HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Անգելա Մերկելի հետ

Պաշտոնական  այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ համագործակցության բազմակողմ ձեւաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր: ՀՀ  նախագահը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը եւ հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում: Կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում: Խոսվել  է նաեւ Գերմանիայի կառավարության  կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մասին: ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, եւ որ այդ ծրագրերը էական նշանակություն ունեն մեր տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով: Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ՀՀ նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու եւ բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով: Կողմերը կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու  անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը  եւ կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատեւ ասուլիսով: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter