HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերլիազորը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազոր Մուրադ Յախանյանը հանցավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ շորթմամբ կաշառք ստանալու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, մասնավորապես ապացուցվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչներ Մ. Մկոյանը, Ա. Իգնատենկոն 2008թ. դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամանցի նպատակով գտնվել են Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում, որտեղ Մ. Մկոյանի հրավերով նրանց են միացել նաեւ մարմնավաճառությամբ զբաղվող Մ. Պողոսյանն ու Հ. Բաբայանը: Վերջիններս համաձայնել են սեռական հարաբերություն ունենալ` դրա դիմաց պահանջելով վճարել 10 000-ական դրամ: Մ. Մկոյանը եւ Ա. Իգնատենկոն խոստացել են գումարը տալ հաջորդ օրը: Միասին ժամանակ անցկացնելուց հետո 2008թ. դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը` ժամը 02-ի սահմաններում, Ա. Իգնատենկոն եւ Մ. Մկոյանը նրանց ուղեկցել են տուն: Մ. Պողոսյանը, կարծելով, թե խոստացված գումարը չի ստանա, դեկտեմբերի 17-ին իր տուն է հրավիրել ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազոր Մ. Յախանյանին ու խնդրել միջամտել, որպեսզի Մ. Մկոյանից եւ Ա. Իգնատենկոյից ստանա ոչ միայն իրենց ծառայությունների համար խոստացված 20 000 դրամը, այլեւ ապահովության նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ գումարը: 2008թ. դեկտեմբերի 17-ին Մ. Յախանյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, առանց քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի, Կոտայքի մարզային վարչություն բերման է ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին եւ Մ. Մկոյանին` իբր տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ ճանաչման ներկայացնելու պատրվակով: Սակայն բերման ենթարկելուց հետո Մ. Յախանյանը քաղաքացիներ Իգնատենկոյին եւ Մկոյանին հայտնել է, թե նրանց բերման ենթարկելու իրական պատճառը մարմնավաճառներ Մ. Պողոսյանի եւ Հ. Բաբայանի բողոքն է` նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարսե ռեստորանային համալիրում նրանց բռնաբարելու մասին: Մ. Յախանյանը, առանց բռնաբարության մասին հաղորդում ընդունելու եւ այն գրանցելու, սկսել է այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստել` հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու սահմանված կարգի խախտմամբ: Ապա բռնաբարության մեղադրանքով քրեական գործ չհարուցելու համար Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից Մ. Յախոյանը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակարկելու արդյունքում համաձայնության են եկել 1500 ԱՄՆ դոլարի շուրջ, որից հետո միայն Մ. Յախոյանը նրանց ազատ է արձակել: 2008թ. դեկտեմբերի 18-ին եւ հաջորդ օրը ոստիկանության` Կոտայքի մարզային վարչության վարչական շենքի երրորդ հարկի միջանցքում, ապա նույն հարկի աշխատասենյակներից մեկում Մ. Յախանյանն Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից շորթմամբ ստացել է համապատասխանաբար 1000 եւ 500` ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար կաշառք: 2008թ. դեկտեմբերի 21-ին Մ. Յախանյանը Մ. Մխոյանին տեղեկացրել է, որ նրանք պետք է խոսեն Մ. Պողոսյանի հետ եւ համոզեն, որ չբողոքի եւ վերջինից փաստաթուղթ վերցնեն` իրենց նկատմամբ որեևէ պահանջ չունենալու վերաբերյալ: Խոստացված 20 000 դրամը տալու նպատակով Ա. Իգնատենկոն եւ Մ. Մկոյանը գնացել են Մ. Պողոսյանի տուն: Սակայն Մ. Պողոսյանը նրանցից պահանջել է տալ եւս 300 ԱՄՆ դոլար` սպառնալով հակառակ դեպքում բողոքել ԿՀԴՊ գլխավոր վարչություն` իրեն ու Հ. Բաբայանին բռնաբարելու համար: Սակարկելու արդյունքում համաձայնության են եկել, որ Մ. Մկոյանն ու Ա. Իգնատենկոն մինչեւ հուվարի 13-ը վճարեն եւս 30 000 դրամ, որից հետո Մ. Պողոսյանն ու Հ. Բաբայանը գրավոր հայտնել են, թե Ա. Իգնատենկոյի եւ Մ. Մկոյանի նկատմամբ որեւէ բողոք չունեն: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 11.06.2010թ. դատավճռով Մ. Յախանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Մ. Պողոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 3 տարի 3 ամսվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter