Պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել
«Ինձ համար մի բան է հստակ` անկախ ամեն ինչից, իմ տարիների կուտակված փորձն ու գիտելիքները հնարավորինս օգտագործեմ մեր երկրի հզորացման ու բարգավաճման գործին: Ինձ համար պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել:

Կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել հանրապետության նախագահ պրն Ս. Սարգսյանին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար, հանրապետության վարչապետ պրն Տ. Սարգսյանին և կառավարության իմ բոլոր գործընկերներին համագործակցության և մարդկային հարգալից հարաբերությունների համար»,- «Առավոտի» հետ հարցազրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանը:
Հեռուստադաշտը վերաձևում են
Մինչ կհայտարարվի կապուղիների մրցույթը` հեռուսատաընկերությունների վերաբաշխման գործընթացը ակտիվորեն շարունակվում է: Թերթի տեղեկություններով` հերթը հասել է «Շանթ» հեռուստաընկերությանը: Ըստ թերթի աղբյուրների` «Շանթի» բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատեր, Գերմանիայում բնակվող իրանահայ գործարար Արմեն Մինասը (մյուս 50 տոկոսը պատկանում է Արթուր Եզեկյանին) պատրաստվում է վաճառել իր բաժնեմասը, ու այն շատ շուտով ձեռք կբերի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` գործարար Սամվել Կարապետյանը (Տաշիրի Սամո):
Թերթին հասած տեղեկություններով` Մինասն այդ քայլին է գնում Արթուր Եզեկյանից դժգոհ լինելու պատճառով: Մասնավորապես` իրանահայ բիզնեսմենը լուրջ կասկածներ է ունեցել հատկապես եկամուտներն արդար բաշխելու առումով, կարճ ասած` կասկածել է, թե իրեն «քցում են»:
Իսկ Արթուր Եզեկյանն այս ընթացքում գնել է ու ճոխ վերանորոգել հեռուստաընկերության առաջին հարկը` ձևափոխելով բնակարանի:
Դիվանագիտական ապտակ Նալբանդյանին
Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն գնահատականը, թե ադրբեջանցիների վերջին հարձակումը սադրանք էր, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»:
«ՉԻ» - Փաստորեն, Փիթեր Սեմնեբին Էդուարդ Նալբանդյանին ասել է` «մտածի´ր, նոր խոսա»: Սա, նկատենք, բացահայտ վիրավորանք է Հայաստանի նկատմամբ, ավելին` միջազգային դիվանագիտական պրակտիկայում նման արտահայտություններ խիստ հազվադեպ են օգտագործվում:
Այս ամենը խիստ տարօրինակ է նաև այն իմաստով, որ փաստորեն Էդուարդ Նալբանդյանը «հազարից մեկ»ճիշտ բան էր ասել` Չայլուի միջադեպն իսկապես սադրանք էր, և ավելի հարմար բնորոշում հնարավոր չէր գտնել:
Չնայած, մյուս կողմից էլ` չարժե զարմանալ Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ նման բացառիկ անհարգալից վերաբերմունքի համար: Վերջին հաշվով, թշեր քաշքշելը նույնպես դիվանագիտական պրակտիկայում խիստ հազվադեպ կիրառվող «գործառույթ» է:
Կբողոքարկեն
«ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անազատության մեջ մնալու ժամկետի հաշվարկի վերաբերյալ որոշումը, որը դեռևս անցած ամսի 25-ին կայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը, բողոքարկվելու է:
Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է քաղբանտարկյալի պաշտպան Լուսինե Սահակյանը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ պետք է պահվի 2009-ի հուլիսի 1-ից հաշված` 3 տարի 10 ամիս 29 օր: Այս որոշման ապօրինի լինելը հաստատել է նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին հասցեագրված իր միջնորդությամբ, որը, սակայն, մերժվել է:
«Սա այն եզակի դեպքերից է, երբ դատախազությունը փորձում է վերացնել ապօրինի որոշումը, և հուսանք, որ հետևողական կլինի այս հարցում»,- ասել է Սահակյանը:
Ո՞վ կբարձրանա ՀՀՇ-ի երիվարը
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀՇ համագումարը, որն ըստ կանխատեսումների, խոստանում է սկանդալային լինել, կայանալու է հուլիսի 17-ին, կառավարության նիստերի դահլիճում:
Սկանդալայինը չգիտենք, բայց որ այս համագումարն իսկապես կարող է ՀՀՇ-ի համար նշանակել մինչև այժմ անցած ճանապարհի վերջ և ինչ-որ նոր բանի սկիզբ, սա` հաստատ: Իսկ թե այդ նորը կլինի՞ իսկապես նոր, սա արդեն կերևա վարչության ղեկավարության նոր կազմից: Կամ էլ, ինչ իմանաս, գուցե հները` հրաժարական տվածները, նորից ձիու վրա բարձրանան:
Որքան հնարավոր է շուտ
Կիրո Մանոյանի կարծիքով` «Այսօր առավել մոտ ենք ու առավել մեծ է անհրաժեշտությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես և ուղղակիորեն դառնա բանակցությունների լիիրավ կողմ:
1994-ի մայիսին ԼՂՀ-ն է ստորագրել զինադադարի պայմանագիրը, հետևաբար` հենց Արցախն է հակամարտության իրական կողմը ու առանց իր մասնակցության չի կարող հակամարտությանը ընդունելի լուծում գտնվել: Անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ դառնա որքան կարելի է շուտ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել