանը:
Համաշխարհային բանկի տրամադրած 740 մլն դրամի սահմաններում իրականացվող ճանապարհաշինությունը ենթարկվում է եռակի հսկողության:
Համայնքապետ Արծրունի Իգիթյանի փոխանցմամբ` գրեթե ամեն շաբաթ բանկի ներկայացուցիչն այցելում է համայնք, ծանոթանում կատարված աշխատանքներին, հսկողություն են իրականացնում նաեւ տրանսպորտի նախարարության եւ ենթակա ԾԻԳ-ի աշխատակիցները:
Ախուրյանի համայնքապետն ասում է, որ ինքն ամենեւին էլ չի դժգոհել, երբ 2010 թ. սկսվեցին Ախուրյանին հաջորդող 5 համայնքներն իրար կապող ճանապարհի շինարարական աշխատանքները, եւ գումարների սղության պատճառով Ախուրյանը դուրս մնաց ծրագրից:
«Ես նույնիսկ կողմնակից էի ուշ սկսելուն,- ասում է Արծրունի Իգիթյանը,- քանի որ այդ տարին KFW ծրագրի շրջանակներում խմելու ջրագծի ցանցն էին հիմնովին փոխում համայնքում, կոյուղագծերի որոշ հատվածներ եւս եւ, բնականաբար, որպեսզի գործը կրկնակի չարվեր, ավելի ձեռնտու էր, որպեսզի նախ այդ աշխատանքներն արվեին, նոր ճանապարհաշինությունը սկսվեր: Թե չէ, եթե կառուցեին, հետո ջրագծերի համար անպայման նորից քանդելու էին ու դժվար թե կարողանային նույն ձեւով վերականգնել»:
Ախուրյանի համայնքապետին ճանապարհաշինության նկատմամբ իրականացվող մշտական այս հսկողությունն ուրախացնում է ոչ միայն որակի ապահովման տեսանկյունից, այլեւ ընթացքում առաջացող հարցերի հետ կապված նախագծային որոշակի փոփոխություններ կատարելու առումով: «Փոխադարձ համաձայնությամբ, օրինակ, ջրահեռացման խողովակներ են փոխվել,- տեղեկացնում է համայնքապետը,- նախագծողները խիստ էին դրել նաեւ մայրուղի դուրս եկող ճանապարհների հարցը, որոնք մինչեւ 20 մետրի չափով եւս ասֆալտապատվելու ու եզրաքարեր են դրվելու: Աշխատանքները, որ սկսվեց, պարզվեց, որ շինարարական կազմակերպություններ գնացող մի ճանապարհահատված եւս մտել է ծրագիր: Այսինքն` 6 մետր լայնությամբ 300 մետր երկարությամբ այդ ճանապարհը եւս ասֆալտապատվելու է: Մեր կողմից ներկայացվել է նոր առաջարկություն` նախագծում փոփոխություն կատարելու: Կուզենայինք, որպեսզի այդ հիմնանորոգումը համայնքի մեկ այլ, առավել կարեւոր հատվածում արվի: Դիմել ենք նաեւ տարածքային նախարարին, առայժմ սպասում ենք պատասխանի: Եթե համաձայնվեն մեր առաջարկած փոփոխությանը, համայնքը եւս պատրաստ է ներդրում կատարելու»:
Արծրունի Իգիթյանի հավաստմամբ` նախագծային ինչպիսի փոփոխություն որ հնարավոր է իրականացնել, արվում է: Այդպիսի մի դրական «զիջում» էլ արվել է, երբ համայնքապետի խնդրանքով Մոր եւ մանկան կենտրոնի ծննդատան դիմաց ավտոկայանատեղի է կառուցվել` իհարկե մնալով հատկացված գումարների շրջանակում:
«Դա, օրինակ, շատ անհրաժեշտ բան էր, որպեսզի էդտեղ չլինեն կուտակումներ, խցանումներ, ու այդ հարցում բավական արագ արձագանքեց տրանսպորտի նախարարության համապատասխան ԾԻԳ-ը,- ասում է Ա. Իգիթյանը,- այդ աշխատանքներն ավարտվել են արդեն, կայանատեղին կառուցվել է արդեն, որի համար շատ շնորհակաալ ենք: Կարծում եմ` շատ կարեւոր զիջում էր, որի շնորհիվ այլեւս խցանումներ չեն առաջանա այդ հատվածում»:
Նախագծով նախատեսված չի եղել նաեւ թրթուրավոր մեխանիզմների անցման հատվածի կառուցումը, սակայն համայնքապետի գրավոր դիմումից հետո հարցը քննարկվել է եւ, նկատի ունենալով գյուղական բնակավայր լինելը, ընդունվել է նախագծային փոփոխության առաջարկը` տրակտորների անցման համար նախանշված հատվածներում երկաթբետոնե սալիկներ են տեղադրվելու:
Կանգառների խնդիրն այս տարի հնարավոր է` ամբողջությամբ չլուծվի, քանի որ նախագծում դրանք չեն ընդգրկվել: 15-ից 17 կանգառ էլ, փաստորեն, կկառուցվի համայնքի միջոցներով: Ախուրյանում մի քանի կանգառ երկրաշարժից հետո մասնակիորեն պահպանվել է, դրանք կվերականգնվեն, իսկ մնացած հատվածներում պիտի նորերը տեղադրվեն:
«Հիմա մենք հետաքրքրվում ենք: Եւ գնային եւ արտաքին տեսքի առումով մեզ պետք է, որ եւ ճաշակով լինի եւ հարմարավետ եւ արժեքը ձեռք տա: Մեկ կանգառի վերականգնման համար կես մլն դրամ են ուզել, իսկ արդեն 15 հատը լուրջ գումար է կազմում»,- ձեռքերն է տարածում համայնքապետը:
Արագընթաց ճանապարհի կառուցումն արդեն իսկ բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծել ոչ միայն հետիոտնի, այլեւ հենց նույն մեքենատերերի համար: Արդեն իսկ 2 վթար է գրանցվել, որի պատճառը եղել է մեքենաների արագ ընթացքը: Մտահոգիչ է նաեւ փողոցից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող 2 դպրոցների եւ ծննդատան մերձակա հատվածների երթեւեկը: Ախուրյանի համայնքապետի համոզմամբ` ոչ ճանապարհատրանսպորտային նշանները, ոչ պարեկող ավտոտեսուչները չեն կարող խնդիրը լուծել: Որոշվել է ձեռք բերել արհեստական արգելքներ, որոնք կտեղադրվեն առայժմ երկու դպրոցների մոտ:
Համաշխարհային բանկի տրամադրած գումարներով Ախուրյանի մայրուղուն հարող մայթերը եւս ամբողջովին նորոգվելու են, բարեկարգվելու, արվելու են գծանշումներ հետիոտնի համար: «Ախուրյան ՃՇՇ» ՓԲԸ տնօրենի փոխանցմամբ` թեպետ իրենց ժամկետ է տրված մինչեւ դեկտեմբերի 10-ը, իրենք մայրուղին շահագործման կհանձնեն նոյեմբերի 10-ին: Այդ նպատակով կազմակերպությունը լրացուցիչ աշխատակիցների, հիմնականում բանվորների է ընդունել աշխատանքի` միջինը 120-ից 140 հազար դրամ աշխատավարձով:
Բնակավայրի մեջ մտնող Նոր Ախուրյան տանող 3 կմ ճանապարհահատվածն այս անգամ էլ չի ընդգրկված ճանապարհաշինության ծրագրում, թեպետ ամեն անգամ բարձրաձայնվում է: Հնարավորության դեպքում կոպճային աշխատանքներ են արվում, սակայն համայնքապետն էլ է խոստովանում, որ դա խնդրի լուծում չէ, հիմնական ասֆալտապատում է անհրաժեշտ: «Դա համայնքի ուժերից վեր է, պարզապես պիտի տեսնենք, թե ապագայում ինչ ծրագրով դա հնարավոր կլինի իրականացնել»,-ասում է Արծրունի Իգիթյանը:
Մեկնաբանել