Հունիսի 21-ը` երաժշտության տոն. Երևանում և մարզերում կկայանան մի շարք համերգներ
ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ արդեն 4-րդ տարին ավանդաբար հունիսի 21-ին անց է կացնում «Երաժշտության տոն» ակցիան: Նախաձեռնությունը, որը Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն է (1982 թ.), այսօր արդեն բացօթյա կենդանի կատարումներով «երաժշտության տոնի» գաղափարի շուրջ է համախմբում աշխարհի ավելի քան 110 երկրի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողների: Աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին նշում են «Երաժշտության տոնը»:
2010 թ. Երևանում ու մարզերում, «Երաժշտության տոնի» շրջանակներում, մի շարք համերգներ կկազմակերպվեն առավոտյան ժամը 11:30-ից մինչև կեսգիշեր: Բացօթյա համերգներ կանցկացվեն «Անգլիական այգում» (ժ. 11:00-13:00), ՀՀ Ազգային ժողովի բակում (ժ. 19:00-ից), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում (ժ. 20:00-ից), Շառլ Ազանավուրի հրապարակում (ժ. 20:00-ից) և «Պողոսյան պարտեզներում» (Սիրահարների այգի` ժ. 20:00-ից):
Երևանում կայանալիք համերգներին կմասնակցեն մանկապատանեկան փողային նվագախմբերը, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (համերգը կայանալու է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո) և Հայաստանի երաժշտական ընկերության «Դոմինանտուս» կամերային նվագախումբն ու երգչախումբը:
Շառլ Ազանավուրի հրապարակում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ կայանալու է ռոք համերգ, իսկ «Պողոսյան պարտեզներում» (Սիրահարների այգի) նույն ժամին ելույթ կունենան Ֆրանսիայից ժամանած «Լավաշ» և «Օգրը դը բարբաք» ֆրանսիական էթնո-ջազ խմբերը: Ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նաև Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում և Գորիսում:
Հայաստանի 7 մարզի (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) շուրջ 24 քաղաքում ու գյուղում կայանալու են համերգներ, տեղի ստեղծագործողների մասնակցությամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունում հունիսի 21-ի «Երաժշտության տոնի» կապակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրվել, որին մասնակցել են Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Կարին Բեկը:
Հայաստանը «Երաժշտության տոն» ակցիային միացել է 2007 թ. հունիսի 21-ին: Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները ողողվում են բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային:
2009 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Երաժշտության տոնը» նշվում է նաև ՀՀ մարզերում: 2009 թ. հունիսի 21-ին տոնին մասնակցելու համար առաջին անգամ ֆրանսիական կողմի հրավերով Հայաստան էր ժամանել ֆրանսիացի երգչուհի Նատալի Ժոլին, որի համերգները տեղի ունեցան Երևանում և Իջևանում:
2009 թ. «Երաժշտության տոն» միջոցառումների շարքում իր նշանակությամբ առանձնացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում` Կոմիտասի արձանի մոտ կայացած համերգը` «Հարգանքի տուրք Կոմիտասին» խորագրով: Համերգն անցկացվեց մեծն Կոմիտասի 140-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել