
Այսօր Գյումրիի Վ. Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնի շենքում` Մուշ-2 թաղամասում «Գլենդել Հիլզի» կառուցած 22 բազմաբնակարան շենքերի վերջին բնակարանների վիճակահանության փուլն էր: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ուշանում էր, թատրոնի դռները մնում էին փակ, մուտքի մոտ խմբված բնակիչներն էլ իրենց հուզող խնդիրներով դիմում էին լրագրողներին, մեկ էլ տեսար «վերեւների հետ» շփվող 4-րդ իշխանության ներկայացուցիչները կարողացան սպառիչ պատասխան տալ:
70-անց մի տիկին, որ ներկայացավ, որպես Կիմա Խաչատրյան, տեղեկացրեց, որ եկել է վիճակահանությամբ իրեն բաժին հասած 4-րդ հարկի բնակարանը փոխելու խնդրով: «Հը, ի՞նչ կարծիքի եք, որ դիմեմ, մե բանըմ կեղնի՞,-հարցով դիմեց տիկին Կիման,-ընձի վիճակահանությամբ հասած տունը համ 4-րդ հարկ է, համ էլ բալկոն չունի: Ընձի կըսեն լվացքդ առաջի հարկի դեմը բեր փռե: Ուրեմն ես էս հասակիս ու քաշիս, բդի ամեն լվացքին էդ 4 հարկը վեր ու վար էնե՞մ, հա՞, ըբը էղա՞վ: Էն օրը գնացել, ընձի հատկացված տունն եմ տեսել: Աղջիկ ջան, ստիպված էի խաբել, թե մեբել պիտի առնիմ, թողեք գոնե տանս չափերը տեսնիմ: 18 քմ է տունս, որպես մեկ սենյականոց, բան չունիմ ըսելու, գոհ եմ, բայց բաղնիքս տրապ (հատականցք ջրի համար-հեղ.) չունի: Վաննեն էլ էնքան պզտիկ է, որ ես մեջը չեմ տեղավորվի: Հըմի էկել եմ նախարարին խնդրեմ, տեսնիմ, տունս կփոխե…»:

Ակամայից հիշեցի մի քանի ժամ առաջ ծանոթ շինարարից լսածս տեղեկությունը: Փոքր լոգարաններից չխոսեց, բայց ուրիշ զավեշտալի բան պատմեց: Պարզվում է, որ առանց հաշվարկելու որոշակի քանակի լոգարաններ են բերել բնակարանների համար, որոնք այս պահին հնարավոր չէ տեղադրել: «Էդքան մե՞ծ են էդ լոգարանները»,-հարցիս` ծանոթս պատասխանեց.
«Չէ, լոգարանները նորմալ ստանդարտ են, բաղնիք-զուգարանն է փոքր, չենք կրնա տեղավորե: Բաղնիք կա, որ եթե հրաման տան թե զոռով խցկեք, ուրեմն բնակիչը դուռը բանալուն պես, բդի ընկնի վաննեն: Բերին դրին ու գնացին, կըսենք չի տեղավորվի, կըսեն բդի տեղավորեք: Ախր 1,50 բոյ ունեցող վաննեն ինչխ տեղավորենք 2 քմ-ոց բաղնիքի մեջ»:

Վիճակահանությունը նշանակված էր ժամը 15-ին: Նախարարն իր կեսժամյա ուշացումը բացատրեց նորակառույց թաղամաս այցով: «Գալիս եմ շինհրապարակից, որտեղ 32 բազմաբնակարան շենքերի հիմքերն արդեն գցված են, դրանցից 22-ն արդեն բարձրացել են 1-ին հարկի մակարդակով, էնպես որ` աշխատանքները նախատեսված գրաֆիկով գնում են, եւ էկող տարի 37 բազմաբնակարան շենք կհանձնենք շահագործման,-տեղեկացրեց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը,- 288 շահառու պիտի մասնակցի վիճակահանությանն այսօր, եւ դրանով Գյումրի քաղաքում այս փուլը կավարտվի»:
Նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 29-ին բնակիչները կստանան հավաստագրերը, որից հետո նրանց կտրամադրվեն բնակարանների բանալիներ, որպեսզի մարդիկ կարողանան մեկ ամսից լիարժեք տեղափոխվել:
Իսկ Ախուրյան եւ մարզի մյուս գյուղական համայնքներում բնակարանաշինություն կծավալվի 2011թ-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել