Սեյրան Օհանյանն իր գերմանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Ավարտվել է պաշտպանության նախարար սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա, որը տեղի էր ունեցել Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով:
Այցի ընթացքում Ս. Օհանյանը եղել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցում, հանդիպել Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:
Բոննում` Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել Ս. Օհանյանի և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը շեշտել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը:
Կարևորելով այն փաստը, որ երկու երկրներն էլ միացել են Աֆղանստանում համատեղ առաքելությանը, կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Երկու գերատեսչությունների միջև համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, ռազմաբժշկությունը, ռազմական արդարադատությունը, ռազմական կառավարումը, խաղաղապահ և հրամանատարական կարողությունների զարգացումը:
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սպառազինությունների վերահսկման ոլորտի առկա խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի` Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին: Կարևորվել է այս ոլորտներում համագործակցության զարգացումը:
Գերմերշայմում ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար դոկտոր Կառլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի ուղեկցությամբ Ս. Օհանյանն այցելել է Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ-Բարրաքս վարժական կենտրոն, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը նախատեղակայման վարժանք է անցնում Աֆղանստան խաղաղարար առաքելության մեկնելուց առաջ: Նախարար Օհանյանը հետևել է հայ և գերմանացի զինծառայողների վարժանքներին: Հայկական զորախմբի հետ հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը խոսել է միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կարևորության մասին, հայ խաղաղապահների հետ քննարկել է նրանց ծառայության պայմանները:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում երկու պետությունների պաշտպանության նախարարները ներկայացրել են այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ իրենց տպավորությունները, խոսել են վարժարանի պայմանների բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումների մասին: Սեյրան Օհանյանը ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար զու Գութենբերգին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել