HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երկու անգամ թույլ չեն տվել մասնակցել ավագանու նիստին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետարան` տեղեկացնելով, որ կազմակերպության ներկայացուցիչը ցանկանում է մասնակցել ավագանու նիստին: Սակայն այսօր, ինչպես նախորդ անգամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանին թույլ չեն տվել մասնակցել նիստին: Նշենք, որ Սոնա Այվազյանը ցանկանում էր մասնակցել նիստին, քանի որ դրա ընթացքում քննարկվելու էր նաեւ Ուսանողական այգում վերակառուցվող սրճարանների հարցը: Կատարվածի վերաբերյալ «Հետքը» ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը գրավոր բացատարությունը: Ստորեւ ներկայացնում ենք այն, ինչպես նաեւ Սոնա Այվազյանի դիմումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հարգելի խմբագրություն Հասարակական Կազմակերպություններին Երևանի ավագանու նիստերին չհրավիրելու վերաբերյալ ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը տեղերի սահմանափակության պատճառով տեխնիկապես հնարավորություն չի ընձեռում նիստերին հրավիրել ՀԿ-ների ներկայացուցիչներին, քանի որ նիստերին, լուսաբանման նպատակով, ներկա են գտնվում նաև բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա վերջիններիս ներկայացուցիչները հնարավորություն ունեն և ցանկության դեպքում կարող են մասնակցել իրենց հետաքրքրող թեմաներով կազմակերպվող հանրային լսումներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա. Հարությունյանին ԴԻՄՈՒՄ Հարգելի պարոն Հարությունյան, Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված` համայնքի անդամների առջև հաշվետու լինելու և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության ու թափանցիկության և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված` ավագանու նիստերի հրապարակայնության սկզբունքները, ս.թ. ապրիլի 19-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրավոր (ԵՔՄ-10/06 առ 19.04.2010թ.0) դիմել է Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին` խնդրելով ապահովել մեր կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը ավագանու նիստերին: Դիմումը մուտքագրվել է քաղաքապետարանում (մուտքի բանալի 258215), սակայն •րավոր պատասխան մինչ օրս մեզ չի տրամադրվել: Դիմումի պատասխանին տեղեկանալու մասին մեր բանավոր հարցմանը երկու օր շարունակ, ս.թ. մայիսի 5-6-ին, քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներ մեզ ուղղորդել են մի ստորաբաժանումից մյուս ստորաբաժանում: Ի վերջո, Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը բանավոր հայտնել է, որ նամակը «իրեն չի հասել», ինչի պատճառով մենք, փաստորեն, զրկվել ենք մայիսի 7-ին կայացած ավագանու նիստին մեր մասնակցության իրավունքից: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ժամկետում չստանալով մեր դիմումի պատասխանը, ս.թ. հունիսի 3-ին կրկին դիմել ենք Երևանի քաղաքապետ` պարոն Գ. Բեգլարյանին (ԵՔՄ-10/014 առ 03.06.2010 թ., մուտքի բանալի` 266957)` տեղեկացնելով, որ կազմակերպությունը մտադիր է իրականացնել ավագանու նիստերին իր մասնակցության իրավունքը` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետը, որի համաձայն, եթե դիմումի վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չի ընդունվում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սուjն նամակի կապակցությամբ ևս չենք ստացել որևէ արձագանք: Հաշվի առնելով վերոնշյալը` ս.թ. հունիսի 18-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեղեկացված լինելով հունիսի 18-ին կայանալիք նիստի վերաբերյալ, գնում է Երևանի քաղաքապետարան` ավագանու հերթական նիստին մասնակցելու մտադրությամբ, սակայն քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս մտնել քաղաքապետարան` հայտնելով, որ «վերևից իրենց չի իջեցվել» որևէ հասարակական կազմակերպության անուն: Նրանց խորհրդով, կազմակերպության ներկայացուցիչը փորձել է կապվել Գագիկ Բաղդասայանի հետ` ստանալու նրա համաձայնությունը, սակայն ապարդյուն: Քաղաքապետին ուղարկված մեր նամակներին արձագանք չստանալու կապակցությամբ ընդհանուր բաժնից կրկին առաջարկում են դիմել Գագիկ Բաղդասարյանին: Այսպիսով, երկրորդ անգամ  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությանը հնարավորություն չի տրվում մասնակցել Երևանի ավագանու նիստին: Հարկ ենք համարում նշել, որ իր ձեռնարկած քայլերում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմք է ընդունել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված` տեղեկություններ ստանալու իրավունքը և հոդված 27.1-ով ամրագրված` հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու իրավունքի արդյունավետ կիրարկման նպատակը, ինչպես նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները` ապահովելու տեղական իշխանության գործերին քաղաքացիների մասնակցության իրավունքը: Դիմում ենք Ձեզ խնդրանքով` Ձեր լիազորությունների շրջանակում առաջարկել Երևանի քաղաքապետին վերացնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության իրավունքների խախտումները` նշելով ոտնահարված իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները: Հարգանքներով` Սոնա Այվազյան «Երևան քաղաքում քաղաքաշինության Մոնիտորինգ» ծրագրի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter