
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը Ազգային ժողովը քվեարկելու է վաղը: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Երբ պատգամավորը դուրս եկավ ԱԺ-ից, ցուցարարները մոտեցան նրան:
«Իրենք զիջեցին էդ դպրոցների քանակը, որոնցից 2-ը` Դիլիջանում ու Ջերմուկում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցումը կգնա 7-րդ դասարանից օտար լեզվով: Զիջեցին, որ 9 դպրոց միայն կլինի մարզերում պայմանագրերով միայն: Երևանում չի լինի: Ոչ ոք հիմա պայմանագիր չի կնքում իհարկե: Էդտեղ կլինի ավագ դպրոցից, այսինքն` 9-րդ դասարանից: Բայց մենք պահանջեցինք, որ լեզվի մասին օրենքում այն «բացառությունը» պիտի հանեն: Եթե դա հանեն, մենք նոր կարող ենք քննարկել: Իրենք դա դեռ չեն ընդունում»,- ցուցարարներին ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ վաղը` առաջին ընթերցման ժամանակ, ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու: «Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց, որ առաջին ընթերցումով եթե անցնի էլ, հետո լինելու են լսումներ, ու իրենք նոր փոփոխություններ են բերելու: Հիմա էսքանին ենք կարողացել հասնել ու ամեն ինչ էլ կանենք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նրա գնահատականով` գործող օրենքները բացարձակապես չեն խանգարում, որ Հայաստանում լինի լեզուների խորացված ուսուցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել