HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ ուժ

Արամ Մաթևոսյան «Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մենք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամեն»: «Ամեն» ասաց տերունական աղոթքի վերջում ու հպանցիկ մի «բարի գալուստ» մաղթեց ուխտավորների հոծ խումբ կազմած  «ամենեցուն» Օձունի վանքի ջահել քահանան: *  *  * Խոսում են երրորդ ուժի մասին, նույնիսկ կազմում են խմբավորումներ այդ անվան տակ, առանց գիտակցել ու հասկանալու, որ դա ավելի շուտ անցողիկ իրավիճակ է, Լոռվա հինավուրց վանքի սպասավորի հայացքի նման հպանցիկ մի բան, քան սիստեմատիկ գոյություն ունեցող ռեալականություն: *  *  * 1988 թվականի սուրրոգատիվ կրկնություն հանդիսացող 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված հակադրությունը ձևավորեց երկու բևեռ, երկու ուժ` գործող վարչախմբի թեկնածու Սերժ Սարգսյան և  ընդդիմադիր թևի թեկնածու` Լևոն Տեր-Պետրոսյան:  Երկուսն էլ հավաքել էին հավասարաչափ 30- 35 տոկոս ձայն և պետք է լիներ երկրորդ տուր: Մի քանի ժամվա ընթացքում սկսեց գործել երրոդ ուժ կոչված ֆանտոմի ֆենոմենը: Երրորդ ուժ որպես այդպիսին չկար ոչ այդ պահին, ոչ դրանից առաջ ու ոչ էլ այդ ուժը գոյություն ունի ընդհանրապես: ՕԵԿ թեկնածու, Դաշնակցության թեկնածու, ԱԺՄ առաջնորդ և այլն, մի Ճանապարհ ունեին. հարել ռեալ առկա երկու ուժերից մեկն ու մեկին:     Երկու ուժերի դիմակայման ժամանակ երրորդ ուժը լավագույն դեպքում կարող է բռնել մեկի կողմը, այն պարզ  պատճառով, որ ինքը կողմ չունի: Սա աքսեոմա է: Ես չգիտեմ այդ ճշմարտության մասին մեր քաղաքական կյանքի տնօրենները գիտեին թե չէ: Բայց աքսեոման աքսեոմա է հենց նրանով, որ իմանաս թե չիմանաս նա գործում է մարդու կամքից ու ցանկությունից անկախ: Այդպես էլ ընտրողի կամք ու ցանկությունից անկախ առաջ գնացին դեպքերը: -Այսինչն է դավաճան, այնինչն է դավաճան,- հնչում էին այդ օրերին ամենուրեք:  Ոչ մեկն էլ դավաճան չէր: Դրանք լիցքեր չունեցող տարրեր էին, որոնք որոշակի ձգողական օրենքներով պետք է գնային ու սկսեին պտտվել ամեն մեկն իր օրբիտայում: Եղավ այն ինչ եղավ: Մարգինալներն իրենց գործն արեցին ու ստեղծեցին քաղաքացիական ամուր հող ապօրինության համար: Այն մասին ինչ կարող է լինել ու ումից ինչ կարելի է սպասել գրել եմ, հենց այն օրերին: Բոլորի համար զարմանալի էր, երբ ասում էի «փոխեք շարժման առաջնորդներին»: Ասում էի «Օպերայի հրապարակի վրանային քաղաքի տանիքի տակ այդ նոր առաջնորդները կան արդեն»: Ես ասացի, ես էլ լսեցի: Հիմա նոր, երկու տարի անց մարգարեություններ են անում մի քանի գրող հրապարակախոսներ ու քաղաքական գործիչներ: Որոնք ի դեպ երրորդ ուժ ձևավորելու մարմաջով են քնում ու արթնանում: Երրոդ ուժը ուրվական է, ներքին հոգեվիճակ, պահի հնարավորություն, որը օգտագործեցին ամեն մեկն իր ձևով ու իր հերթին` դաշնակն իր, օեկականն իր, Վազգեն Մանուկյանը իր ու էլի շատ շատերը, ամեն մեկն իր հայեցողությամբ ու խղճի մտոք: Ոչ մեկի մտքով չի էլ անցնում առ այսօր,  որ փետրվարյան զոհերը այդ մարդկանց խղճին էլ է: Ձեռքները լվացին ու բազմեցին արյամբ ձեռք գցած աթոռներին այդ լուսանցքում ապրողները:  - Թող տվյալ պահի գործող նախագահը պատասխան տա, - ասացին ու ասում են: Լավ արդարացում է: Նույն լոզունգներով, նույն կուսակցական ակտիվիստական թույնով, նույն կրքոտ համոզվածությամբ երրոդ ուժի մասին տարփողում են հիմա էլ պրոիշխանական ու պրոընդդիմադիր էպիգոնները: Ինչ ասես, որ չի հնարվում: Ալտերնատիվ խորհրդարան, ալտերնատիվ հեռուստատեսություն, ալտերնատիվ հանրային պալատ, ալտերնատիվ նախագահական ինստիտուտ, ալտերնատիվ գրողների միություն ու էլի ու էլի: Ալտերնատիվը չկուսակցականացված շարքային մարդն է հարգելիներս: Թե քանի կուսակցություն ու կուսակցապետ, կամ քանի նախկին վարչապետ ու քանի պաշտոնաթող գեներալ կա Կոնգրեսում դա շարքային մարդուն չի հետաքրքրում: Շարքային մարդուն պետք չի անձեռոցիկի վրա հրամանագրված գնդապետի ուսադիրը, որ մտնի Կոնգրես: Պետք որ լիներ 1988 թվականին կմտներ: Ոչ էլ իշխանական կերակրատաշտի թերմացքն է պետք քրտինքով ապրող մարդուն, որ Բարգավաճի ու ՀՀԿ-ի շտաբների պատերի տակ թափառի, անբան ու անգործ: Երրոդ ուժ ասվածը կենսավիճակ է, շարքային մարդու ռեալ այրող վիճակ: Իսկ դրա կրողներն ամենուր են: Եթե փնտրում է մեկը դրան, ապա թող որոնի այդ ուժին կուսակցություններից, ցանկացած խմբակայնությունից, «ամենաազնիվ ու ամենամարդկային» նկատառումներից դուրս մի տեղ: Ոչ կլոր սեղանների շուրջ կգտնեք դուք այդ ուժին, ոչ համագումարներում: Առավել ևս այդ ուժը հրապարակային կյանքով չի ապրում: Ցույցի չի գնում, նստացույց չի անում, որ տեսնեք: Այդ ուժը աշխատում է օրն ի բուն: Աշխատում է, որ չմեռնի: Նա չի պրոպագանդվում ու չի պրոպագանդում: Նա դրա ժամանակը չունի: Պարապ էլ չի, որ նստացույց անի: Հայրենիք են քարոզում նրան սփյուռքահայ հայրենակիցները` ուխտին ուխտագնացություն են սովորեցնում բարձր - բարձր: Այդ դասն ու իմացությունը շատ նման է հավատացյալ ջահելների խմբի համար արվող Օձունի վանքի տերտերի լուսաբանումներին, որ ասում էր. - Աշոտ թագավորի հայր Սմբատը թաղված է Օձունի վանքի բակում տեղադրված հուշակոթողի տակ: Ասում  ու կողքերն էր նայում կասկածող մի հայացքով: Սմբատի գերեզմանատեղի այդ  իմացությունն էլ հայրենաբնակ մշակին պետք չի: Երրորդ ուժի որոնման ճանապարհին ես մի փոքր հեռացա, տերտեր ու թագավոր խառնեցի գործին: Ինչ խառնես բան դուրս չի գա: Առավել ևս քաղաքականություն խառնելով դուրս չի գա: Գիտություն ու փիլիսոփայություն խառնելով էլ դուրս չի գա: Այդ ուժի կրողների մասին գրքերում էլ  գրված չի: Ինչ էլ ներկայացվի երրորդ ուժ անվան տակ, ինչ կարգի վարագուրված նախագիծ էլ հյուսեն պրոիշխանական մտքի ստրատեգները հետագայում (որը արվում ու արվելու է նոր ընտրություններից առաջ) մեկ է դա լինելու է ճշմարիտ երրորդ ուժի խրտվիլակը, լինելու է Օեկ-ի, Բարգավաճի, տո հենց Ժառանգության նման, շղարշված և որպես կանոն կուսակցականացված, հերթական մի նոր սուտ: Սփռված, անկապ ու իրար անհաղորդ կան երրորդ ուժի կրող մարդիկ, կենդանի ու քայլող կան կյանքում այդպիսիները: Ոչ ստրուկ է պետք այդ մարդկանց, ոչ էլ ստրկություն: Չարից ու բարուց այն կողմ են հոգսով ապրող մարդու այդ տեսակի պատկերացումները: Միսիոներությամբ, քարոզասացությամբ, ընդհանրապես հումանիտար մարազմներով չի հրապուրվում իմ պատկերացրած երրորդ ուժի ներկայացուցիչը: Նա ոչ առաջնորդում է, ոչ էլ առաջնորդվում: Կպած է իր հոգսին, շատ նման է իր հոգսին ու  ազատ է իր հոգսի պես: Մարդ պրոյեկտի իրացման ճանապարհին մի առկայծում է նա: Մոտեցա կարծես թե, այո, առկայծում է միայնակության մեջ, երրորդ ուժի կրողը: Եվ եթե տեսնեք, որ մթության մեջ առկայծեց մի լույս ու հանգավ: Ապա կարող եք ենթադրել, որ այնտեղ հենց երրորդ ուժը մարնավորող մարդն է, որն օրվա լուծը թոթափած, նիրհող քաղաքի մի արվարձանում, աշխատանքից հետո հանգիստ մի սիգարեթ վառեց, գիշերային հերթափոխից հետո դեպի տուն տանող ճանապարհի մենակությունը մի քիչ տանելի դարձնելու համար:  21 հունիսի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter