Պետական շա՞հ, թե՞ դատախազը չարաշահում է իր լիազորությունները
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունն այս տարվա մարտի 10-ին գրություն է ուղարկել «Երևանի ժամացույցի գործարան»: Հղում կատարելով «Դատախազության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ կետին` պահանջել է պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու նպատակով դատախազությանը տրամադրել տարածքում գտնվող և վարձակալական հիմունքներով տրամարդված կազմակերպությունների տվյալները և անունները:
«Երևանի ժամացույցի գործարանը» դատախազության պահանջը մերժել է` հիմնավորելով, որ «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ն համարվում է առևտրային կազմակերպություն, որը ներառված չէ «Դատախազության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում:
Նույն տեղեկությունները պահանջել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ԿԱ ՊԵԿ) Արաբկիրի 1 հարկային տեսչությունը: «Ժամացույցի գործարանը» տրամադրել է դրանք` նշելով, որ չի մերժում, քանի որ հարկային տեսչությունն այն պահանջելու իրավական հնարավորություն ունի: «Չնայած հարկայինը չի ասել, որ դատախազի համար է ուզել, բայց մենք գիտենք, որ իր համար է ուզել»,- ասում է «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանը «Հետքին» պատմեց, որ պատասխանից հետո Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գրիշա Միքայելյանը ցանկացել է հանդիպել իր հետ: Դատախազն ասել է, որ տարածքները վարձակալության տալուց գործարանը նոտարական կարգով չի վավերացնում, և նոտարական տուրքերը չվճարելը պետությանը վնաս է պատճառում: «Գործարքի` նոտարով վավերացնելը մասնավոր իրավունքի ոլորտ է, և դատախազն այստեղ չի կարող միջամտել: Եթե կողմերը չեն պահպանում այդ պահանջը և չեն վավերացնում գործարքը, դա նրանց ռիսկն է, որովհետև վաղը, եթե խնդիր ունենան, գործարքը կհամարվի անվավեր և կառաջանա անվավերության հետևանքների կիրառության անհրաժեշտություն»,- ասում է Արա Զոհրաբյանը և հավելում, որ այդ հարցերը մասնավոր իրավունքուվ լուծված են: Իսկ ընկերությունը բոլոր պայմանագրերով հարկերը մուծում է:
Բայց դատախազությունն այլ քայլ է նախաձեռնել. բոլոր վարձակալներին ասել է` ներկայանալ դատախազություն վարձակալական փաստաթղթերով: «Ես չեմ հասկանում դատախազի շատ հետաքրքրասիրությունը, որ, իհարկե, բարի նպատակներից չէ, որ ուզում է իմանալ: Եթե պետական մարմինը իր լիազորություններից դուրս ինչ-որ բաներ է ուզում կատարել, ընդ որում` վերահսկողական, իհարկե, ես այստեղ կոռուպցիայի հոտ եմ առնում, և այստեղ մենք ինկասացիոն գործունեություն չենք իրականացնում: Ես կարծում եմ, որ այդ անձը պետք է իր դատախազական լիազորությունների մեջ մնա,- նկատում է փաստաբանը և հարցնում,- դատախազությունն ի՞նչ գործ ունի կազմակերպության հաշվապահության հետ»:
«Ժամացույցի գործարանի» գլխավոր տնօրեն Նորայր Չրաղյանը մեզ տեղեկացրեց, որ գործարանի տարածքում մի քանի հաստատություններ կան` տպարան, փայտամշակման ցեխ, պահեստներ, և մի քանի այլ արտադրություններ: «Ժամացույցի գործարանն» այս պահին չի աշխատում: Արտադրական գործընթաց կազմակերպել չի կարողանում, քանի որ գործարանի հաստոցային բազան նախատեսված է հին մակնիշի զարթուցիչների և ժամացույցների պատրաստման համար, որոնք այսօր շուկայում հետաքրքիր չեն սպառողների համար: Գործարանը լուրջ ներդրումների կարիք ունի, ինչի հետ կապված կազմակերպության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարբեր ներդրողների հետ, իսկ ընկերությունն իր գոյությունը պահպանում է` տարածքները վարձակալության տալով:
Արա Զոհրաբյանը նշում է, որ դատախազության ակցիան` ուղղված կազմակերպության դեմ, հարվածում է նաև կազմակերպության ֆինանսական գրպանին, չնայած վարձակալության տրվող տարածքները մեծ տոկոս չեն կազմում: Երբ վարձակալներին փաստաթղթերով հրավիրում են դատախազություն, նրանք սկսում են վախենալ տարածքը վարձակալության տվող կազմակերպությունից: Իսկ դա խոչընդոտում է կազմակերպության զարգացմանը: «Երևի Կոտայքի մարզում ընդհունված է եղել, որ կազմակերպությունները պետք է ներկայանան դատախազին,-ասում է Արա Զոհրաբյանը` նկատի ունենալով այն փաստը, որ Գրիշա Միքայելյանը նախքան Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն գալը, եղել է Կոտայքի մարզի դատախազ: -Այս պահին մենք ցանկությունների հետ ենք պայքարում: Եթե մենք այդ ցանկությունների դեմը չառնենք, դրանք շատ արագ կվերածվեն գործողությունների: Հարկայինից ստացածը հավանաբար իր ուզածը չէ, այդ ինֆորմացիան առիթ էր, որ մեր հետ շփվի»,- կարծում է փաստաբանը:
Դատախազ Գրիշա Միքայելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց գործողություններն օրինական են, քանի որ խոսքը վերաբերում է պետական շահերի պաշտպանությանը, որը դատախազության ուղղակի պարտականությունն է`Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» օրենքով: Իսկ «Ժամացույցի գործարանի» պատճառաբանությունը` իրենց սուբյեկտիվ կարծիքն է: «Իրենք 43 կազմակերպության հետ վարձակալության պայմանագրեր են կապում, նոտարական գրանցում պետք է ստանան, որի համար պետք է կատարվի վճարում` պետտուրքի կարգով, և կադաստրի ծառայությունում պայմանագրերը պետք է գրանցում ստանան, 10 հազար դրամ էլ պետք է դրա համար վճարում կատարվեր»,- ասաց դատախազը: Ըստ դատախազի` վճարումները չեն կատարվել: Գրիշա Միքայելյանը խոստովանեց, որ իրենք են հանձնարարել թե' հարկային ծառայությանը, թե' ոստիկանությանը` այդ տեղեկատվությունը պահանջելու:
Գագիկ Միքայելյանը հաստատեց, որ իրենք իրավասու են այդ տեղեկությունները պահանջել, քանի որ կա պետական շահ. «Մենք տեսնում ենք պետությանը վճարվելիք գումար, որը պետք է վճարվեր»: Թե ինչքան է կազմում այդ գումարը, դատախազ Գրիշա Միքայելյանը չկարողացավ ասել. «Հարկայինը կհաշվարկի, մեզ կտա»:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի հիշատակած գործողությունները կանխելու խնդրանքով «Ժամացույցի գործարանի» ղեկավարությունը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությանը:
«Դատախազության մասին օրենքի» նախագծի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված է եղել նաև փաստաբան Արա Զոհարբյանը, և այդ ժամանակ այս կետը հիմնավորվել ու հենց նման դեպքերից խուսափելու համար է մտցվել, որ դատախազությունն իր լիազորությունները չչարաշահի: Փաստաբանը համոզված է, որ այս դեպքում դատախազն իր լիազորությունները չարաշահում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել