HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գլխավոր դատախազությունը հակասո՞ւմ է ինքն իրեն

Իսկ ՀՀ ոստիկանությունն անգործությո՞ւն է դրսեւորում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրվել են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները («Հանրապետության նախագահին ներկայացվել է հուշարձանների պահպանության վիճակը», 18.05.2006 թ.): Հրապարակման մեջ նշված է, որ դատախազությունը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները միտումնավոր կերպով չկատարելու հետևանքով ավելի քան 4 տարի Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ և պահպանական գոտիներ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է պատմամշակութային հուշարձանի տարածքն իր գործառնական նշանակությանը չհամապատասխանող գործունեության նպատակով վարձակալության տրամադրելու փաստ: Անտեսվել է օրենսդրության պահանջն այն մասին, որ հուշարձանի օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվտանգությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը: ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքի խախտումներ է հայտնաբերել նաեւ մարզերում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովելու համայնքի տարածքում հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը: Այս պահանջը Նորատուս, Լճաշեն, Գավառ, Ծովակ, Սոդք համայնքների ղեկավարների կողմից չի կատարվել և անհատ անձանց ու կազմակերպությունների հողատարածքներ է հատկացվել հուշարձանների պահպանության գոտիներից, առանց լիազորված մարմնի թույլտվության: Այդ հողամասերում կատարված շինարարական աշխատանքները անդառնալի վնաս են պատճառել պատմության և մշակույթի հուշարձաններին: Ավելին` նույնիսկ արձանագրվել են դատարանների կողմից վերը նշված օրենսդրության պահանջների խախտմամբ ուղեկցվող դատական ակտեր կայացնելու դեպքեր: Դատախազության կայքում նշված է. «Հուշարձանների պահպանության և օգտագործման մարզային ծառայություններն իրենց վերապահված գործառույթներն իրականացնում են փոքրաթիվ հաստիքային աշխատողներով, որոնք համարվում են հուշարձանների պահապաններ: Հիշյալ ծառայությունները, որպես կանոն, խիստ հազվադեպ են ժամանակին արձագանքում վերը նշված բնույթի իրավախախտումներին, իսկ առանձին դեպքերում իրենք են կատարում իրավախախտումներ»: Դատախազության պաշտոնական կայքի համաձայն` արձանագրված իրավախախտումների առնչությամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ, հարուցվել են հայցեր և այլն, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: Նշված չէ, թե ինչ քրեական գործեր են, ում է մեղադրանք առաջադրվել եւ ինչ պատիժներ են կրել պատասխանատուները: Այս խնդրով մտահոգվել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Շահերի պաշտպանության եւ աջակցության ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը, ով 10.11.2009 թվականին գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություն, թե ինչպիսի՞ հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել, ո՞ւմ նկատմամբ եւ ի՞նչ լուծում են ստացել: Մասնավորապես, ելնելով նրանից, որ ՀՀ գլխավոր դատախազությունը արդեն իսկ բացահայտել է Երեւանի քաղաքապետի կողմից կատարված հանցագործությունը, խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել Երեւանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան ժամանակահատվածներում զբաղեցրած անձինք»: Ի պատասխան Սոնա Այվազյանի  հարցման` ՀՀ դատախազության աշխատակազմի  կազմակերպական-մեթոդական եւ հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ուղարկել է պետական շահերի պաշտպանության վարչության մի անստորագիր տեղեկանք, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի եւ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու հարցին, ապա հայտնում ենք, որ նրանց գործողությունները, ՀՀ քրեական օրենսգրքի` Ձեր գրության մեջ նշված հոդվածների հանցակազմերի հատկանիշներ չեն պարունակել, այդ իսկ պատճառով քրեական գործեր չեն հարուցվել»: Տեղեկանքում չկա  որեւէ տեղեկություն այն մասին, թե բացի Սոնա Այվազյանի նշած հոդվածներից որեւէ այլ հոդվածով Երեւանի քաղաքապետի եւ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները հանցակազմի հատկանիշներ պարունակե՞լ են, թե՞ ոչ: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նախ տեղեկություն է հրապարակում, թե հարուցվել են քրեական գործեր, ապա անստորագիր տեղեկանքով հերքում ինքն իրեն: Այս հակասությունը  պարզելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին` խնդրելով նաեւ տեղեկություններ տրամադրել հարուցված քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ հիշատակվում է դատախազության կայքում: Մեր գրավոր հարցման պատասխանը հոդվածի հրապարակման պահին չէինք ստացել: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, հիմնվելով  դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքների վրա, ապրիլի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին: Սակայն ոստիկանապետին ուղղված հաղորդման պատասխանը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սմբատ Մելիքջանյանից, որտեղ նշված է եղել. «ՀՀ ոստիկանապետին հասցեագրված Ձեր հաղորդումը թողնվել է անհետեւանք` այդ մասին ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպական-մեթոդական եւ հանրային կապերի վարչության պետի տված պատճառաբանությամբ»: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին բողոք էր ներկայացրել` ընդդեմ ՀՀ ոստիկանության անգործության: Բողոքաբերը նշել էր, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի` հանցագործության մասին հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում իրավասու պետական մարմինը (տվյալ դեպքում` ՀՀ ոստիկանությունը) պարտավոր է ընդունել քրեական գործ հարուցելու կամ մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում: «Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը որեւէ որոշում չի ընդունել հաղորդման հիմքով` այսպիսով դրսեւորելով բացահայտ անգործություն»,- նշված է բողոքում: Հունիսի 17-ին կայացած դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բողոքը համարել հիմնավոր եւ պարտավորեցրեց ՀՀ ոստիկանությանը կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված գործողություններից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter