Արա Օշական. «Ուզեցի միշտ միայն ըլլալ պարզ ժողովուրդին հետ, իրենց ամենօրյա կյանքի մեջ նկարել, քան թե առաջնորդ մը»
Ծերուկը հայտնվում է Ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշականը իր նկարները փակցնում է պատին եւ երկար ժամանակ նայում: Այն նկարները, որոնք մի քանի շաբաթ հետո այլեւս հետաքրքիր չեն լուսանկարչի համար, պոկում է եւ տեղը նոր նկար փակցնում: 2006 թ. Վանք գյուղում Արայի արած լուսանկարներից մեկը այդպես էլ չձանձրացրեց նրան եւ շատ երկար մնաց պատին:
Նկարն արվել է Վանք գյուղի աղբյուրի մոտ, որտեղ նավի նմանվող ռեստորան կա եւ խանութ:
Խանութի ներսում մութ էր, դրսում` լույս, եւ խանութի փայլուն ապակին հայելու էր վերածվել: Արան դրսից նկարել է խանութի ապակին, որի մեջ արտացոլվել է Վանքի ծերունիներից մեկը: «Կարծես թե ադ անձը ադ հայելիին ետեւեն դուրս կուգա կամաց-կամաց: Նկարեն ձախեն որ աջ նայիս, աս ծերուկը կամաց-կամաց ավելի կհայտնվի, մեջտեղ կուգա»,- ասաց Արան: Հենց այս նկարից եւ հայտնվելու իմաստից է ծագել «Father Land» («Հայրենիք») գրքի հիմնական գաղափարը: Արան այսպես է բացատրում. «Ադ նկարը կենտրոնական նկար եղավ աս հայտնվելու գաղափարին, որ շատ կարեւոր գաղափար է աս գիրքին, որովհետեւ գիրքը հորս հետ ըրած եմ: Ես աս գիրքին ընթացքին հայր եղած եմ` 4 երեխա ունեցած եմ այս ընթացքին` գիրքին սկիզբեն, եւ աս գիրքի ընթացքին հայրս գրած է եւ վերջը մահացած է: Ուրեմն ես ոչ միայն հայր եղած եմ, այլեւ հորս տեղն ալ ըրած եմ, եւ գիրքի աս պրոցեսը, որ 10 տարի առած է, ձեւով մը ինձի հայտնվելու պրոցես մը եղած է նույն ժամանակ»:
1999 թ. Արան առաջին անգամ հոր` հայտնի գրող Վահե Օշականի հետ այցելել է Արցախ, իսկ 2006-ին Արան վերջին անգամ է եղել Արցախում` լուսանկարելու «Father Land» գրքի համար: «Ղարաբաղում միշտ ընդունած են ինձի, ադիկա ամենեն սքանչելի բանը եղած է: Օրական մի 2-3 հոգի իրենց տունը ինձի կհրավիրեին, որ գամ, նստիմ, սուրճ խմեմ, խոսինք եւ այլն: Ամերիկայի մեջ կրնաս 3 տարի երթալ, մեկը իրենց տունը չի հրավիրեր քեզի, եթե ընկեր չեն քեզի հետ: Անընդհատ մարդոց տունը կերթայի եւ երբեմն կնստեի, կխոսեի մարդոց հետ կրնա ըլլալ 1-2 ժամ եւ մեկ հատ նկար չէի առներ, որովհետեւ ինձի համար նկարելու պրոցեսը նույն ժամանակ հարաբերություն ստեղծելու պրոցես մըն է: Եվ երբեմն առանց լուսանկարչության պետք է հարաբերություն մը ստեղծես, եւ կրնա ըլլալ` շատ աղվոր նկար մը փախցնես: Խոսիլը շատ կարեւոր է»,- ասաց Արան:
Արցախում արված նկարները լուսանկարչական նախագծերի «Visions 2001» ազգային մրցույթում 3-րդ տեղն են զբաղեցրել: «Father Land» գրքում Արցախի տեսարժան վայրեր ու բնանկարներ չկան, միայն մարդկանց նկարներ են: Գրքում ներկայացված են նաեւ լուսանկարչի հոր գրած բավական երկար տեքստերը` Արցախի պատմության, պատերազմի, մշակույթի մասին, նաեւ` գրողի տպավորությունները: Գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերին, Նյու Յորքում: Արան ցանկանում է գիրքն անպայման Հայաստանում, այդ թվում նաեւ Արցախում ներկայացնել, ցուցահանդես կազմակերպել:
Լուսանկարչի երազանքը վեպ գրելն է
Արան Բեյրութում է ծնվել, փոքր տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է կնոջ ու 4 երեխաների հետ: Ասում է, որ պատահմամբ է լուսանկարիչ դարձել: Նա ցանկացել է գրող լինել, ինչպես հայրը: Գրող դառնալու մասին հիմա էլ է երազում, Արան մտքում 1-2 վեպ ունի: Երկար ժամանակ անգլերենով պատմվածքներ է գրել, իսկ վեպ գրելու քաջություն, իր խոսքերով, չի ունեցել: Մի օր նա որոշել է, որ իր պատմվածքների հետ լուսանկարներ պետք է լինեն եւ դիմել է իր լուսանկարիչ ընկերներին: Սակայն Արային թվացել է, թե ընկերների լուսանկարները չեն համապատասխանում իր պատմվածքներին, եւ ինքն է սկսել լուսանկարել: «Սկսա ավելի եւ ավելի նկարել եւ կամաց-կամաց լրջացա, խորացա լուսանկարչության մեջ: Վերջը օր մը եկավ, որ անդրադարձա, որ կարեւոր չէ` գրո՞ղ ես, լուսանկարի՞չ, թե՞ նկարիչ կամ մյուզիքի մեջ: Կարեւորը ան է, թե ինչ կուզես փոխանցել ասոր միջոցով: Այն ժամանակ, երբ ադի անդրադարձա, գրությունը ձգեցի եւ ամբողջովին լծվեցա նկարելու»,- պատմեց Արան: Նա չի սիրում լուսանկարել պաշտոնական իրադարձություններ, պաշտոնյաների եւ երբ գնում է, ասենք, որեւէ փառատոնի, նկարում է ոչ թե բեմի վրա, այլ բեմի ետեւում տեղի ունեցողը: «Ըսենք` Ղարաբաղի իմ գործիս մեջ առիթներ ունեցա կառավարական կամ աս տեսակի, ան տեսակի մարդոց հետ շփում ունենալ, բայց անընդհատ-անընդհատ ադ բաներեն ես հեռացա եւ ուզեցի միշտ միայն ըլլալ բնական, պարզ ժողովուրդին հետ, իրենց ամենօրյա կյանքին հետ, իրենց կյանքի մեջ` ադ միջավայրի մեջ նկարել, քան թե առաջնորդ մը: Պաշտոնական վիճակին մեջը քիչ մը դերակատարություն կա, մարդիկ որոշ ձեւով պետք է վարվին, ըսեն, խոսին: Երբ մարդիկ կնկարես պարզ` իրենց տունին մեջ կամ անանկ տեղեր, ադ բանը չկա, եւ կարծեմ ավելի դյուրին է հասնիլ որոշ ճշմարտության մը»,- ասաց Արան:
«Ինչո՞ւ համար բան մը չէիք ըներ»
1995 թ.-ից Արա Օշականը ԱՄՆ-ում լուսանկարել է Ցեղասպանությունը վերապրածներին: Այն ժամանակ դեռեւս բավականին վերապրածներ կային: Արան արձանագրել է նաեւ վերապրողների պատմությունները: Ընկերների հետ Արա Օշականը լուսանկարել եւ հարցազրույց է անցկացրել Ցեղասպանությունը վերապրած 80 հայի հետ: «Մեծ մասի մայրերը, հայրերը կամ եղբայրները, քույրերը իրենց աչքին առջեւը մահացած են, եւ հարց կդնեին երբեմն, թե, ըսենք, «ինչո՞ւ ես վերապրած եմ, եւ իրենք չեն վերապրած»: Իրենց զգացական աշխարհը շատ-շատ կոմպլեքս եւ դժվար աշխարհ մըն է, որովհետեւ ոչ միայն ադ կա, որ եղավ եւ չի ընդունվիր, բայց նույն ժամանակ տեսած են, եւ արդեն շատ-շատ դժվար է ադ տեսածով ապրիլը»,- պատմեց Արա Օշականը: Լուսանկարչին հանդիպել են նաեւ Ցեղասպանությունը վերապրած հայեր, ովքեր հայերին են մեղադրել թուրքերի դեմ բավարար ինքնապաշտպանության չդիմելու համար: «Մեկ վերապրող մը ունինք, որ կըսեր. «Ինչպե՞ս կըլլա, որ մենք ասանկ գացած ենք եւ ջարդված ենք: Հայրս կըսեր` մեր շուրջը հարյուրավոր հայեր էինք, եւ մեկ հատ զինվոր կար` մեր վրան կեցած էր: Ինչո՞ւ համար բան մը չէիք ըներ»: Այո, քանի մը հոգի անանկ արտահայտված են, թե «ինչպե՞ս կըլլա»»,- ասաց Արա Օշականը: Նա նախատեսում է գիրք պատրաստել, որում ամփոփված են լինելու Ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները եւ նրանց պատմածները: Ցեղասպանությունը վերապրողներին նվիրված այս գիրքը Արայի` դեռեւս չհրատարակված 5 գրքերից մեկն է եւ, հավանաբար, լույս կտեսնի «Father Land»-ից հետո:
Աշխարհ, որ շատ քչերն են տեսնում
Արա Օշականն աշխատել է նաեւ բանտում. Կալիֆոռնիայում լուսանկարել է երիտասարդ իրավախախտների: «Բանտի մեջ աշխատիլը շատ-շատ հետաքրքրական էր, որովհետեւ գաղտնի տեղ մըն է` հսկայական պատերուն ետեւ, որ եթե հանցանք մը չես գործած կամ չես դատապարտված, որ հանցանք մը գործած ես, չես տեսներ: Եվ ես ասանկ բացառիկ առիթ մը ունեցա, որ հակառակ անոր, որ հանցանք չեմ գործած, ինձի չեն բռնած իմ հանցանքիս, կրցա երթալ եւ տեսնել ադ իրենց ապրելու վիճակը հոն: Գաղտնի աշխարհ մըն է, որ շատ քչերը կտեսնան: Ադիկա ինձի համար բացառիկ նորություն մըն էր»,- պատմեց լուսանկարիչը:
Բանտում Արա Օշականը օրական մեկ-երկու ժամ է աշխատել, որը կարճ ժամանակ է լուսանկարների միջոցով ազատազրկված երիտասարդների հոգեվիճակը ցույց տալու համար: Ավելի քան 2 տարի բանտում լուսանկարելուց հետո Արան տեսել է, որ լուսանկարներում խորքը որոշ չափով պակասում է:
Որպեսզի այդ խորքը լինի, նա լուսանկարների հետ տեղադրել է նաեւ տեքստ` հատվածներ նամակներից, շարադրություններից, բանաստեղծություններից, որոնք երիտասարդներն իրենց ձեռքով են գրել: «Մեկ-երկուսը շատ լավ բանաստեղծություններ կգրեին: Ես առաջին անգամ որ բանտ գացի, մտածեցի, որ ասոնք պիտի ըլլան գանգստերներ, տատու-մատու եւ այլն` ասանկ բաներ, բայց շատ համեստ տղաքներ եւ աղջիկներ էին` խելացի եւ հետաքրքրված, եւ եկած էին, կուզեին, որ վիդեո նկարել սորվին եւ այլն, եւ շատ տարբեր չէին մեր ընկերներեն իրականության մեջ»,- ասաց Արան:
Բացի լուսանկարը տեքստի հետ համադրելուց` Արան երբեմն լուսանկարը համադրում է մեկ այլ լուսանկարի հետ, կամ էլ երեքը միասին: Նպատակն է ստեղծել ավելի մեծ նկարագրական հնարավորություններ` ներկայացնելու ոչ միայն ազատազրկվածների, այլեւ այն վայրի պատմությունը, որտեղ նրանք ապրում են: Բացի դրանից` երբ նկարի հետ տեղադրվում են երիտասարդների ձեռագիր գրվածքները կամ նկարները, դրանք պատմում են հենց երիտասարդների պատմությունը: Սա շատ կարեւոր է բանտում գտնվող ամեն մարդու համար, քանի որ նրանք զրկված են իրենց իրերից, հագուստներից եւ մնացած ամեն ինչից: Արան ասում է, որ իր այս լուսանկարչական նախագիծը մի փորձ է` երիտասարդ իրավախախտներին ձայնի իրավունք տալու մի վայրում, որտեղ նրանք իրենց պատկանող ոչինչ չունեն: Արա Օշականը հրատարակիչ է փնտրում երիտասարդ իրավախախտների լուսանկարներն ամփոփող գիրքը հրատարակելու համար: Հունիսի 2-ին Նյու Յորքում բացվեց «Moving Walls» («Շարժվող պատեր») ցուցահանդեսը: Ամեն տարի բազմաթիվ լուսանկարիչներ են դիմում ցուցահանդեսին մասնակցելու համար, բայց միայն վեցն է ընտրվում: Նախկինում Արան մի քանի անգամ դիմել էր, բայց չէր ընդգրկվել ցուցահանդեսում: Այս տարի ընտրված 6 մասնակիցների թվում է նաեւ Արա Օշականը: «Moving Walls» ցուցահանդեսին ներկայացված է բանտում նրա կատարած աշխատանքը:
Մեկնաբանել