Զարուհի Փոստանջյանի հունիսի 22-ի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
Հանրությանն ու ԶԼՄ-ներին է ներկայացվում ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հունիսի 22-ի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում`«Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» զեկույցի վերաբերյալ (ոչ պաշտոնական թարգմանություն):
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել զեկուցողին այս փաստաթուղթը խմբագրելու համար:
Մասնավորապես` կուզենայի ընդգծել արժեքավոր այն մոտեցումը, որը Կոսովոյի դեպքում Վեհաժողովի ուշադրությունը սևեռում է ոչ թե կարգավիճակի, այլ ստանդարտների վրա: Մեջբերեմ Բանաձևի նախագծի չորրորդ կետը, որը պարունակում է այս կարևոր սկզբունքը.
«Խորհրդարանական Վեհաժողովը համոզված է, որ առկա հանգամանքներում իր ուշադրությունը Կոսովոյի դեպքում պետք է սևեռված լինի ոչ թե կարգավիճակի, այլ ստանդարտների վրա: Մասնավորապես, այն հավատում է, որ անկախ կարգավիճակից, Կոսովոն պետք է բոլոր այնտեղ ապրողների համար լինի ապահով տարածք, ինչպես նաև մի տեղ, ուր լիովին կյանքի են կոչված ժողովրդավարության ստանդարտները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքներն այն նույն մակարդակով, որ ընդունվում է Եվրոպայի Խորհրդի կողմից»:
Հուսով եմ մոտակա ապագայում վերոհիշյալ սկզբունքը կընդունվի մեկ այլ պետության հանդեպ ևս, որը նույնպես սահմանակից է Եվրոպայի Խորհրդի պետություններին:
Խոսքը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մասին է: Մի հանրապետություն, որը ստեղծվել է մինչև Խորհրդային Միության փլուզումը՝ սովետական Ադրբեջանի հարձակման ընթացքում, համաձայն պետականություն հայտարարելու բոլոր պահանջվող չափանիշների, այսինքն՝ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի, միջազգային սովորութային իրավունքի, ինչպես նաև առաջնորդվելով 1991 թ. գործող խորհրդային օրենսդրությամբ:
Բանաձևի նախագիծը նաև հռչակում է, ես մեջբերում եմ. «Եվրոպայի Խորհուրդը պետք է ձգտի բարձրացնել Կոսովոյի ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի նորմերի դաշտում գործող ստանդարտները, որպեսզի նրա բնակիչները կարողանան վայելել Եվրոպայի Խորհրդի համար ընդունելի իրավունքների համապատասխան մակարդակը՝ անկախ Կոսովոյի կարգավիճակից»:
Այս մոտեցումը անհրաժեշտ է նաև կիրառել Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի երկակի ստանդարտների կիրառումը:
Եվրոպայի Խորհուրդը պետք է ձևակերպի հստակ խնդիր ոչ միայն Կոսովոյի համար, այլև Լեռնային Ղարաբաղի: Եվ այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի համար կարող է ծառայել որպես մոտավոր ճանապարհային քարտեզ:
Կարծում եմ’ Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական ձեռքբերումը պետք է լինի ժողովրդավարական պետությանը պատկանելու զգացողությունը: Պետք է նաև նշել, որ Կոսովոյի դեպքում փաստաթուղթը հայտարարում է, որ չկա վստահություն քաղաքական համակարգի և տնտեսական զարգացման հեռանկարների հանդեպ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի դեպքում անտարակույս կարող եմ ասել, որ քաղաքական համակարգի հանդեպ վստահություն կա: Այս փաստի ապացույցն է Լեռնային Ղարաբաղում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել էին դիտորդների գովասանքին՝ ներառյալ արևմտյան պետություններից հրավիրված դիտորդների: Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի պաշտոնավարումը ավարտող նախագահը հրավիրել էր ԵԽԽՎ-ին ընտրությանն իրականացնել դիտորդական առաքելություն՝ հենվելով իր մանդատի վրա: Սակայն, ցուցաբերելով երկակի ստանդարտներ, ԵԽԽՎ-ն, ցավոք, հրաժարվեց ընդունել հրավերը:
Չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում շուրջ քսանամյա անկախությունը, Արցախը կանոնավոր կերպով անցկացնում է բազմակարծիք և ժողովրդավարական նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկրի Սահմանադրությունն ընդունվել է 2006 թ. հանրաքվեի ժամանակ: ԼՂՀ-ն հետևողականորեն իրականացնում է տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ու հարգանքի վրա հենված քաղաքականություն: Արցախի ընդհանուր ազգային և սոցիալական իրավական համակարգը համապատասխանեցրած է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային:
Ես կոչ եմ անում Վեհաժողովին Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերել այն նույն մոտեցումը, որն ինքը ցուցաբերել է Կոսովոյի դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել