«Ապագա-գոմերի» հմայքն ու հարցականներ
Ենոքավանը Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 11 կմ հեռավորությամբ է գտնվում: Գյուղից 3.1 կմ դեպի վեր` սարերը տուրիստական հանգրվան է: Իջեւանցի տաքսու վարորդ Աշոտը, ում մեքենայով հասա Գոմեր կոչվող տարածք, հիացած էր տեղի բնությամբ, աղբյուրներով եւ վերադարձին մեքենայում գտնվող պլաստմասսե շիշը լցրեց հանգրվանի պահակատան մոտի աղբյուրի ջրով: Ծովի մակերեւույթից 1350 մ բարձրությամբ տարածքն իսկապես հրաշալի է, այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Իջեւան քաղաք ու շրջակա բարձունքների գեղատեսիլ անտառները: Ի դեպ, վերջերս այս գեղեցկությունը վայելել է աշխատանքային այցով Տավուշի մարզ այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այցի ավարտին պաշտոնատարների ու շուրջ 20 լրագրողների ուղեկցությամբ հյուրընկալվել է այստեղ:
«Գոմեր» տուրիստական հանգրվանում լրագրողիս բարեհամբույր ընդունեց 52-ամյա Վաչիկ Մատինյանը, ով պատրաստակամ էր պատասխանելու հարցերիս: Վաչիկ Մատինյանն իր մասին ասաց, որ այստեղ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, պարզապես ինքը, իր կինը ու 6-6.5 հա տարածքի վրա այդ հանգրվանը հիմնած Արտակ Չիբուխչյանի հարազատները` քեռու, մորաքրոջ որդիները օգնում են այդ տնտեսության պահպանմանը: Վաչիկից տեղեկացա, որ ծնունդով ենոքավանցի 45-ամյա Արտակ Չիբուխչյանը Մոսկվայում բարձրագույն բժշկական կրթություն է ստացել, ձեռք բերել բժիշկ-կիբեռնետիկի մասնագիտություն: Իր մասնագիտությամբ աշխատել է Իջեւանում, հետո տեղափոխվել Մոսկվա: 2002 թ. նա Ենոքավան համայնքից ձեռք է բերել այդ տարածքը եւ սկսել քոթեջների կառուցումը:
«Այժմ 11 քոթեջ կա, որից 3-ը դեռեւս չեն շահագործվում, ունենք բացօթյա հացատուն, սաունա, մերսումների կենտրոն, որի մասնագետները մեզ մոտ չկան, անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրում ենք»,- ներկայացնում է Վաչիկը:
Նաեւ «Որսորդական» երկտեղանոց 5 տնակներ կան` փայտե վառարաններով: Տարածքում, սակայն, որս չի թույլատրվում: Մատինյանի խոսքերով` այս հանգստյան գոտու ստեղծման նպատակը ագրոտուրիզմի զարգացումն է: Այստեղ պահվում են 30 ձի, 3 մայր խոզ` խոճկորներով, խոշոր եղջերավոր անասուններ: «Այստեղից ձիերով կամ հետիոտն արշավներ են կատարվում դեպի պատմական հուշարձաններ, Նոյեմբերյանի տարածաշրջան, Ալավերդի, Հաղարծին, ամենահեռու ուղերթը 25-30 կմ է: Կա տուր, որ տուրիստները մինչեւ 11 օր հանգստանում, գիշերում են վրաններում: Մեր հյուրերը աշխարհի տարբեր երկրներից են` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից եւ այլն»,- ասում է Վ. Մատինյանը:
«Այս բազայի շինարարության մեջ ներդրում է կատարել «Ապագա տուր» ՍՊԸ-ն, որն էլ իր ներդրումների դիմաց, որպես տուրիստական ընկերություն, իր հյուրերին տեղավորում է այստեղ: Սակայն այդ գործընթացը անցած տարվա հունիսից մինչ այժմ դադարեցված է»,- ասաց Վաչիկ Մատինյանը` հավելելով, որ մինչեւ հուլիսի 1-ը հանգստի այս գոտին վերաբացվելու է, եւ զբոսաշրջիկներին կսպասարկի 30-35 մարդ»:
Հարցնում եմ, թե 2009 թ. հունիսից ինչու՞ է հանգստի այս գոտին դադարել գործել: «Դա կապված է որոշ աշխատանքներ ավարտելու, նաեւ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար որոշ միջոցառումներ ձեռնարկելու հետ»,- պարզաբանում է Վ. Մատինյանը:
Իջեւանում համառորեն լուրեր են պտտվում, որ հանրապետության բարձրաստիճան մի պաշտոնյա այս հանգստյան գոտու տիրոջը` Արտակ Չիբուխչյանին առաջարկել է «մատչելի գնով» այն վաճառել իրեն:
Վաչիկը հերքեց այդ լուրերը. «Մենք էլ ենք նման շատ խոսակցություններ լսել: Դա մարդկանց անպատասխանատու հայտարարություն է, հիմք չունեցող խոսակցություններ: Մարդիկ սիրում են շուկաների առաջ հավաքվել, մեկն էլ օդից մի բան է խոսում»:
Մատինյանի հետ շրջեցի տարածքում: Նրա վկայությամբ` նպատակ կա շարունակելու շինարարությունը, ավելացնելու հյուրընկալ սենյակների թիվը: Երկհարկանի քոթեջները կառուցված են տեղական` Ենոքավանի քարով, շինարարներն էլ տեղացիներ են եղել:
Այս կերպ շուրջ 5 տարի Ենոքավանը աշխուժացել է, մարդիկ ապահովվել են աշխատանքով: Դեպի «Գոմեր» ճանապարհն էլ ոչ միայն հանգստի գոտուն է ծառայում, այլեւ սարերը գնացող գյուղի բնակիչներին: Քոթեջների համար ընտրված է կոպիտ, առանց սվաղի շարվածքը: Երկտեղանոց սենյակներում կան սանհանգույցներ, երկու հոգու համար անկողին, սառնարան, սեղան-աթոռներ: Տարածքում երկու լճակ կա, որից մեկը` համեմատաբար մեծ: Առաջինից ջուրը թափվում է երկրորդի մեջ: Փոքր լճակում ձկների խլրտում նկատեցի:
«Այստեղ կողակ, սազան, կարպ ենք բաց թողել, դեռ ձուկ չենք բռնում, հետո մեր հյուրերին թույլ կտանք կարթերով ձուկ որսալ: Կարմիր քարից կառուցված սյուները որ տեսնում ես, որպես գեղեցկություն, տեսքի համար են կառուցել, հետո կամարներով դրանք կկապվեն իրար: Փայտե կամուրջ ենք կառուցել, գեղեցկություն է, այն նաեւ գյուղացիներին հնարավորություն է տալիս մեր տարածքից դուրս գալ»,- ասում է Վաչիկը:
Հանգստյան գոտու միջով ձգվող, երկու կողմից հենապատերով երիզվող նեղ ճանապարհի մասին է խոսքը, որով ենոքավանցիները հնարավորություն ունեն հասնելու «Անապատ» տարածք, որն այդտեղից մոտ 2.5 կմ հեռավորությամբ է գտնվում: Այնտեղ իջեւանցի երկու եղբայրներ տուրիստներին դաշտային պայմաններում հյուրասիրում են: Զբոսաշրջիկները «Անապատում» նաեւ ջրվեժով են հիանում, լողանում:
Վաչիկ Մատինյանից վերցնում եմ «Ապագա-գոմեր» վերնագրով անգլերեն լեզվով, լուսանկարներով բուկլետը եւ հաջողություն մաղթում հանգստի գոտու աշխատանքին: Իմ այցելության օրը չհաջողվեց հանդիպել այդ տարածքի սեփականատեր Արտակ Չիբուխչյանին, որովհետեւ առավոտ կանուխ նա Երեւան էր մեկնել:
«Ապագա-գոմեր» այցիս ընթացքում մի քանի հարցեր էին առաջացել, որոնց պատասխանները Վաչիկ Մատինյանը կամ չգիտեր կամ էլ իրավասու չէր հայտնելու: Զանգահարեցի Արտակ Չիբուխչյանին: Երբ իմացավ իմ ով լինելը, սկսեց վերամբարձ տոնով խոսել: Նրա խոսքերով` ինքը վիրավորված է «Հետքում» մի հոդվածից, որտեղ իբր վիրավորել եմ Ենոք Մկրտումյանին:
Նշեմ, որ երկու տարի առաջ` 2008 թ. ապրիլի 7-ին, այդ հոդվածում գրել էի. «Համայնքապետ Ալիբեկ Բաբայանի գլխավերեւում համագյուղացի կոմունիստ գործչի` Ենոք Մկրտումյանի դիմանկարն է, ով, գյուղի ղեկավարի հավաստմամբ, հեղափոխական գործչի համար կյանքից շատ վաղ է հեռացել` 21 տարեկան հասակում:
«Հայրը հարուստ է եղել, եւ նա հոր հարստությունից նվիրաբերել է ժողովրդին` մինչեւ 3 տարեկան երեխաների համար դպրոց է բացել»,- բոլշեւիկ Մկրտումյանին ներկայացնում է համայնքապետը: Դժվար է պատկերացնել, թե մինչեւ 3 տարեկանների համար ի՞նչ դպրոց կարող էին կառուցել 20-րդ դարի սկզբին, գավառական խուլ համայնքում»: Ի դեպ, երբ հեռախոսազրույցի ժամանակ Արտակ Չիբուխչյանին հիշեցրի, որ Ենոք Մկրտումյանը բոլշեւիկ է եղել, նա ասաց, որ Մկրտումյանը բոլշեւիկ չի եղել:
Այնուհետեւ Չիբուխչյանը դժգոհեց, որ նույն հոդվածում գրել էի «Աստղաբլուր» ՍՊԸ-ի կողմից Ենոքավանի տարածքում հողի ձեռքբերման մասին: Մեջբերեմ հոդվածից մի հատված. «2007 թ. աշնանն էլ տեղի է ունեցել 6000 քմ հողի օտարումը «Աստղաբլուր» ՍՊԸ-ին: Ուրեմն, գյուղի կենտրոնական մասում գտնվող 1 քմ տարածքն օտարվել է ընդամենը 133 դրամով, ինչը հավանական չէր կարող լինել իրական աճուրդի դեպքում: Համայնքապետը չասաց, որ այս տարածքում սղոցարան է գործում, որը, ենոքավանցիների վկայությամբ, փաստացի պատկանում է համագյուղացի, Մոսկվայում բնակվող Արտակ Չիբուխչյանին»:
Նույն հոդվածում նշել էի, որ «Աստղաբլուր» ՍՊԸ-ի ղեկավարը Սուրեն Չիբուխչյանն է, սակայն մեր հեռախոսազրույցում Արտակ Չիբուխչյանն ասաց, որ ինքն է այդ ընկերության ղեկավարը:
Ալիբեկ Բաբայանն այլեւս նախկին համայնքապետ է, իսկ Արտակ Չիբուխչյանը շարունակում է դժգոհել հոդվածում նշված փաստերից, որոնք այդպես էլ չեն հերքվել:
Արտակ Չիբուխչյանն ասաց, որ հանգստյան գոտու մասին մամուլի ամեն մի հրապարակում ինքնին գովազդ է, սակայն նաեւ սպառնաց, որ եթե սխալ բան գրեմ, ինքը փաստաբան է վարձելու եւ լրագրողիս դատի տա: Այնուամենայնիվ, հասցրի նրանից ստանալ մի քանի հարցերի պատասխանները, որոնք իրենց հերթին նոր հարցեր են առաջացնում:
Նրա խոսքերով` «Ապագա տուր» ՍՊԸ-ի բաժնետերերը ինքն ու իր կինն են, որ այդ ընկերությունը ոչ մի կապ չունի «Ապագա-գոմերի» շինարարության մեջ ներդրման հետ, իսկ այդ տարածքն իր ընտանիքի սեփականությունն է, պարզապես ամառանոց, գյուղատնտեսական ընկերություն:
Այդտեղ կատարված ծախսերի չափի մասին հարցիս էլ նա հակադարձեց. «Դու քո տունը, որ տարիներով կառուցել ես, հաշվարկե՞լ ես, թե ինչքան ծախս ես արել»: Արտակ Չիբուխչյանին հարցրի նաեւ քոթեջները կառուցած շինարարական ընկերությանը հարկային տեսչության կողմից տուգանելու մասին:
Նա ասաց, որ այդ` «Հարեհաս» ընկերությունն էլ իրեն է պատկանում, որ իրենք չեն համաձայնվել տուգանքի հետ: Իջեւանի հարկային տեսչությունից էլ տեղեկացա, որ հարկային օրենսդրության ինչ-ինչ խախտումների համար «Հարեհաս» ընկերությունը տուգանվել է 8 մլն դրամի չափով:
Շինարարական կազմակերպության ղեկավարությունը չի ընդունել տուգանքի օրինականությունը, սակայն Սեւանի վարչական դատարանի վճռով այդ տուգանքն օրինական է ճանաչվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել