
Արդեն մոտ 10-րդ օրն է, ինչ ամբողջ աշխարհը տարված է առաջին անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող Աշխարհի գավաթի 19-րդ առաջնությամբ: Ֆուտբոլային համաշխարհային իրադարձությունից առաջ սովորաբար ակնկալիքներն այնքան շատ են լինում, որ Առաջնության մեկնարկից հետո սկսվում է հիասթափությունների ալիքը:
Ֆուտբոլասերների տրամաբանությամբ, ծանոթ հավաքականներն իրենց նախկին հաջողությունները պետք է կրկնեն հաջորդ ֆուտբոլային հանդիպումներում, ինչը սովորաբար չի լինում առաջին հերթին այն պատճառով, որ ֆուտբոլը շատ արագ է զարգանում, եւ խորությամբ այդ զարգացմանը չհետեւելու պատճառով իրականում չի հաջողվում ընկալել այդ զարգացման տեմպը:
Ինչպես մարզասերները հետեւում են Առաջնությանը` տանը եւ դրսում` սրճարաններում կամ բուքմեյքերական գրասենյակներում, նույն տրամաբանությամբ էլ ընթանում է Աշխարհի առաջնությունը: Ընդ որում` երկու դեպքում էլ հիմնական խոսակցությունները տեղի են ունենում դրսում կատարվող իրադարձությունների շուրջ:
Առաջին դեպքում ֆուտբոլասերներն իրենց հիասթափություններն են հայտնում այն հանգամանքի առնչությամբ, որ պոտենցիալ հաղթող իրենց հավաքականը Աշխարհի առաջնությանը անհետաքրքիր խաղ է ցուցադրում` ֆինանսական վնաս հասցնելով նաեւ իրենց, իսկ երկրորդ դեպքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ հաճախ խանգարում են ֆուտբոլին կամ պարզապես այդպիսի տպավորություն են թողնում:
Աշխարհի առաջնության խաղերից դուրս բազմաթիվ բողոքներ, դժգոհություններ եւ իրադարձություններ կան, որ արժանի են հիշատակման:
Սեքսը խանգարո՞ւմ, թե՞ օգնում է
Նախ` սեքսի մասին, որը հարավամերիկյան երկու հավաքականներից Բրազիլիայի դեպքում արգելվել է ֆուտբոլիստներին, իսկ Արգենտինայի դեպքում խրախուսվել է: Թե որքա՞ն է սեքսը խանգարում կամ օգնում ֆուտբոլին, կերեւա Առաջնության ավարտին, քանի որ երկու հավաքականներն էլ համարվում են այս առաջնության ֆավորիտներ եւ ծանոթ են համաշխարհային ֆուտբոլասերներին: Ամեն դեպքում, հավաքականների խաղերից դեռեւս պարզ չէ, թե որքանով են այդ որոշումներն օգնել խաղերի մակարդակի բարձրացմանը, քանի որ երկու հավաքականներն էլ իրենց լավ չեն դրսեւորել: Ավելին` Արգենտինայի հավաքականի` Նիգերիայի հանդեպ տարած հաղթանակը ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն համարել է թյուրիմացություն եւ մրցավարական սխալ` պատճառաբանելով, թե խաղի ժամանակ խփված միակ գոլը չպետք է արձանագրվեր` դրանից առաջ արգենտինացի խաղացողի կողմից թույլ տրված խախտումը չգրանցելու եւ խաղը չընդհատելու համար:
Մարզադաշտերում պահպանակներն արգելված են
Բրազիլիայի հավաքականի հանդեպ սեքսի տաբուն ՖԻՖԱ-ն որոշել է տարածել նաեւ ֆուտբոլասերների վրա` մարզադաշտերում խաղերի ժամանակ պահպանակներ բաժանող մի քանի կազմակերպությունների հստակ արգելելով զբաղվել նման գործունեությամբ: Այդ կազմակերպություններն այնքան են նեղսրտել ՖԻՖԱ-ի այդ վերաբերմունքից, որ մատնանշել են ՖԻՖԱ-ի այն թույլտվությունը, որ մարզադաշտերում ալկոհոլն արգելված չէ: Խոսքն, իհարկե, հովանավորների արտադրության ալկոհոլային խմիչքների վաճառքի մասին է:
Ֆուտբոլային խաղերին մերկանալն արգելված է
Բացի պահպանակների բաժանումն արգելելուց, ՖԻՖԱ-ն նաեւ մի հետաքրքիր տաբու է դրել, որ մարզադաշտերում մերկանալ չի կարելի, իսկ օպերատորներին` չի կարելի գայթակղվել նման կադրերը միլիոնավոր հեռուստացույցների էկրաններ ուղարկելով: Ֆուտբոլային ամենախոշոր կազմակերպության այս որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ խաղերին հետեւում են տարբեր տարիքի մարդիկ, եւ չի կարելի ֆուտբոլը նման անբարոյականությամբ համեմել: Եվ չնայած մարզասերները խաղերի ժամանակ չեն կարող մերկանալ, բայց Արգենտինայի հաղթանակի դեպքում, հնարավոր է, որ Մարադոնան պահի իր խոստումը եւ իրոք մերկանա:
Վուվուզելից մինչեւ պաշտոնական գնդակ
Խաղից դուրս երկու իրադարձություններ էլ կան, որ ֆուտբոլի այս առաջնությունը ձանձրալի եւ անհետաքրքիր են դարձնում ֆուտբոլասերների, ֆանատների եւ պարզապես խաղացողների համար:
Առաջին բողոքը վերաբերում է ականջների ցավ եւ շուրթերի ճաք առաջացնող հարավաֆրիկյան վուվուզել ազգային գործիքին, որը շատերի համար անտանելի է դարձրել Աշխարհի առաջնությունը: Եվ չնայած համընդհանուր բողոք էր հասունացել այդ գործիքների մռնչյունների հանդեպ, ՖԻՖԱ-ն որոշել է հարգել հարավաֆրիկացիների ազգային մշակույթը եւ թույլատրել տեղացի ֆուտբոլասերներին թնդացնել մարզադաշտերը:
Երկրորդ բողոքը վերաբերում է Զամբուլանի անունը ստացած Առաջնության պաշտոնական գնդակին, որը մի շարք հավաքականների կողմից արդեն լուրջ քննադատությունների է արժանանում, եւ կարծես հասունանում է մի այնպիսի սկանդալ, որ որոշ հավաքականների պարտություններ կպատճառաբանվեն հենց այդ գնդակի աննորմալությամբ:
Մոմիկ Վարդանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել