HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երիտասարդները երազանք են պահում և 3 անգամ պտտվում կաթսայի շուրջ

Արարատի մարզի Դիմիտրով գյուղը համարվում  է ասորական համայնք, սակայն վերջին տարիներին  գյուղում ասորիների թիվն աստիճանաբար նվազում է: 1200 բնակիչ ունեցող համայնքի միայն 30 տոկոսն է ասորի: Դիմիտրովի գյուղապետ, ազգությամբ ասորի Արման Իոնանովն ասաց, որ ասորիները մեծ թվով արտագաղթել են հատկապես 1980-ական թվականնների վերջերին: Նրանք հիմնականում տեղափոխվել են Ռուսաստան: Հայաստանի ասորիները ուղղափառ քրիստոնյաներ են: Դիմիտրովում է գտնվում 1840-ին կառուցված Սուրբ Կիրիլի եկեղեցին:  Գյուղում հենց եկեղեցին է համարվում ասորիների հիմնական հավաքատեղին եւ տոնակատարությունների կենտրոնը: Հայաստանում ապրող ասորիներն ավելի ակտիվ նշում են եկեղեցական տոները, որոնք կապված են սրբերի հետ, իսկ աշխարհիկ տոներ շատ քիչ ունեն: Դիմիտրովում է ապրում Երեւանի Պուշկինի անվան դպրոցի ասորական լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարիամ Ալավերդովան: Նա «Հետքին» պատմեց իրենց ազգային ավանդույթների ու տոնակատարությունների մասին: Նրա տատը հայ է եւ ասում են, որ ընտանիքը կիսով չափ հայկական է: Աշխարհիկ տոներից կարեւոր է հատկապես Նոր տարին: Ճիշտ է, նրանք հայերի հետ միասին տոնը նշում են դեկտեմբերի 31-ի գիշերը, բայց իրենց ազգային տոնը ապրիլի 1-ին է: Այն համարվում է տարվա սկիզբ, երբ բնությունը կանաչով է պատվում, իսկ գետերը լցվում են ջրերով: «Այդ օրը հիմնականում հավաքվում ենք եւ միասին ենք նշում: Տոնակատարությունը մեկտեղվում է ազգային երգ ու պարով ու ուտեստներով»,- ասում է Մարիամը: Ապրիլի 1-ը նշում են բոլոր երկրներում ապրող ասորիները: Շատերը նույնիսկ հատուկ այդ օրն են հարսանիքներն անում: Հունիսի 13-14-ին մեծ շուքով են նշում Մարես եկեղեցական տոնը, որը նվիրված է Սուրբ Զայային: Դմիտրովում  հատուկ տոնի համար պատրաստում է մրթուխա ուտեստը: Դա հալվայի նման է, որը պատրաստվում է կաթից, ալյուրից ու յուղից:  Մրթուխա պատրաստելու համար հունիսի 13-ի երեկոյան գյուղի բոլոր ասորիները հավաքվում են եկեղեցու բակում: Խարույկ են վառում եւ մեծ կաթսայի մեջ էլ բոլորով պատրաստում են մրթուխան: Երիտասարդները երազանք են պահում եւ 3 անգամ պտտվում են կաթսայի շուրջ ու այդ ընթացքում փայտե գթալով արագ-արագ խառնում են կրակի վրա եփվող մրթուխան: Ավանդույթի համաձայն, նորապսակ ամուսինները եթե ցանկանում են իրենց առաջնեկը տղա ծնվի, պետք է բոլորից գաղտնի առաջինն իրենք համտեսեն մարթուխան: Ասում են նաեւ, որ ուտեստը բուժիչ հատկություն ունի: Դա օգտակար է հատկապես կոկորդի հիվանդություն ունեցողների համար: Մինչ կրակի վրա կեփվի մրթուխան, ասորի կանայք լավաշ են թխում եկեղեցու բակում կառուցված թոնրատանը ու հունիսի 14-ի առավոտյան մրթուխան լավաշի մեջ փաթաթաց, որպես մատաղ բաժանվում է մարդկանց: Ում բաժին է հասնում մրթուխան, նա պետք է դրա համար վճարի: Գումարը սահմանված չէ եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչքան տա: Հավաքված գումարը հատկացվում է կարիքավոր ընտանիքներին: Եկեղեցական տոներից հաջորդը` Մարկ Կուրիակուսի տոնը, մեծ շուքով նշվում է հուլիսի 27-ին: Այդ օրը ասորիները երգ ու պարով խնջույք են անում եւ արեւածագին եկեղեցու բակում ցուլ են մորթում ու որպես մատաղ, միսը բաժանվում է ընտանիքներին: Իսկ յուրաքանչյուրի տանը գառ է մորթվում եւ կերուխում են անում: Տոնի առիթով միմյանց հյուր են գնում եւ այլն: Մարիամի ասելով, գյուղի երիտասարդներն ավելի շուտ են սկսում տոնակատարությունները եւ մոտ մեկ շաբաթ երգում ու պարում են: Մարիամը ազգապահպանության առաջին  պայմանը համարեց մայրենի լեզուն, որին մեծ ուշադրություն են դարձնում: «Ամերիկայում, Եվրոպայում ասորի երիտասարդներն արդեն չեն տիրապետում մայրենի լեզվին, Հայաստանում յուրաքանչյուր ասորի ընտանիքում խոսում են մայրենիով: Օրենքով մեզ դասաժամեր է հատկացված` դպրոցներում ասորերեն պարապելու համար: Երեւանի Պուշկինի անվան դպրոցում էլ ասորերեն դասաժամեր կան, բայց ասորական դասարանում հայ աշակերտներ են սովորում, ասորիներ չկան: Դասարանները ռուսական թեքումով են, բայց լեզու եւ գրականությունը դասավանդվում է ասորերեն լեզվով»,- պատմում է Մ. Ալավերդովան: Ասորական 1-4-րդ դասարնների համար երկու դասագիրք, այդ թվում ասորական այբբենարանը գրել է 85-ամյա Թաիսա Մուրադովան: Նա առաջիկայում տպագրության կհանձնի նաեւ երրորդ դասագիրքը: Թ. Մուրադովան միայնակ  էր ապրում, որդիները Ռուսաստանում են, իսկ  ինքը չի ցանկանում այնտեղ ապրել: Թ. Մուրադովան պատմեց, որ ասորական համայնքը Դիմիտրով գյուղի նախկին ալրաղացի շենքը 90 տարով վարձակալել է եւ պատրաստվում են այն վերածել ասորական մշակույթի կենտրոնի: Կառավարությունը խոստացել է հաջորդ տարի միջոցներ հատկացնել: Դիմիտրովում ասորիներն ունեն երգի պարի խմբակներ, որտեղ ընդգրկված են նաեւ հայ երեխաներ: Թաիսա Մուրադովայի ասելով, Երեւանում` Նալբանդյանի արձանի մոտ, առաջիկայում կկանգնեցվի ասորիների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող: Դիմիտրովում շատ են խառնամուսնությունները եւ այդ պատճառով դժվար է ասել նման ընտանիքները հայկական են, թե ասորական: Գյուղապետ Արման Իոնանովի կինը հայուհի է: «Խառն ամուսնության խնդիրը մեզ մոտ երբեք չի դրվել: Ինձ թվում է ասորիները միայն քրիստոնյաների հետ են ամուսնանում, քանի որ մուսուլման ասորիներ չկան: Ամեն դեպքում, վատ է, որ խառնամուսնություններ են լինում: Բայց մի կողմից էլ, եթե մայրը ասորի է ու նա ազգասեր է, ազգային գիտակցումը նրա մոտ բարձր է, իր մայր լեզուն չի մոռանա եւ հաստատ երեխան ընտանիքում ասորերեն կսովորի ու լեզուն չի մոռացվի»,- ասում է Մարիամը: Բացի լեզուն, ասորիների  համար ազգապահպանության գործում  մեծ դեր է կատարում եկեղեցին: Օրինակ, պսակադրությունները պարտադիր պետք է  եկեղեցում կատարվեն: Մ. Ալավերդովայի ներկայացմամբ, Դիմիտրովում տարբերություն չի դրվում հայկական եւ ասորական եկեղեցիների միջեւ, ասորիները հավասարաչափ այցելում են նաեւ հայկական եկեղեցի: «Ես հայկական եկեղեցում պատարագների եմ գնում, մոմ եմ վառում: Մեր գյուղի հայերն էլ գալիս են մեր եկեղեցի: Նույնիսկ մեր եկեղեցում հայերը մատաղ են անում»,- հավաստիացնում է Մարիամը: Անդրադառնալով տարածված այն կարծիքին, որ ասորի կանայք են ընտանիքները ղեկավարում, Մարիամն  ասաց, որ իրենց աղջիկներն ավելի  աշխույժ են, աշխատող, նախաձեռնող, քան տղամարդիկ. «Մեր գյուղի տղամարդիկ նստած նարդի, շախմատ են խաղում, իսկ կանայք աշխատում են: Միշտ էլ այդպես է եղել: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ հազար տղամարդու գործ  եմ անում»: Մարիամ նշեց, որ իրենք մի փոքր կռվարար են եւ ասածը հիմնավորեց Արզնիում ապրող ասորիների օրինակով, որտեղ մարդկանց կերակրում, խմացնեւմ են, հետո էլ ծեծում ու ճանապարհում: Մարիամը նշեց, որ ասորի կանայք ավելի տաքարյուն  են, պահանջկոտ, քան տղամարդիկ: «Համեմատած հայերին, ասորիները ազատ են հագուստի առումով, իրենց սրտի ուզածը կարող են հագնել: Ասորիները մտածելակերպով էլ ավելի ազատ են, բայց դեռ ետ են մնում եվրոպացիներից»,- ավելացրեց նա:  Անդրադառնալով Հայաստանից արտագաղթած ասորիներին, ասաց, որ  Ռուսաստանում են ապրողներից շատերը տարվա ընթացքում գալիս են Հայաստան: «Իրենք շատ են կարոտում Հայաստանը, որովհետեւ իրենց մեջ էլ հայկական ոգի կա: Շուտ-շուտ են գալիս, բայց քանի որ կյանքն այնտեղ աշխատանք ունեն` ետ են գնում: Հայաստանի գործազրկությունը խնդիր է ոչ միայն ասորիների համար, այլեւ հայերի»: Նա  ասում է, որ Հայաստանն միակ տեղն է, որտեղ ասորիները  կարողանում են իրենց ազգային ավանդույթները պահել: «Հայաստանում բաներ կա, որ դժգոհության առիթ է հանդիսանում, անկախ ազգությունից նեղանում ենք եւ այլն: Նույնիսկ կարող է մտածենք թողնել ու գնալ, բայց միեւնույն է, ինձ Հայաստանը ձգում է, ես ուրիշ տեղ չեմ կարող ապրել: Մենք Հայաստանում ավելի պաշտպանված ենք, քան դրսի մարդիկ, որ մի քիչ ավել գումար են աշխատում ու լավ են ապրում»,- ավելացրեց Մարիամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter