Հայաստանում արդեն կարելի է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղը
«Սերվարեքս» դեղամիջոցը, սակայն, բավականին թանկ արժե
Հայ կանայք արդեն կարող են զերծ մնալ արգանդի վզիկի քաղցկեղից: Այս հիվանդությամբ աշխարհում տարեկան հիվանդանում է մոտ 500.000, իսկ մեր հանրապետությունում` 260-270 կին: Արդեն հայ բժիշկների ձեռքում է «Սերվարեքս» կոչվող դեղամիջոցը, որը ոչնչացնում է Պապիլոմա վիրուսը և կարող է կանխել կանանց արգանդի վզիկի քաղցկեղը:
Դեռ 2008-ին գերմանացի Հերալդ Շուր Հագենը հայտնաբերել էր, որ արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչներից ամենատարածված վիրուսը Պապիլոման է: Պապիլոման կանխարգելելու դեպքում հնարավոր է կանխել նաև քաղցկեղը: Այս բացահայտման համար Հերալդ Շուր Հագենը Նոբելյան մրցանակ ստացավ: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը և գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը հայտնեցին, որ «Սերվարեքս» դեղամիջոցը կարող են օգտագործել երիտասարդ կանայք: Դեղամիջոցը Հայաստան է բերվել միջազգայինից ցածր գնով:
Գագիկ Բազիկյանը նշեց, որ սա խնդրի 100 տոկոսանոց լուծումը չէ, սակայն. «80-90 տոկոսով կարող է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը, որովհետև բացի Պապիլոմայից` կան նաև այլ վիրուսներ, որոնք քաղցկեղի առաջացման պատճառ կարող են լինել»: Պապիլոմա վիրուսով վարակվում են կանայք` միայն սեռական ճանապարհով: Կինը տղամարդուց այս վիրուսով կարող է վարակվել առաջին իսկ սեռահարաբերման ժամանակ: Տղամարդու համար այս վիրուսը վտանգավոր չէ: Գագիկ Բազիկյանի տեղեկացմամբ` կան երկրներ, որոնք «Սերվարեքս»-ի պատվաստումը կատարում են պետպատվերի շրջանակներում:
«Անգլիան, մասամբ Ֆրանսիան, Ռուսաստանի որոշ շրջանները դեղամիջոցը մարդկանց տալիս են անվճար: Մեզ մոտ դեղը վճարովի է, և որքան էլ համեմատաբար մատչելի գներով են վաճառվում, միևնույն է, մեր պետությունը դեռևս պատրաստ չէ գնել և մասսայական ներարկում կատարել»,- նշեց Գագիկ Բազիկյանը: «Սերվարեքս»-ի 3 ներարկումը (1 կուրս) արժե 45.000 դրամ: Գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը բացատրում է, որ կինը պետք է պատվաստվի մինչ առաջին սեռահարաբերությունը. «Մինչ սեռահարաբերությունը հաստատ է, որ կինը Պապիլոմաի վիրուսակիր չէ, հետևապես հաջողակ արդյունքն էլ ավելի կանխատեսելի է»:
Բանախոսները հայտնեցին, որ Հայաստանում կան իրենց իսկ գումարներով «Սերվարեքս» պատվաստվող կանայք: Նրանց թիվը, սակայն, մեծ չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել