Իսպանիայում ձերբակալվածների թվում` 4 հայազգիներ
«Օրենքով գող» Գագիկ Էլոյանի տվյալները դեռեւս ճտվում են
Իսպանիայում մաֆիայի դեմ իրականացրած գործողություններում ձերբակալվել են մի խումբ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ, որոնց մեջ, «Հետքի» տեղեկություններով, կան նաև հայազգիներ, այդ թվում` «օրենքով գողի» համարում ունեցող Գագիկ Էլոյանը (տես նկարը):
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապ վարչության պետ Տիգրան Բալայանը «Հետքին» հայտնեց, որ, իրոք, ձերբակալվածներից 4-ը հայեր են, սակայն առայժմ հայտի չէ` նրանցից քանի՞սն են ՀՀ քաղաքացիներ:
«Առայժմ մեզ հաջողվել է պարզել միայն այն, որ նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ չեն, հավանաբար, Ղազախստանի քաղաքացիներ են: Բայց այս տեղեկությունը դեռեւս ճշտված չէ»,- ասաց Տ. Բալայանը:
Մյուս երկու անձանց, այդ թվում` Գագիկ Էլոյանի քաղաքացիությունը դեռեւս ճշտված չէ: Տիգրան բալայանը վստահեցրեց, որ Իսպանիայում Հայաստանի հյուպատոսության միջոցով արտգործնախարարությունը ճշտում է մանրամասները, որոնք կհրապարակեն` հայտնի լինելուն պես:
Հիշեցնենք, որ Իսպանիայի իրավապահները հունիսի 16-ի երեկոյան ձերբակալել էին 6 մարդու, որոնց նրանք համարում են ռուսական մաֆիայի պարագլուխներ: Բոլոր ձերբակալվածներն էլ կասկածվում են փողերի լվացման, խարդախության եւ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ:
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով տեղի ոստիկանությանը, նշել են, որ ձերբակալվածները հինգ երկրների քաղաքացիներ են` Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Ղազախստան եւ Ուզբեկստան: Նրանք ունեն «օրենքով գողի» համարում եւ մաֆիային ապահովում են դրամական միջոցներով: Գումարները, ըստ ոստիկանության, հանցագործները ներդրել են հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսում:
Նրանցից մեկը ձերբակալվել է Բարսելոնայի օդանավակայանում, որտեղ նա փորձել է միջանկյալ վայրէջք կատարել: Այս տղամարդը, որը, ըստ երեւույթին, մաֆիայի պարագլուխն է, ինքնաթիռը նստել է Դուբայում եւ փորձել Բարսելոնայով հասնել Ամստերդամ:
Կատալոնիայի իրավապահները միաժամանակ խուզարկություններ են սկսել կասկածյալների բնակարաններում եւ նրանց հետ կապված ընկերություններում: Ոստիկանությունն արգելանքի է վերցրել կասկածյալներին պատկանող 30 ավտոմեքենաները: Օպերացիայի շրջանակներում արգելանքի տակ է դրվել նաեւ 500 բանկային հաշիվներ:
Ոտիկանությունը պաշտոնապես հաստատել է 6 անձի ձերբակալելու մասին տեղեկությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանել` արդյոք վերջիններս կապվա՞ծ են ռուսական մաֆիայի հետ, թե՞ ոչ:
Իսպանիայում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը, ինչպես հայտնում է «Газета.Ru»-ն, հրաժարվել է կատարվածի մասին մեկնաբարություններ տալ` պատճառաբանելով, որ իսպանական կողմը դիվանագիտական ճանապարհով առայժմ պաշտոնապես չի հայտնել ՌԴ քաղաքացիների ձերբակալելու մասին:
Իսկ մինչ այդ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Տամբովյան հանցավոր խմբավորման» 20 անդամների ձերբակալման մասին, որոնցից մեկը հանցավոր խմբավորման պարագլուխ Վիտալի Իզգիլովն է, որը ձերբակալվել էր Բալեարյան կղզիներիներում:
Իսպանիայի լրատվամիջոցները միաժամանակ հայտնում են, որ ձերբակալման օպերացիան կապված է միջազգային հատուկ գործողություն հետ, որն անցկացվել է այս տարվա մարտին: Այդ ժամանակ Իսպանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում ձերբակալվել էր շուրջ 70 մարդ, որոնց մեջ կային Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել