HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբայրներից ո՞վ է սպանել Կարեն Սոխակյանին

Լոռու մարզի ընդահանուր իրավասության դատարանում, Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է Սպարտակ Մանուչարյանի գործի դատավարությունը: Նա մեղադրվում է Կարեն Սոխակյանին սպանելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 18 շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանն անցյալ տարվա հուլիսի 1-ի` ժամը 2:00-ի սահմաններում, իրենց շանքի մոտ «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում ավտոմատային կրակահերթերով սպանել էր Ալավերդու Սարահարթ թաղամասի բնակիչ Կարեն Սոխակյանին: Նույն օրը` ժամը 11-ի սահմաններում, Սպարտակ Մանուչարյանը սպանություն կատարելու մեղայականով ներկայացել էր ոստիկանության Թումանյանի  բաժին: Այդ մասին սպանության օրը «Հետք»-ին տեղեկացրել էր նաև ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը: Կարեն Սոխակյանի սպանությունից գրեթե 5,5 ամիս անց` այս տարվա հունվարի 14-ին, Ալավերդիում գրանցվեց մեկ այլ սպանություն: Ալավերդու Սայաթ Նովա հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակում հրազենային կրակոցներից ծանր վիրավորվեց, այնուհետեւ հիվանդանոցում մահացավ Ալավերդու Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի բնակիչ Վահե Մանուչարյանը, ով Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբայրն էր: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Վահե Մանուչարյանին սպանել է Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ Էդիկ Միրաքյանը: Երեկվա դատական նիստը երկրորդն էր, առաջինը նշանակված էր մայիսի 21-ին, որը սակայն, հետաձգվեց: «Սպարտակ Մանուչարյանը փաստաբան չուներ: Դատը նշանակել էին, բայց ինքը հրաժարվեց»,- «Հետք»-ին ասաց Կարեն Սոխակյանի քույրն ու դատարանում նրա իրավահաջորդը` Սոնա Սոխակյանը: Նախաքննության ընթացքում Սպարտակ Մանուչարյանի շահերը պաշտպանել է փաստաբան Արթուր Աթարբեկյանը, ում պաշտպանությունից նախաքննության ավարտի վերջին օրերին Սպարտակ Մանուչարյանը հրաժարվել է: Սակայն երեկվա նիստին Սպարտակ Մանուչարյանի շահերը պաշտպանելու համար որևէ փաստաբան չէր ներկայացել: «Ո՞ւր է Ձեր փաստաբանը, Դուք նախորդ նիստին ասացիք, որ այսօր կներկայանա Ձեր փաստաբանը»,- հարցրեց դատավորը: «Երևանում է»,- պատասխանեց Սպարտակ Մանուչարյանը եւ տեղեկացրեց, որ երեկ պայմանագիր է կնքվել փաստաբան Արթուր Աթարբեկյանի հետ: Դատավոր Մուշեղ Հարությունյանը նկատեց, որ փաստաբանի հետ պայմանագիրը  պետք է կնքվեր ավելի վաղ եւ նկատեց, որ «այս վիճակը չի կարող անվերջ շարունակվել»: Ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ երեկ դատարան չէին ներկայացել նաև գործով վկաներ Սեդա և Քրիստինե Մատինյանները: Ներկայացել էր միայն գործով վկա Վոլոդիա Մատինյանը, ով Սեդա Մատինյանի ամուսինն է եւ Քրիստինե Մատինյանի հայրը: Նախորդ դատական նիստում Վ, Մատինյանը հավաստիացրել էր, որ հունիսի 17-ին կինը և աղջիկը անպայման կներկայանան դատարան: Սակայն այսօր նա հայտնեց, որ կնոջը` Սեդա Մատինյանին աշխատավայրից չեն թույլատրել ներկայանալ դատարան, իսկ աղջիկը` Քրիստինե Մատինյանը, ներկայումս գտնվում է արտասահմանում: Դատավոր Մուշեղ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների դատարան չներկայանալու գործում արդարացնող հանգամանքեր չի տեսնում, ուստի որոշում կայացրեց նրանց բերման ենթարկելու մասին: Դատավարությունը հետաձգվեց հունիսի 29-ը: Նիստի ավարտից հետո Կարեն Սոխակյանի իրավահաջորդ Սոնա Սոխակյանը «Հետք»-ին դժգոհեց. «Նա չունի փաստաբան, ուղղակի ժամանակ է ձգում»: Ամբաստանյալ Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբայրը` Արթուր Մանուչարյանն էլ «Հետք» -ին ասաց. «Խնդրում եմ, լսեք` ինչ եմ ասում: Կարեն Սոխակյանին Սպարտակը չի սպանել: Նրան սպանել է Վահեն` իմ կրտսեր եղբայրը: Ու հիմա սխալ է, որ Սպարտակն է դատվում»: Մի՞թե  ամբաստանյալ Սպարտակ Մանուչարյանի հարազատները նրան փրկելու համար Կարեն Սոխակյանի սպանությունը որոշել են բարդել նրա  արդեն հանգուցյալ եղբոր` Վահե Մանուչարյանի վրա: Թե՞ գործով նոր հանգամանքներ են պարզվում: Այս կապակցությամբ «Հետք»-ի հարցմանը Լոռու մարզային դատախազ Կարեն Շահբազյանը պատասխանել է. «Գործի նախաքննության փուլն ավարտված է: Գործով գնում է դատաքննության փուլը: Դատավարության ընթացքում այդ կարգի բոլոր խնդիրները կարող են դատարանում բարձրացվել և լուծում ստանալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter