HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Սահմանային իրավիճակ. Ստվերային քաղաքացիական հասարակությունից դեպի եվրոպական մոդել

Երբ գորտին գցում են եռացրած ջրի մեջ, նա անմիջապես դուրս է ցատկում, իսկ երբ սառը ջրում աստիճանաբար են եռացնում, նա դուրս չի գալիս եւ սատկում է. քաղաքացիական հասարակության եվրոպական եւ հայկական մոդելների մասին հարցազրույցի վերջում այս միտքն արտահայտեց սոցիոլոգ Գայանե Ղազարյանը: Գորտի օրինակը «ծնվեց» այն մտքից, որ մեր հասարակությունն այժմ գտնվում է սահմանային իրավիճակում, ինչը չի կարելի միանշանակ բացասական կամ դրական գնահատել: «Սահմանային վիճակները շատ կարեւոր են. կարող ես կամ մեռնել կամ վերջապես արթնանալ: Մենք այս գծում ենք, չգիտեմ, թե դրանից հետո ինչ կլինի»,- ասում է Գայանեն: Սահմանային իրադրության մասին վկայում են նաեւ մայիսի վերջին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ազատության հրապարակ մտնելու համար ոստիկանությունը երիտասարդներին տանում էր բաժանմունք: Գայանեն կարծում է, որ սա աբսուրդ է, եւ որ մենք ապրում ենք ոչ թե ոստիկանապետության, այլ «բանդայապետության» պայմաններում: «Ոստիկանները վերածվել են վարձկան թիկնապահների, որոնք պաշտպանում են իշխանության հակաօրինական շահը»,- ասում է սոցիոլոգը: Նույնիսկ այս պայմաններում Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, սակայն` հայկական տարբերակով: «Մենք ունենք քաղաքացիական հասարակություն, պարզապես դա այն «իդեալական-եվրոպական» քաղաքացիական հասարակությունը չէ, որի հետ մենք փորձում ենք համեմատվել ու ավտոմատ կերպով ասում, թե չունենք քաղաքացիական հասարակություն` նկատի ունենալով, որ եվրոպական մոդելը չունենք, բայց մենք ունենք մեր տեսակը»,- կարծում է Գայանե Ղազարյանը: Նրա խոսքով` եթե Եվրոպայում միավորումները, ինստիտուտները, կազմավորման ձեւերը համապատասխանում են օրինական դաշտին, ապա մեր քաղաքացիական հասարակության նորմերը ձեւակերպված չեն. «Կարելի է ասել` մենք ունենք ստվերային քաղաքացիական հասարակություն, ինչպես ունենք ստվերային տնտեսություն, որովհետեւ կանոնները, որոնցով այն գործառնում է, չեն համապատասխանում ձեւակերպված կանոններին` օրենսդրությանը, դրանք չգրված օրենքներ են, որոնք հիանալի գործում են»: Սոցիոլոգն ասում է, որ եվրոպական մոդելի քաղաքացիական հասարակությունը ձեւավորվում է միայն այն դեպքում, երբ անհատի կենսագործունեությունը, հիմնական եկամտաբեր կարգավիճակը համապատասխանում է այն միավորմանը, որի ֆորմալ անդամն է նա: Օրինակ` եթե որեւէ մեկը ուսուցիչ է, պետք է իրեն նույնացնի ուսուցչական համայնքի հետ եւ ուսուցչությամբ փող վաստակի: «Բայց մեզանում այդպես չէ, մենք ինչ-որ խմբի ֆորմալ անդամ ենք, բայց մեր իրական կենսագործունեությունը ոչ մի կապ չունի դրա հետ, հետեւաբար տվյալ խմբի շահերի գիտակցման խնդիր այստեղ չի կարող առաջանալ: Օրինակ` եթե ես բժիշկ եմ, սակայն հիմնական եկամուտս վաստակում եմ այլ` ոչ ֆորմալ, երբեմն` ոչ օրինական ճանապարհով, ապա այն ֆորմալ խմբի շահերը, որի անդամն եմ ես` բժիշկների համայնքի, կորցնում են իրենց կարեւորությունը»,- բացատրում է Գայանեն: Ստվերային քաղաքացիական հասարակությունը եւս լուծում է իր խնդիրները, սակայն կոռուպցիոն կանոններով` ծանոթ գտնել, կաշառել, խնամի-բարեկամական հարաբերություններ, հետեւաբար բոլոր ֆորմալ օրենքները որեւիցե կապ չունեն մեր հասարակության իրական կենսագործունեության հետ: «Խնդիր ունեցողը չի գնում դատարան, սկսում է թաղի մակարդակով, ընտանիքի մակարդակով լուծել այն: Հետեւաբար, ֆորմալ ինստիտուցիաները դառնում են ֆիկտիվ: Երբ քաղաքացիական շահը դիտվում է որպես անձնական խնդիր, որը պետք է լուծել անձնական մակարդակում ստվերային միջոցներով, այլ ոչ համախմբվել միեւնույն խնդիրն ունեցող մարդկանցով, չի կարող լինել եվրոպական մոդելի քաղաքացիական հասարակություն»,- ասում է սոցիոլոգը: «Մեր «ներքին խնդիրները» թելադրվում են դրսից» Գայանե Ղազարյանը մեր հասարակության ներսում առանձնացնում է երկու խնդիր. առաջինն այն է, որ քաղաքացու եկամուտ բերող կարգավիճակը չի համապատասխանում այն կարգավիճակին, որին նա ֆորմալ պատկանում է: Երկրորդ խնդիրն այն է, որ այդ ստվերային քաղաքացիական հասարակության վրա գոյություն ունի նաեւ մեկ այլ շերտ` ֆիկտիվ քաղաքացիական հասարակություն` ի դեմս հասարակական կազմակերպությունների, որոնք չեն ելնում հասարակության ներսում եղած խնդիրներից. «Հայաստանում հ/կ-ները լուծում են «խնդիրներ», որոնք ձեւակերպվում են դրսում` գրանտային առաջարկների տեսքով: Հետեւաբար, եկամուտ ստանալու նպատակով նրանք ստիպված են լինում նախ «ցուցադրել», թե տվյալ խնդիրը մեզանում իբր գոյություն ունի, այնուհետեւ լծվել խնդրի «վերացման» աշխատանքներին: Ստացվում է, որ մեր փոխարեն ուրիշներն են «որոշում», թե ինչ խնդիր մենք ունենք: Մինչդեռ քաղաքացիական հասարակությունն այն է, որ զբաղվում է տվյալ հասարակության խնդիրներով»: Գայանեն նշում է, որ հասարակական կազմակերպությունները երբեմն նույնիսկ հորինում են խնդիրը, ներկայացնում դա միջազգային կազմակերպություններին ու սկսում «լուծել» այն. «Բայց այդ խնդիրն այստեղ կամ չկա կամ կա, սակայն առաջնահերթ չէ: Օրինակ` մենք ունենք աղքատության, երեխաների կրթության, բազմազավակ ընտանիքների եւ այլ կարեւոր խնդիրներ, բայց զբաղված ենք փողոցային շների հարցով: Դա էլ է, իհարկե, խնդիր, բայց նախ աղքատ երեխաների խնդիրը լուծենք, հետո անցնենք թափառող կենդանիների իրավունքների պաշտպանությանը»,- ասում է սոցիոլոգը: Գայանե Ղազարյանը կարծում է, որ 2008 թ.-ից հետո քաղաքացիական հասարակության ձեւավորման սաղմեր կան, արդեն որոշակի խմբեր ինչ-որ չափով գիտակցում են իրենց խմբային շահը. «2008-ի շարժումը բերեց մի մեծ դրական փոփոխություն` արթնացրեց հասարակությանը եւ տվեց գլոբալ խնդրի գիտակցումը, այն է` «իրավիճակը պրոբլեմային է»: Սա մեծ բեկում էր»: Սոցիոլոգը ստվերային քաղաքացիական հասարակության ապամոնտաժման եւ օրինական դաշտում քաղաքացիական հասարակության կառուցման եղանակ է առաջարկում. «Պետք է միավորել այն անհատներին, որոնք գիտակցում են իրենց խմբային շահը, ձեւակերպում են խնդիրը եւ զբաղվում լուծմամբ: Սա արդեն կլինի ռեալ հասարակական նախաձեռնություն, եւ նրանք կպայքարեն, քանի որ զբաղված են իրենց կենսական խնդրով: Իսկ եթե դա կրկին դառնա զուտ փող ստանալու համար դրսից ներմուծված պրոբլեմատիկային հարմարվելու միջոց, կդատապարտվեն ֆիկտիվ հասարակական կազմակերպության վերածվելու»: Գայանե Ղազարյանը կարծում է, որ միայն օտարերկրյա միջոցներով մենք չենք կարող մեր խնդիրները լուծել, սակայն առանց ֆինանսավորման էլ հնարավոր չէ երկարատեւ պայքարել. «Դրա համար պետք է գտնել այնպիսի ֆինանսավորում, որը շահագրգռված կլինի լուծել գոյություն ունեցող, այլ ոչ հորինված խնդիրներ, իսկ դա կարող են անել սփյուռքի այն ուժերը, որոնք գիտակցաբար ցանկանում են զարգացնել մեր պետությունը` որպես պետություն, այլ ոչ որպես ռեզերվացիա»: Համեմատելով նախորդ տարիների հետ` սոցիոլոգը ներկայիս իրադրությունը դրական է գնահատում. «Սա արդեն լավ վիճակ է: Տեսեք, մի քանի օրինակ. իշխանությունները մի քանի տարի առաջ ոչնչացրին պատմական հին շենքերը, ոչ ոք չխոսեց, հիշեք Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, որը հասարակության մեջ ոչ մի շարժում չառաջացրեց: Դա հասարակության ծայրահեղ հիվանդ վիճակի դրսեւորում էր, որի ամենակարեւոր ախտանիշն անտարբերությունն է: Իսկ հիմա Ամառային դահլիճի համար ինչպիսի աղմուկ բարձրացավ»: Գայանեի խոսքով` քաղաքացիական հասարակության եվրոպական մոդել Հայաստանում փորձում են ստեղծել միջին խավի ներկայացուցիչները եւ այն մարդիկ, ովքեր գրեթե ոչինչ չունեն եւ որեւէ կերպ չեն կարողանում իրենց տեղը գտնել այս երկրում. «Հայաստանում կա մի կորիզային խումբ, որը փորձում է պայքարել բոլոր խնդիրների համար. հիմնականում նույն մարդիկ են` լեզվի համար, բնապահպանության համար, Ուսանողական այգու, Ամառային դահլիճի... Սա ցույց է տալիս, որ մենք սահմանային, ճգնաժամային վիճակում ենք: Եթե պրոցեսը զարգանա դրական ուղղությամբ, այլ ոչ թե մեռնի, ապա նրանք պետք է տարանջատվեն, եւ ամեն մեկը պաշտպանի իր շահը` օգնելով մյուսներին: Այդպես ավելի արդյունավետ կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter