Ամենաարդիական հարցադրումը
Անցած շաբաթվա վերջին ԼՂՀ Մարտակեորտի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որի զոհ դարձան չորս հայ զինծառայողներ, ըստ էության, շարունակվել է նաև երեկ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ադրբեջանական զինուժի հետ երեկ փոխհրաձգություն է ընթացել ղարաբաղաադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում: Պաշտոնապես հայկական և ադրբեջանական կողմերը մեղադրում են մեկը մյուսին` կատարվածը որակելով որպես սադրանք և ճնշում բանակցային գործընթացի վրա:

Չնայած հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող փոխհրաձգությունները եզակի չեն: Այդուհանդերձ, այս վերջին իրադարձությունները կրկին ակտիվացրել են պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները: Անգամ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին է երեկ հայտարարել, որ վերջին իրադարձությունների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Եվ այս պայմաններում չափազանց արդիական է դառնում այն հարցը, թե որքանով է Հայաստանը պատրաստ պատերազմի: Խոսքն ամենևին մարտունակ ոգու, բարոյական պատրաստակամության մասին չէ, թեև դա ևս կարևոր է: Չնայած ներքին հակասություններին ու հասարակական անհամերաշխությանը` հնարավոր պատերազմի դեպքում բոլորն էլ վեր կկանգնեն նեղ խմբակային շահերից ու կմասնակցեն ռազմական գործողություններին:
Տվյալ դեպքում խոսքը քաղաքական ռեսուրսի մասին է, միջազգային հարաբերություններում Հայաստանի ունեցած քաղաքական ռեսուրսի մասին, որը, դատելով հատկապես վերջին 2 տարվա գործընթացներից, մեղմ ասած` Հայաստանի օգտին չէ:
Դրա մասին է խոսում նույն Պ.Սեմնեբիի երեկվա հայտարարությունը` գնահատելով ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` կատարվածը որպես «սադրանք» որակելու վերաբերյալ Սեմնեբին ասել է, թե «բառերի ուշադիր ընտրությունն ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»:
Այնպես որ, այսօր պատերազմի վերսկսման ու Հայաստանի` դրան պատրաստ լինելու մասին քննարկումներն ու բանավեճերը պետք է ընթանան ոչ միայն ու ոչ այնքան ռազմական կարողությունների համեմատությունների, բանակների մարտունակության հարցերի շուրջ: Այլ հարց է` արդյոք կբավականացնի՞ ժամանակը դրա համար:
И еще землянным червяком
«Իր գործողություններով Ադրբեջանը վիրավորանք է հասցրել այդ թվում և ռուսական կողմին, անձամբ նախագահ Դմիտրի Մեդվեդևևին»,- անդրադառնալով հունիսի 18-ի միջադեպին հայտարերել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«ՉԻ» - Ադրբեջանը գուցե իսկապես վիարվորել է Ռուսաստանին, բայց ամեն դեպքում` Դմիտրի Մեդվեդևը հասուն մարդ է և երևի ի վիճակի է ինքնուրույն գլխի ընկենլ, թե ով է իրեն վիրավորում, և ով` ոչ: Եվ ամենևին կարիք չկա, որ առաջին պատահած Սամվել Նիկոյանը նրան տեղյակ պահի այդ մասին: Թե չէ այդ ամենը հիշեցնում է «Մաուգլի» մուլտֆիլմի այն հատվածը, երբ հերոսները Կաա վիշապի ականջին «կաթացնում են», որ կապիկները նրան անվանել են դեղին ձուկ և հողի որդ:
Վերջին հաշվով, Ադրբեջանցիները մեզ վրա են հարձակվել, և զոհերն էլ մեր զոհերն են, այսինքն` նրանք մեզ են վիարվորել: Իսկ նման դեպքերում ուրիշներին գանգատվելը հեչ սիրուն բան չի: Մենք, ի վերջո, կամ պատասխանում ենք, կամ «տակ ենք մնում»:
Ընդ որում, կարող եք չկասկածել, տակ չենք մնալու: Ու միակ «նստվածքը» մնալու է այն, որ արժանի հակահարված տալու փոխարեն ռուսներին «խաբար ենք տվել»:
ԼՂ հարցով ենթահանձնաժողովի հարցը` հունիսի 25-ին
Երեկ ասուլիսի ընթացքում «Մեդիամաքս» գործակալության թղթակցի հարցին` հավանական համարու՞մ եք, որ այս նստաշրջանում կվերստեղծվի ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն պատասխանեց.
«Ես վստահ չեմ, թե դա կլինի այս նստաշրջանում: Բայց ես` իբրև ԵԽԽՎ նախագահ հանդիպում եմ ունենալու երկու պատվիրակությունների ղեկավարների և գումարած` ամեն պատվիրակությունից մեկական անդամի հետ: Հետո ուրբաթ առավոտյան այս հանդիպման վերաբերյալ զեկուցելու եմ ԵԽԽՎ բյուրոյին: Այս հարցն օրակարգում է երկար ժամանակ, և ես պետք է լսեմ երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարներին: Եվ խնդրել եմ բյուրոյին որոշում չկայացնել` մինչև այդ հանդիպումը»:
Փոփոխություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարտիրոս Պետրոսյանը ուրբաթ օրը հրաժարական է տվել: Երեկ նույն պաշտոնում նշանակվել է ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Բուհում կարծիք կա, թե այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Սուվարյանը նպատակ ունի ԳԱԱ իսկական անդամ դառնալ և այսպիսով ցանկանում է ստանալ նոր պրոռեկտորի հոր` ԳԱԱ քարտուղար, ակադեմիկոս Վ. Լ Բարխուդարյանի աջակցությունը: Սուվարյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ կարծիքը` ասելով, որ 2006-ին ինքը ԳԱԱ թղթակից անդամ է դարձել` բացառապես իր վաստակի շնորհիվ:
Երեք հարսանիք
Հունիսի 19-ին «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի որդու հարսանիքը, որին ներկա է եղել Հայաստանի ողջ քաղաքական ու տնտեսական էլիտան և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ամերիկուհի հարսնացուն, ըստ ականատեսների, եվրոպական արտաքինով իսկական գեղեցկուհի է:
Նույն օրը «Կոնտինենտալ» ռեստորանում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի դստեր հարսանիքը, որի քավորը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է, իսկ փեսացուն` ՀՀԿ-ական Արման Սահակյանի աներորդին:
Եվ վերջապես, հաջորդ շաբաթ սպասվում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի միջնեկ դստեր հարսանիքը: Հանրային խորհրդի նախագահի փեսան սփյուռքահայ է:
Վերընտրվել է
Գորիսում հունիսի 20-ին անցկացվել են քաղաքապետի հերթական ընտրություններ: Նախնական տվյալներով, վերընտրվել է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Նելսոն Ոսկանյանը` հավաքելով 5264 ձայն:
Մյուս թեկնածուն` անկուսակցական, «Վարարակն» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Բուդաղյանը, ստացել է 3138 ձայն, իսկ 157 քվաթերթիկ համարվել է անվավեր:
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 54 տոկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել