HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Բնապահպանության պետական տեսուչները պետք է շուրջօրյա աշխատեն

Դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն Բնապահպանության պետական տեսչությունը ՀՀ բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումն է, այն բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկողության գործառույթն է իրականացնում` մթնոլորտային օդի, հողերի պահպանության, ջրային ռեսուրսների, ընդերքի, կենսառեսուրսների օգտագործման եւ պահպանության, վտանգավոր նյութերի եւ արտադրության ու սպառման թափոնների գործածության, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների բնագավառներում: Աշխատակիցների սահմանափակ թվաքանակն ու հատկապես քաղաքացիական ծառայողի նրանց կարգավիճակը տեսչությանը հնարավորություն չեն տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Պետական բյուջեից այս տարվա ֆինանսավորումը նախորդի համեմատ նվազել է` կազմելով մոտ 364.4 մլն դրամ: Աշխատավարձերը մնացել են նույնը, կրճատվել են մնացյալ ծախսերը: Այս թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանեց Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Հանրապետության բոլոր մարզերում մենք ունենք տարածքային բաժիններ, որտեղ աշխատում են 6-15 աշխատակիցներ, եւ ունենք կառուցվածքայի ստորաբաժանում, որտեղ կան 7 բաժիններ` ըստ ոլորտների, որոնցից յուրաքանչյուրը վերահսկողություն է իրականացնում իր ոլորտում: Մեր աշխատակիցները մոտ 200 հոգի են, որից 150-ը պետական տեսուչներ են: Արդյոք տեսուչների թվաքանակը բավարարու՞մ է ամբողջ Հանրապետությունում բնապահպանության վերահսկողությունն իրականացնելու համար: Լիարժեք, մանրակրկիտ վերահսկողություն իրականացնելու համար, բավարար չէ, բայց մեր ունեցած ռեսուրսներն այդքան են, եթե ուզում ենք, որ գերազանց լինի, մեզ, իհարկե, պետք են ավելի շատ աշխատակիցներ, բայց այդ թիվը բավարար է վերահսկողություն իրականացնելու համար: Տեսուչներն ավելի շատ ահազանգերո՞վ են գնում դեպքի վայրեր, թե՞ պարտադիր այցեր կան նախատեսված: Տեսչությունն իր աշխատանքները կատարում է տարեկան ծրագրին համապատասխան, վերահսկողությունն իրականացնում է օպերատիվ աշխատանքների շնորհիվ եւ տնտեսվարող սուբյեկտներում այցելություններով: Մենք վերահսկողություն ենք իրականացնում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ: Իրավաբանական անձանց նկատմամբ այցեր կատարելու համար պետք է հանձնարարագիր լինի, թե ինչի համար են նրանք այցելում: Մեզ մոտ հաշվառված են մոտ 4000 տնտեսվարող սուբյեկտներ: Տնտեսվարող սուբյեկտները տեղեկացվա՞ծ են լինում տեսուչների այցելության մասին: Ստուգում իրականացնող մարմինների մեջ մեր տեսչությունը բացառություն է կազմում. եթե մի շարք նախարարություններ նախօրոք տեղեկացնում են, նոր են այցելում, մեզ մոտ այդ կետը հանված է, որովհետեւ մեր աշխատանքներին դա կարող է խոչընդոտել: Մարզի տեսուչները մարզի բնակիչնե՞ր են: Հիմնականում այո: Այս դեպքում կոռուպցիոն ռիսկերն են բարձր, քանի որ մարզում գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, եւ տեսուչները կարող են չարձանագրել որոշ խախտումներ: Եթե մենք ասենք, թե կոռուպցիա 100 տոկոսով չկա, ճիշտ չի լինի, բայց դա նվազագույնի է հասնում, քանի որ մենք ստուգում ենք նաեւ մարզի տեսուչի աշխատանքը: Մենք նաեւ մտածել ենք տեսչական համակարգում փոփոխություն մտցնելու մասին: Նախարարին ներկայացրել ենք, որ անհրաժեշտ է մի կառույց, որն անմիջապես կկարողանա վերահսկել տվյալ տարածքի բաժնի աշխատանքները: Առաջարկը քննարկման փուլում է, եթե նախարարը տա իր համաձայնությունը, կարծում եմ` մենք դա օրենսդրությամբ կամրագրենք: Այժմ մենք դա կատարում ենք այստեղի կառուցվածքների կամ տեղակալների միջոցով, գնում-ստուգում ենք, թե ինչպես են կատարում աշխատանքը: Բնապահպանական տեսուչները քաղաքացիական ծառայողներ են, եւ ըստ օրենքի` նրանց աշխատանքն ավարտվում է ժամը 18:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին նրանք ընդհանրապես չեն աշխատում: Բայց չէ՞ որ շատերը հենց այդ ժամանակահատվածում են ծառ կտրում, բնությունն աղտոտում: Իրոք, մեր աշխատանքը նորմավորված է մինչեւ ժամը 18:00-ն, իսկ բնապահպանության խախտումները լինում են նաեւ ժամը 18:00-ից հետո: Դրա համար էլ մենք ցանկանում ենք, որ մեր կարգավիճակը փոխվի, կամ ստեղծենք հատուկ ծառայություն, որպեսզի տեսուչի աշխատանքը նորմավորված չլինի: Ենթադրենք գիշերվա ժամը 1-ին ինչ-որ տեղ ծառ են կտրում, նա պետք է գնա: Իսկ այս համակարգը թույլ չի տալիս: Իհարկե, մեր տեսուչները հասկանալով գնում են, բայց օրենքով մենք իրավունք չունենք նրանց աշխատեցնելու: Դրա համար էլ անհրաժեշտություն է առաջանում մի օպերատիվ բաժին ունենալ, եթե լինի քաղաքական որոշում, ապա կներկայացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Բնապահպանական պետական տեսուչը պետք է հետաքննություն իրականացնելու իրավասություն ունենա, որպեսզի գործը հասցնի ավարտին: Մենք այսօր արձանագրում ենք խախտումը, հանձնում ենք իրավապահ մարմիններին: Բայց միշտ չէ, որ դիմում եք իրավապահ մարմիններին: Դիմում ենք, եթե կան հանցագործության հատկանիշներ. օրինակ` ծառահատումների դեպքում, եթե վնասը հասնում է 400 հազար դրամի, իսկ կենդանական աշխարհին հասցրած վնասի դեպքում` 200 հազար դրամի, դա հանցագործություն է: Իսկ դուք հետեւու՞մ եք քրեական գործերի ընթացքին ու արդյունքին: Մենք պետք է իրենցից տեղեկատվություն ստանանք, թե ինչ ընթացք ունեցավ գործը, բայց մեր եւ իրավապահ մարմինների միջեւ կապն այստեղ հստակ չէ, եւ վերջնական արդյունքներ ունենալու առումով մենք խնդիր ունենք: Իսկ հնարավոր չէ՞ առկա համակարգի պայմաններում հերթափոխով աշխատել եւ ապահովել շուրջօրյա վերահսկողություն: Դրա համար պետք է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն արվի: Նշեմ, որ բնապահպանական օրենսդրությունն օրեցօր բարեփոխվում է: Իսկ որքանո՞վ է մարզի բնակչությունը տեղեկացված տեսչության թեժ գծի հեռախոսահամարի մասին: Օրինակ` Արագածոտնի մարզի բնակչությունը հիմնականում գիտի, թե մեր տարածքային բաժինը որտեղ է գտնվում, եւ նրանք սերտ համագործակցում են: Իրենք անմիջապես տեղեկացնում են, այդ թվում եւ մարզպետարանների միջոցով: Իսկ, օրինակ, Սյունիքի բնակիչնե՞րը: Մենք մեր տարածքային բաժանմունքներին հանձնարարել ենք, որ տեղի լրատվամիջոցներով տարածեն թեժ գծի հեռախոսահամարը: Մենք դեռ չենք լսել այդպիսի բան, որ տարածքի ինչ-որ բնակիչ չիմանա, թե ում դիմի: Տարվա կտրվածքով քանի՞ ահազանգ է ստանում տեսչությունը: Տարեկան մոտ 300 դիմում` ամբողջ հանրապետությունից: Ըստ Ձեզ` այդ թիվն արտացոլո՞ւմ է իրական խախտումների քանակը: Ցավոք, մի այսպիսի խնդիր կա, որ մարդիկ բողոքը ներկայացնում են իրենց անձնական խնդրներից ելնելով, որոնք մեզ չեն առնչվում, իսկ բնապահպանական խախտումների վերաբերյալ շատ քիչ են դիմում: Փաստորեն, հասարակությունն անտարբեր է բնության նկատմամբ: Չէի ասի, թե անտարբեր է, ուղղակի մարդկանց հուզող խնդիրներն այսօր առողջությունն ու իրենց սեփականությունն է, որոնց վերաբերյալ պետք է այլ մարմինների դիմեն, իսկ մեր տեսչությունը լիազորված է վայրի բնության պահպանության եւ շրջակա միջավայրի նկատմամբ վերահսկողություն իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter