HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են Չայլու գյուղի մերձակայքում զոհվածների անունները

Հունիսի 18-ին` ժամը 23-ն անց 30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզադիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են` - կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի, - շարք. Բարսեղյան Արայիկ Սևակի, - շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի, - շարք. Մելքոնյան Պարույր Արարատի: Վիրավորվել են` - կրտս. սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի, - շարք. Բադասյան Գալուստ Գարիկի, - շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի, - շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի: Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը: Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատասխան: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter