Վուդրո Վիլսոն կենտրոնը ոտնահարեց նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու ամերիկյան արժանապատվությունը
Նրանք [թուրքերը] ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում: Նրանք երևակայում էին, որ [Փարիզի խաղաղության] վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու [իրենց] հրեշավոր կեղծիքները (ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, 26 հունիսի 1919թ., Փարիզ)
Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին: Եթե այս իրադարձությունը հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ` ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին:
Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն` անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը: Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին` Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով, «մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերին» (“The Wilson Center said in an e-mailed statement that the award is part of its fund-raising effort”):
Իհարկե Վուդրո Վիլսոն կենտրոնը իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն ու քաղաքական մոտեցումներն արժեվորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա: Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպե՞ս կարելի է մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը: Թուրքիան, տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը, ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը: Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
18 հունիսի 2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել