
Այսօր ՄԻԺԻ-ի գրասենյակում կայացավ «Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային «Ազգային Ժողովի» արտաքին գործերի հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Հայասատանի իշխանությունները ձախողում են նաեւ արտաքին քաղաքականությունը, մենք պետք է ստեղծենք մի ամբիոն, որտեղ, անկախ կուսակցական պատկանելությունից եւ գաղափարախոսությունից, բոլոր մասնագետները կհայտնեն իրենց կարծիքը»,- նշեց Խզմալյանը:
Նրա խոսքով` իրենք պետք է ստեղծեն հայաստանակենտրոն ուժ, որը պետք է կատարի մշտական վերլուծություն արտաքին գործերի վերաբերյալ եւ փորձի հասարակական շահից բխող ճանապարհներ առաջարկել: «Ազգային ժողովը» պատրաստվում է իր աշխատանքներում ներգրավել ինչպես դրսում ապրող հայերի, այնպես էլ տեղի երիտասարդ ու փորձառու մասնագետների:
«Մենք չենք հավակնում մրցակցություն ստեղծել ընդդիմության համար, մենք դասական ընդդիմություն չենք, չենք պայքարում իշխանության գալու համար,- ասաց Տիգրան Խզմալյանը,- մեզ հարցնում են` ինչո՞ւ ՀԱԿ-ի հետ չեք անում ձեր ծրագիրը, մենք դաշնակիցներ ենք, ՀԱԿ-ին հաջողոթյուն ենք մաղթում հերթական «արտահերթ» ընտրություններում, որը մեր կարծիքով` չի լինելու»:
Կինոռեժիսորը նշեց, որ նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսին կհաջողվի ընդամենը 5-6 մանդատ ստանալ, քանի որ ընտրությունները, ինչպես միշտ, կեղծվելու են:
Այլընտրանքային «խորհրդարանում» պարտադիր է ընդդիմադիր կարծիքների հնչեցումն ու քննարկումը, իսկ հետագայում «Սարդարապատը» պետք է ձգտի այդ դրույթը օրենքի ուժով ամրագրել խորհրդարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել