Քրեական գործ` «Բարվոք-Շին» ՍՊԸ-ի սնանկության առթիվ
Հարուցվել է քրեական գործ` «Բարվոք-Շին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրականացված կանխամտածված սնանկության դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Բարվոք-Շին» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ:
Մասնավորապես` 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ԱԱՀ-ի մասով հաշվարկված 8 928 300 դրամ հարկային պարտավորությունը պետբյուջե չվճարելու նպատակով 2009թ. հուլիսի 18-ին ընկերության դրամարկղից առանց հիմնավորման ելքագրել եւ ստացել է 14 000 000 դրամ գումար` այդկերպ չկատարելով ինչպես վերոհիշյալ, այնպես էլ հետագայում հաշվարկված 39 655 400 դրամ հարկային պարտավորությունները:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել