HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ խնդիրներ. Ոչ խոստում են տալիս, ոչ էլ` հույս

Արմավիրի մարզի սահմանամերձ Արազափ գյուղում տարվա այս օրերին գյուղացիները դաշտում արդեն լոլիկ ու պղպեղ էին ունենում, մի մասն էլ արդեն շուկայում ապրանք էր վաճառում, իսկ այս տարի դեռ նոր են սածիլ անում ու չգիտեն` բերքը կհասցնի՞ հասունանալ, թե՞ ոչ: Պատճառը գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակային պայմաններն էին եւ արազափցիներին պատուհասած բնական աղետները: Գյուղացիները պատմում էին, որ ապրիլի 20-ից իրենց համայնքում բարձրացել է ստորգետնյա ջրերի մակարդակը` հասնելով մինչեւ 30 սմ-ի: Ջրերն ամբողջությամբ ողողել են տնամերձ հողամասերն ու փչացրել ջերմոցային տնտեսություններում աճեցվող լոլիկն ու պղպեղը: Անյա Խաչատրյանն իր երկու տղաների, հարսի, ամուսնու ու 4 տարեկան թոռան` Սարգսի հետ դաշտ էր եկել առավոտյան ժամը 6-ից: Սարգիսը արեւից պաշտպանվելու համար նստել էր ավտոմեքենայի մեջ ու սպասում էր, թե երբ ծնողները կվերջացնեն հողի աշխատանքը, որ իրեն տուն տանեն: Այս ընտանիքը վնասներ է կրել բնական աղետներից եւ հիմա ամբողջ հույսը դրել է ունեցած 4600 քմ հողակտորի վրա: Հողամասի մի հատվածում լոլիկ էին մշակում, մյուսում` սմբուկ ու պղպեղ: Նոր-նոր դրած սածիլը դեռ չի էլ ծաղկել, բայց նրանց միակ հույսը դա է, որ պիտի ստացված եկամտով 5000 դոլարի վարկը փակեն, հողի վրա ներդրած գումարները վերադարձնեն ու ապրեն: Դեռ աշնանը Անյա Խաչատրյանի ընտանքը 500 դոլարի չափով ներդրում էր արել տնամերձ հողամասում եւ ջերմոցային տնտեսություն հիմնել: Վարկի գումարով երկաթե ամրալարեր էին գնել, կիլոգրամը 1000 դրամով պոլիէթիլեն եւ այլն: Ջերմոցում պղպեղի ու լոլիկի սածիլ էին դրել, դրա մի մասն էլ պետք է տեղափոխեին հողամաս եւ այնտեղ աճեցնեին, սակայն մի քանի օր տեւած ստորգետնյա ջրերի բարձրացումն ու անձրեւներից առաջացած գերխոնավությունն ամբողջությամբ փչացրին սածիլները: «200 հազար դրամի ծախս եմ արել, նասոս եմ դրել, որ կարողանամ ջերմոցիս ջուրը քաշեմ-թափեմ: Բայց մի կողմից ջուրը քաշում էինք, մյուս կողմից էլի լցվում էր: Մարզպետարանից մարդիկ եկան, տեսան, թե ինչ վիճակ է, բայց ոչ մի առաջարկ չարեցին»,- ասում է Անյան: Նրա կարծիքով` այս տարին գյուղատնտեսական տարի չէ, եւ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ գյուղացիական տնտեսությունները կործանման չգնան: Գյուղացիներին օգնության տարբերակներից մեկը համարում է վարկային արտոնություններն ու ինքնարժեքով պարարտանյութի հատկացումը: «Վառելանյութը, պարարտանյութը թանկ է, ոչ մի բանով չեն օգնում: Գոնե պարարտանյութը ինքնարժեքով տան: Գյուղում նիսյա պարարտանյութ են ծախում` պարկը 10 հազար դրամով: Մարդիկ ստիպված առնում են, որովհետեւ այդ պահին 7-8 հազար դրամ կանխիկ չունեն շուկայից առնելու համար, բայց հետո չեն կարողանում փակել գումարը: Օրինակ` մեզ 40 պարկ պարարտանյութ է պետք, մենակ 400 հազար դրամ պարարտանյութի փող պիտի տամ, պարզ է, որ չեմ կարող այդքան գումար հատկացնել միայն պարարտանյութին»,- ավելացրեց Անյան: Արազափում մեկ հա հողակտորը վարելու համար տրակտորի սեփականատերերը գյուղացիներից պահանջում են 40 լիտր վառելանյութ եւ 15 000 դրամ: Անյան պատմեց, որ իրենց հողակտորը վարել են 2 անգամ, որովհետեւ խոնավության պատճառով հողը չի փխրեցվել ու ստիպված կրկնակի ծախս են արել` եւս մեկ անգամ վարելու համար: Նրա որդին` Կարենը, փոխանցեց, որ դեռ բերքը շուկա չտարած` արդեն 1000 դոլարից ավելի ծախս են արել հողի վրա: Նա հաշվարկել է, թե ինչ գնով վաճառելու դեպքում շահեկան վիճակում կհայտնվեն. «Անցյալ տարի բադրիջանը շուկայում ծախել ենք 30 դրամով: Մի տոննա հավաքում էինք, տանում էինք շուկա 30 000 դրամ փող էր դուրս գալիս, այսինքն` 3 պարկ պարարտանյութի գումար: Եթե այս տարի բադրիջանի կիլոգրամը 100 դրամով ծախենք, նոր կկարողանանք ծախսերը փակել»: Կարենն արդեն հույսը կտրել է, թե Կառավարությունը օգնության ձեռք կմեկնի գյուղացիներին: Դրանում համոզվել է, երբ Արմավիրի մարզպետարանի եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն այցելել են իրենց ջերմոցային տնտեսություն եւ «նկարահանումներ» կատարել բջջային հեռախոսով: «Ասում եմ` տեսեք ինչ վիճակ է, ասում են` ի՞նչ անենք, բնական աղետ է: Լավ, բա մենք ի՞նչ անենք: Հասկանում ենք, որ բնական աղետ է, բայց դրա դեմ գյուղացին միայնակ չի կարող պայքարել, պետք է իրենք էլ մեզ օգնեն, բայց ոչ ոք չի օգնում: Դե բնական աղետ է, ինչի՞ են մեզ խեղդում, թե պիտի հարկերը տաք, որտեղի՞ց տամ, որ ծախելու բան չունեմ: Երեխեքս գնան գողություն, ավազակություն անե՞ն, թե ես գնամ անեմ, որ իրենց գումարները փակենք: Ոչ մի բանով չեն օգնում ու հարկ են ուզում, ախր թողեք, թող ժողովուրդն իրա տանջված հալով ապրի, էլի»,- որդուն լրացրեց տիկին Անյան: Նրա պատմելով` գյուղացիներն արդեն ուժ չունեն հող մշակելու, շատերը նույնիսկ սոված են հողամասերում աշխատում եւ արեւի ճառագայթներից վատացած տուն են գնում: Տիկին Անյան հերթով թվարկեց այն պաշտոնյաներին, ովքեր դղյակներ են կառուցում, բայց ի պաշտոնե պետք է մտածեին գյուղացիների եւ իրենց երկրի քաղաքացիների մասին: «Ի՞նչ անենք, գնանք պաշտոնյաների գլուխը ջարդենք, ասենք` բա որտեղի՞ց ես իրար հետեւից դղյակներ սարքում, ամոթ է, մի քիչ էլ հասարակ մարդկանց մասին մտածեք: Կարենս 30 տարեկան տղա է, բայց չի կարողանում ամուսնանալ, որովհետեւ հնարավորություն չկա, տուն չունենք: Մենք էդքան աշխատում ենք, հողերի մեջ քրքրվում ենք, մի տուն չենք կարողանում սարքել, իրենք ո՞նց են դղյակներ սարքում: Գյուղացին շատ մեղք է, մեզ դանդաղ մահ են տալիս»,- վրդովված ասաց Անյան: Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ամեն տարի էլ Արաքսի գարնանային վարարումը գյուղին վնաս է տվել: Այս տարի ստորգետնյա ջրերի բարձրացումը վնաս է հասցրել հիմնականում տնամերձ հողամասերին` ընդգրկելով 60-70 հա տարածք: Համայնքապետը պատճառված վնասների հաշվարկ չի կատարել, սակայն նշեց, որ գյուղացիները շատ են տուժել: «Մեր ահազանգից հետո գյուղ եկավ գյուղատնտեսության նախարարության շինարարական բրիգադը: Իրենք էլ էին զարմացել, ասում էին, որ ամենամեծ վնասը մեր գյուղում է»,- պատմեց համայնքապետը: Նրա ներկայացմամբ` նախարարության ներկայացուցչին ասել են, որ ամեն տարվա վարարումներից խուսափելու համար Արազափում անհրաժեշտ է կառուցել 3 կմ ստորգետնյա դրենաժային համակարգ: Նախարարության ներկայացուցիչը լսել է գյուղացիների դժգոհությունն ու գնացել: Մինչ օրս արձագանք չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter