HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացին դատի է տվել ՋՕԸ-ին և ստացել 1.2 դրամի փոխհատուցում

Այս շոգ օրերին գյուղացու համար ամենաանհրաժեշտը ոռոգման ջուրն է: Հատկապես բանջարային մշակաբույսերը 2-3 օրը մեկ պետք է ջրվեն, հակառակ դեպքում` կչորանա տարվա բերքը: Արմավիրի մարզի մի քանի գյուղերում մարդիկ դժգոհում են, որ ոռոգման ջուրը ժամանակին չեն տալիս, իսկ որտեղ էլ ջուր կա` մարդիկ վճարունակ չեն: Բանն այն է, որ ամեն անգամ հողը ջրելուց գյուղացին պետք է կանխիկ վճարի ջրօգտագործողների ընկերությանը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում: Հավանաբար դա է պատճառը, որ Մարգարա գյուղի 400 հեկտար ոռոգելի հողատարածքից միայն 28 հեկտարի համար են գյուղացիները ՋՕԸ-ի հետ պայմանագիր կնքել: Շատ են նաեւ նախկին տարիներից չվճարված վարձավճարների գումարները: «Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) սպասարկում է Արմավիրի մարզի 17 գյուղական համայնք, որոնցից 4-ը կես-կես սպասարկվում են 2 ՋՕԸ-երի կողմից: Մարգարայի համայնքապետարանի շենքում ՋՕԸ-ի համար առանձնացված ցուցատախտակին մեծ տառերով հայտարարություն էր գրված, ըստ որի` ապօրինի ջրօգտագործման դեպքում դատական կարգով կգանձվի օգտագործված ոռոգման  ջրի  արժեքի 150 տոկոսը եւ 80 հազար դրամ` վարչական տուգանք: Իսկ, թե ինչ պատասխանատվություն կարող է կրել ՋՕԸ-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար` տող անգամ չկար գրված: «Հայտարարությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ՋՕԸ-ի հետ պայմանագիր չեն կնքում ու ջրագողություն են անում: Ուզում ենք նրանց հիշեցնել, որ նման պատասխանատվության կենթարկվեն: Ինչ վերաբերում է մեր պատասխանատվությանը, ապա գյուղացու հետ կնքած պայմանագրում գրված է այդ մասին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Մերձափնյա» ՋՕԸ-ի տնօրեն Արշավիր Հայրապետյանը: Հետաքրքրվեցինք, թե քանի «ջրագող» գյուղացի է ենթարկվել պատասխանատվության: Պարզվում է պատժվողներն այնքան էլ շատ չեն. անցած տարի ընդամենը մեկ անձ է արձանագրվել եւ տուգանվել Ջրային պետական կոմիտեի տեսչական ծառայության կողմից: «Մերձափնյա» ՋՕԸ-ի պատմության մեջ կա մեկ դատական գործ, երբ գյուղացին է դատի տվել ՋՕԸ-ին` պայմանագրային պարտավորությունները խախտելու եւ ժամանակին ջրամատակարարում չիրականացնելու համար: Բամբակաշատ գյուղի բնակիչ Լյովա Գրիգորյանն անցած տարի, դիմելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ՋՕԸ-ից պահանջել է փոխհատուցել իր կրած ամբողջ վնասը` 1 միլիոն 200 հազար դրամը: Նա սոխ է ցանել ու ջուր չլինելու պատճառով հողից բերք չի ստացել: Դատարանը բավարարել է գյուղացու պահանջը եւ ՋՕԸ-ն այս տարի մարել է ամբողջ գումարը: Ա. Հայրապետյանը 7 ամիս է, ինչ տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Ըստ նրա` փորձում է հայտարարություններով «նորամուծություններ» անել եւ գյուղացիներին տեղեկատվություն տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter