Հանցավոր երկյակի ավարտված ոդիսականը
Այս տարվա մայիսի 12-ին Բյուրեղավան քաղաքի բնակիչ Դավիթ Բալայանը եւ Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակչուհի Հեղինե Քոչարյանը մտադրվել էին բնակարանային գողություններ իրականացնել Վանաձորում: Առաջին գողությունից հետո մյուս երկու փորձերը ձախողվել էին:
Գողության երրորդ փորձի ժամանակ հարմարեցված բանալին բնակարանի փականի վրա փորձարկելիս զույգը նկատվել էր տանտիրոջ կողմից: Դավիթ Բալայանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ Հեղինե Քոչարյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին:
Ինչպես «Հենտին» պատմում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Շիրոյանը, ում վարույթում գտնվում է այս գործը, Հեղինե Քոչարյանի մոտ հայտնաբերվել էր առաջին գողության գողոնը` հեռադիտակ: Գողության փորձով նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: Հեղինե Քոչարյանը կալանավորվել էր եւ տեղափոխվել Աբովյանի քրեակատարողական հիմնարկ:
Մեղադրանք էր առաջադրվել նաեւ Դավիթ Բալայանի նկատմամբ ու հայտարարվել հետախուզում: Հունիսի 5-ին վերջինս հայտնաբերվել է Երեւան քաղաքում: Պարզվել է, որ մինչեւ մայիսի 12-ը, մի քանի օրվա կտրվածքով, Դավիթ Բալայանը բնակարանային գողություն եւ գողության փորձեր է կատարել (11 դեպք) Վանաձոր ու Ստեփանավան քաղաքներում:
Դավիթ Բալայանը կալանավորվել է եւ տեղափոխվել Վանաձորի քրեակատարողական հիմնարկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել