HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Այս տմարդի գործողություններն անընդունելի են»

Այսօր Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է երեկ Ադրբեջանից ԼՂՀ տարածք ներխուժած զինված հետախուզական խմբավորման սադրանքը: Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և նույնքան վիրավոր տվեց: Սերժ Սարգսյանն ասել է. «Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել և զեկուցել են, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել ԼՂ պաշտպանության բանակի դիրքեր: Բնականաբար, պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները չեն իրականացել, ձախողվել են: Հանցագործության վայրում թողնելով զոհեր և կրելով կորուստներ` նրանք հետ են քաշվել իրենց դիրքերը: Ցավոք սրտի, կորուստներ ենք ունեցել նաև մենք: Ես ցավակցություն եմ հայտնում մեր 4 զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին: Նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել: Բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը: Սադրանքներն անընդունելի են, հատկապես այս տմարդի գործողություններն են անընդունելի, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ ավելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ սա անհարգալից վերաբերմունք է նաև համանախագահող երկրների նկատմամբ»: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս միջադեպն անդրադառնա բանակցությունների վրա կամ վերաիմաստավորի Հայաստանի մասնակցությունը` Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մենք վերաիմաստավորելու կարիք չունենք, որովհետև շատ գիտակցված ենք գնում բանակցություններին և մեր նպատակը շատ հստակ է. մենք մեր նպատակից երբեք չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայվի: Մենք հաստատակամ ենք և ես վստահ եմ, որ հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Դա է մեր նպատակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter