HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Ոսկե ծիրանն» այս տարի «բերքառատ» է

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 11-18-ը: Ներկայացվելու են բազմաթիվ հեղինակավոր ռեժիսորներ ու ֆիլմեր 3 մրցութային եւ արտամրցութային ծրագրերում:  Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը եւ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրին փառատոնի մրցութային հատվածի ժյուրիի կազմը եւ փառատոնի հետ կապված այլ մանրամասներ:

Փառատոնը բացվելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով` հանրահայտ ռեժիսորի 90-ամյակի կապակցությամբ: Իսկ Ատոմ Էգոյանի 50-ամյակը «Ոսկե ծիրան»-ում կնշվի հենց ռեժիսորի մասնակցությամբ: Բացման եւ փակման արարողությունները կվարի ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սերժ Ավեդիքյանը: Նրա «Շների կղզի» նոր կարճամետրաժ ֆիլմով էլ կեզրափակվի փառատոնը: Այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նաեւ հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբլեյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաև կյանքի 75-րդ տարում ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը:

Հարուստ ֆիլմացանկով կներկայանա Երևանյան պրեմիերաներ ծրագիրը, որը կմատուցի Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի «Մեղրը», հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6»-ը, լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` «Փոխայց»-ը, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց»-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչված»-ը և այլ ժապավեններ: Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում  են  իսլանդացի Ֆրիդրիխ Թոր Ֆրիդրիքսոնը (ժյուրիի նախագահ), թուրք Սեմիհ Կապլանօղլուն, ամերիկացի Ռոբ Նիլսոնը, բրազիլացի Լոեն Կակոֆը (ազգությամբ հայ է` Լեո Արեւշատյան), ռուս Սերգեյ Լավրենտին:

Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում են` իտալացի Լուչիանո Բարիզոնեն (ժյուրիի նախագահ), ռուս Վլադիմիր Ալենիկովը, շվեյցարացի Էդուարդ Վայնթրոփը, ֆրանսիացի Բարբարա Լորեյը եւ հայ Արա Շիրինյանը: Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի կազմում են` ռուս Արմեն Մեդվեդեւը (ժյուրիի նախագահ), Ռաֆայել Քոթանջյանը, Վրեժ Պետրոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Նարեկ Թովմասյանը: Փառատոնին հայտ էին ներկայացրել 500 ֆիլմ` 75 երկրներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter