Կվերանայվի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի նիստում անդրադարձ է եղել «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքին։ Կառավարության ղեկավարի խոսքով` ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային պայմանների մասին։
«Մասնավորապես, կարծիք կար, որ շատ արագ այս 3 միլիարդ դրամը կսպառվի, և մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել։ Ես չէի կիսում այդ կարծիքը և համոզված էի, որ մեր սահմանած չափանիշները բավականին խիստ են և միգուցե ծրագրի սկզբի համար արդարացված, որպեսզի մենք կարողանայինք ապրոբացիայի ենթարկել մեր մեթոդաբանությունը, ինչպես նաև բանկերը պատրաստ լինեին դրան։ Մենք պետք է կարողանայինք ծրագիրը վերահսկել, օգտվելու կարգերը պետք է հասնեին բոլոր համայնքեր առևտրային բանկերի միջոցով, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, և մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ պետք է վերանայվեն առաջնային վճարի գումարը, ինչպես նաև ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար ծրագիրն ավելի հասանելի լինի։
«Կարծում եմ` ճիշտ կլինի, որ հակառակ պատկերը լինի` հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն։ Բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետև ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են` վարկերի վերադարձելության հետ կապված։ Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին և տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար։ Համենայն դեպս, առաջին փուլի արդյունքներն այդ մասին են վկայում։ Երևի թե մենք նորից պետք է հավաքենք մեր աշխատանքային խումբը Կենտրանական բանկի աշխատակիցների հետ միասին և ևս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին։ Մենք պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար և նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Ըստ նրա` հնարավոր է` առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ` տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդգծված երևալու համար, էապես մեղմացվեն պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ։
«Այսինքն, եթե մարզերում, համայնքներում կլինեն այդպիսի հայտեր, ապա կփորձենք ավելի արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել։ Կտեսնենք` ինչպիսի կախվածություն կա այդ պայմանների մեղմացման և հայտերի քանակի ավելացման միջև։ Եթե զգանք, որ այդ կապն աշխատում է, ապա կփորձենք հետագայում տարածել հանրապետության ամբողջ տարածքով մեկ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա համոզմամբ` այս հարցը պետք է դարձնել հրապարակային քննարկման առարկա, որովհետև հասարակության մեջ հիպոթեքային ծրագրերից օգտվելու հետաքրքրությունը բավականին մեծ է։ «Բայց չնայած դրան` իրականում, ցավոք, հազարավոր երիտասարդներ չկարողացան բավարարել ներկայիս սահմանած պայմանները։ Դրա համար, մենք, ունենալով այսպիսի չափանիշներ, խոստանում ենք ձեզ վերանայել դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել